11:14 | 25.07.22 | Նորություններ | 1323
Կայացել է արդեն ավանդույթ դարձած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, եւ Ռոստելեկոմը հերթական անգամ մրցույթի գլխավոր հովանավորն էր։
Նպատակն է զարգացնել աշակերտների տրամաբանական, ճարտարագիտական ունակությունները՝ ստեղծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն եւ խթանելով աշակերտների ստեղծարարությունը։
Մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը: Այս տարի մրցույթի մասնակից թիմերի թիվը կրկնապատկվել է՝ 8-19 տարեկան աշակերտներից կազմված 16 թիմ։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին մասնակցում էին երեխաներ Երեւանից եւ ՀՀ այլ մարզերից՝ Շիրակ, Կոտայք, Սյունիք։
Ռոստելեկոմն արդեն 5-րդ տարին է հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաեւ մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը. ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից։
Այս տարի գարնանը Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում, իսկ վերջերս ընկերությունը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման արդեն 2-րդ լաբորատորիան, այս անգամ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում։
Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) արդեն հասցրել են գրանցել իրենց առաջին եւ լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Թիմը նաեւ արժանապատիվ հանդես է եկել ՌՀՕ ազգային փուլում՝ գրավելով 3-րդ տեղը իրենց տարիքային խմբում։
«Մենք մշտապես մեր աջակցությունն ենք ցուցաբերում ռոբոտաշինության զարգացմանը միտված միջոցառումներին՝ կարեւորելով կրթության այս ուղղությունը։ ՌՀՕ-ն լեգո կրթության մեծ իրադարձություն է, կարելի է ասել, տոն, որն իր շուրջն է համախմբում ռոբոտաշինությամբ հետաքրքրված մեծ թվով աշակերտների, մարզիչների ու կազմակերպությունների։ Մրցույթը աշակերտներին հիանալի հնարավորություն է ընձեռում՝ ցուցադրելու, կիրառելու եւ միմյանց փոխանցելու տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ ստեղծելով նորը բացահայտելու մեծ ներուժ եւ մոտիվացիա։ Այս ամենի շնորհիվ ապագայում մենք վստահաբար կունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան` բարձր պահելով երկրի պատիվը նաեւ միջազգային հարթակներում»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվել է «Գիտտուն 1» թիմը Կապանից, Կրտսեր տարիքային խմբում հաղթել է «Best Trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր «Ֆիզմաթ» թիմը։ Հաղթող թիմերը ստացել են ուղեգրեր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։