12:10 | 25.07.22 | Նորություններ | 1633
Google-ն աշխատանքից ազատել է Բլեյք Լեմոյնին, որն ասել է, որ արհեստական բանականության մեջ գիտակցության նշաններ է հայտնաբերել։
Հունիսին Բլեյք Լեմոյնն արդեն իսկ հեռացվել էր աշխատանքից, բայց չնայած դրան, նա շարունակում էր խախտել տվյալների անվտանգության քաղաքականությունը, ասել է ընկերությունը։
Աշխատանքից ազատվելու մասին հայտարարել է ինքը՝ Բլեյք Լեմոյնը, Big Technology-ի փոդքասթում, որի էպիզոդը դեռեւս չի հրապարակվել:
Google-ը հաստատել է Լեմոյնի հեռացումը։ Ընկերությունը հայտնել է, որ ուսումնասիրել է նախկին աշխատակցի պնդումներն արհեստական ինտելեկտի մոտ գիտակցության նշանների մասին եւ եզրակացրել, որ դրանք «ամբողջովին չհիմնավորված են»:
«Ցավալի է, որ չնայած այս թեմայի շուրջ երկար քննարկումներին, Բլեյքը շարունակել է համառորեն խախտել տվյալների անվտանգության հստակ քաղաքականությունը, որը ներառում է արտադրանքի մասին տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը», - ասվում է Google-ի հայտարարության մեջ:
Google-ը 2021 թվականին հրապարակավ ներկայացրել է LaMDA-ն (Language Model for Dialogue Applications)՝ արհեստական ինտելեկտի համակարգ, որը նմանակում է խոսքը՝ վերլուծելով ինտերնետից տրիլիոնավոր արտահայտություններ: Բլեյք Լեմոյնը դրա հետ աշխատում է 2021 թվականի աշնանից՝ ստուգելու, թե արդյոք AI-ն օգտագործում է խտրական կամ բռնություն քարոզող արտահայտություններ:
2022 թվականի գարնանը նա «Արդյոք LaMDA խելացի է» վերնագրով զեկույց է ուղարկել Google-ի ղեկավարներին։ AI-ի հետ նրա զրույցներից հետո նա պնդել է, որ կրոնի եւ հավատքի մասին խոսելիս համակարգը խոսում է իր իրավունքների եւ անձի մասին, ինչն էլ ստիպել է նրան եզրակացնել, որ համակարգը գիտակցություն ունի։ Բայց ղեկավարությունը գիտակցության նշաններ չի հայտնաբերել եւ հունիսին Լեմոյնին հեռացրել են աշխատանքից՝ գաղտնիությունը խախտելու համար։