10:31 | 06.10.22 | Նորություններ | 1669

    2022-ին հարկային արտոնություն է ստացել 1039 ստարտափ

    Սեպտեմբերի 26-ի տվյալներով, ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն:

    Ստարտափների զարգացմանն ուղղված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում նորաստեղծ կազմակերպություններին վճարել ընդամենը 10% եկամտահարկ եւ ազատվել շահութահարկից։

    ԲՏԱ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականն աննախադեպ է դիմումների եւ տրամադրվող հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն, ապա միայն 2022թ.՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, հավաստագրված ընկերությունների թիվը 1039 է, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություն է։ 195 կազմակերպություն էլ հավաստագիր ստանալու դիմում է ներկայացրել, որոնց հայտերը կքննարկվեն առաջիկա նիստերում։

    Հարկային արտոնություն ստանալու համար դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում Օրենքով սահմանված հետեւյալ ուղղություններով՝

    •    ծրագրային ապահովման մշակում,
    •    տվյալների մշակում,
    •    տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում,
    •    էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում եւ արտադրություն,
    •    համակարգչային անիմացիա եւ մոդելավորում,
    •    Web ծրագրավորում,
    •    ինժեներիա,
    •    ինտեգրալային սխեմաների նախագծում,
    •    չիպերի ծրագրավորում,
    •    խաղերի ստեղծում,
    •    3D մոդելավորում եւ այլն: