13:55 | 13.10.22 | Նորություններ | 2574

Digitain-ը եւ Newmag-ը սկսում են նոր Smart մատենաշար՝ նվիրված ՏՏ ոլորտին

Հոկտեմբերի 10-ին կայացել է PayPal ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր եւ վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիլի բեսթսելլերի՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Սա տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված, նոր Smart մատենաշարի առաջին գիրքն է, որի թարգմանությունն իրականացվել է Դիջիթեյնի եւ Newmag-ի համագործակցության արդյունքում։

Փիթեր Թիլն իր գրքում մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլեւս մրցակցության մեջ չեն մտնի որեւէ մեկի հետ։ Անհավասար եւ անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք կստեղծեն եզակի արժեք եւ երկարաժամկետ հեռանկարում ամենալայն եւ համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։


Ըստ հեղինակի՝ հաջողության բանաձեւ չկա․ պետք է ձգտել լինել եզակի եւ ստեղծել մի կազմակերպություն, որն այնքան է տարբերվում մյուսներից, որ նույնիսկ դուրս է մրցակցությունից։

Գրքի շնորհանդեսին նախորդել է «Մեկից զրո. ինչո՞ւ է տապալվում ստարտափը» խորագրով պանելային քննարկումը՝ հայ ստարտափային գուրուներից մի քանիսի մասնակցությամբ։

Պանելային քննարկման վարող, Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի հարցին, թե որոնք են ստարտափի տապալումը բնութագրող ամենատարածված հատկանիշները, SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը նշել է, որ դա ամենեւին գումարը չէ։

Մանե Վարոսյանը Մանե Վարոսյանը


Digitain ընկերության M1TQ աքսելերացիոն ծրագրի ղեկավար Մանե Վարոսյանը հավելել է, որ ստարտափների ամենաբեկումնային խնդիրներից մեկն իրենց գաղափարին սիրահարվելն է՝ պատշաճ կերպով չուսումնասիրելով շուկան, գաղափարի պահանջարկն ու հետագա ռիսկերը, ինչպես նաեւ բավարար ճկուն ու ադապտացվող չլինելը։

BANA-ի նախագահ ու Formula VC ընկերության համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ եթե ստարտափը տապալումից սովորում է եւ հետագայում այն կիրառում ավելի լավ արդյունքներ ստանալու համար, ապա այս պարագայում դա տապալում չէ, այլ՝ դաս։


Prelaunch եւ TCF ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանն առանձնացրել է երկու կարեւոր խորհուրդ ստարտափ ոլորտում հաջողության հասնելու համար․ ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք ձեզ լրացնում են եւ ուշադրություն դարձնել այն շուկայի մեծությանն ու հնարավորություններին, որտեղ գործում եք։

Միջոցառմանը ներկա էին նաեւ Դիջիթեյն ընկերության M1TQ աքսելերացիոն ծրագրի մասնակիցներ եւ ստարտափ համահիմնադիրներ Գագիկ Թամազյանն ու Երվանդ Տերտերյանը, ովքեր մինչ գրքի հրատարակվելն արդեն ընթերցել էին այն եւ կիսվել են  իրենց կարծիքներով։  Նրանք երկուսն էլ խորհուրդ են տալիս կարդալ գիրքը՝ դիտարկելով այն ոչ թե որպես աշխատանքային, այլ ոգեշնչող եւ ուսուցանող ձեռնարկ, որը դրդում է մտածել, թե դուք ինչով կարող եք փոխել աշխարհը՝ ստեղծելով յուրօրինակ արժեք։

Անի Մկրտչյանը Անի Մկրտչյանը


«Դիջիթեյնի ռազմավարական նպատակների հետ ուղիղ համեմատական է Newmag-ի հետ համագործակցության այս նոր շրջանակը։ Մենք Հայաստանում ոչ միայն ամենամեծ ՏՏ ընկերություններից ենք, այլեւ մեր նպատակն է նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Սա մեզ համար կարեւոր ռազմավարական հենասյուն է, եւ հավատացած ենք, որ այսպիսի գրքերի թարգմանությանը աջակցելով՝ կօգնենք, որպեսզի Հայաստանում շատանան ստարտափ ընկերությունները, քիչ ձախողեն եւ համաշխարհային մակարդակով մեծ հաջողությունների հասնեն․ երկարաժամկետ եւ կայուն արժեք ենք ստեղծում երկրի համար»,- ասել է Դիջիթեյն ընկերության ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անի Մկրտչյանը։

Դիջիթեյնի եւ Newmag-ի համագործակցությամբ Smart մատենաշարի շրջանակում լույս կտեսնեն նոր գրքեր։