17:59 | 19.07.22 | Հոդվածներ | exclusive 3613

Ուղեցույց, որը կօգնի երեխաներին համացանցում ավելի պաշտպանված լինել

Երեխաները համացանցում բախվում են բազմաթիվ ռիսկերի ու մարտահրավերների։ Անձնական տվյալների գաղտնիություն, կեղծ լուրեր, բռնության եւ ոչ պատշաճ բովանդակություն պարունակող նյութեր, սեռական ոտնձգության փորձեր եւ բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ամեն օր սպառնում են օգտատերերին:  

Հայաստանի օպերատորների միությունն այս խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում եւ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համատեղ իրականացնում երեխաների առցանց անվտանգությանն ուղղված մի շարք ծրագրեր:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն iTel.am-ին պատմել է երեխաների առցանց անվտանգությանը սպառնող վտանգների, դրանցից խուսափելու կրթական ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։  

Մարտահրավերներ, որոնց բախվում են երեխաներն առցանց տիրույթում

Աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է եւ այն   անսահմանորեն հարուստ ռեսուրս է երեխաների համար: Հնարավորությունները շատ են ինչպես սովորելու, այնպես էլ ընկերների, ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար: Այս ամենի հետ մեկտեղ այն դարձել է շատ վտանգավոր:

Երեխաները բախվում են առցանց բազմաթիվ ռիսկերի եւ մարտահրավերների, ինչպիսիք են` անձնական տվյալների գաղտնիությունը, կեղծ լուրերը, բռնության եւ ոչ պատշաճ բովանդակություն պարունակող նյութերը, սեռական ոտնձգության փորձերը եւ բազմաթիվ այլ նմանատիպ խնդիրներ:

photo © Հայաստանի օպերատորների միություն


Բացի այդ, Քովիդ-19 գլոբալ համաճարակի պատճառով երեխաները ստիպված եղան շատ ժամանակ անցկացնել առցանց, մինչդեռ ծնողներից շատերը չեն կարողանում վերահսկել երեխաների գործունեությունը համացանցում՝ ծանոթացնել վտանգներին, ինչպես նաեւ սովորեցնել նրանց այդ վտանգներից խուսափելու եւ պաշտպանվելու մեթոդները:

Մտահոգիչ է նաեւ այն, որ շատ ծնողներ ավելի քիչ են տեղեկացված նման խնդիրներից, քան՝ երեխաները:

Վտանգների հանդիպելու ռիսկն ավելանում է, երբ երեխաները եւ երիտասարդները համացանց մուտք են գործում սմարթֆոնի, պլանշետի կամ այլ սարքերի միջոցով։ Այսպես ավելի քիչ է հավանականությունը, որ վերահսկվում են  ծնողների կամ դպրոցի/մանկավարժների կողմից:

Անհրաժեշտ քայլեր երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու համար

Շատ կարեւորում եմ համապարփակ մոտեցումը, երեխայի կյանքին մասնակից բոլոր օղակների ներգրավումը՝ ծնող, ուսուցիչ, դպրոց, պետություն:

Այդ պատճառով կարեւոր է, որ յուրաքանչյուր օղակ հստակ գիտակցի իր դերը երեխայի առցանց անվտանգության պահպանման հարցերում եւ, ըստ այդմ, կիրառի համապատասխան միջոցառումներ:

Գլոբալ առումով, ավելի քան երբեւէ, երեխաներին առցանց անվտանգ պահելը պահանջում է համագործակցային եւ համակարգված միջազգային արձագանք՝ պահանջելով մեծ թվով շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածություն եւ աջակցություն:

photo © Հայաստանի օպերատորների միություն


Հայաստանի օպերատորների միությունն այս խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում եւ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համատեղ իրականացնում երեխաների առցանց անվտանգությանն ուղղված մի շարք ծրագրեր:

Առցանց անվտանգության վերաբերյալ դասընթացներ եւ ուղեցույցներ

Աշակերտների համար դպրոցներում այս տարի իրականացրել ենք առցանց անվտանգության վերաբերյալ դասընթացներ: Դրանց մասնակցել է ավելի քան 1500 աշակերտ: Երեխաների հետ քննարկել, վերլուծել են նրանց հետ տեղի ունեցած իրավիճակները, միասին բացահայտել վտանգներին ճիշտ արձագանքելու մեխանիզմները:

Այս դասընթացների նպատակն է ձեւավորել ցանցում գտնվելու ժամանակ անվտանգ վարքագիծ դրսեւորելու կայուն մոտիվացիա: Բացի այդ, երեխաների հետ հանդիպումների ընթացքում փորձել ենք ձեւավորել քննադատական մտածողություն համացանցում տվյալների հավաստիության գնահատման օրինակով:

photo © Հայաստանի օպերատորների միություն


2021թ-ին «Ինտերնետ անվտանգության» միջազգային օրը թողարկել ենք «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթաց:

Դասընթացի տարածմանը դպրոցներում աջակցել է  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, ինչի շնորհիվ այն հասանելի է դարձել բոլոր դպրոցներում և դասընթացին այս պահի դրությամբ մասնակցել և վկայական է ստացել 3693 աշակերտ:

Այն ազատ ռեսուրս է եւ ունի երեք մակարդակ՝ հիմնական, միջին եւ ընդլայնված: Հիմնական մակարդակը նախադպրոցական եւ կրտսեր տարիքի երեխաների համար է, միջին մակարդակը՝ 5-9-րդ դասարանի աշակերտների, իսկ ընդլայնված մակարդակն ավագ դասարանի աշակերտների, ուսանողների, ծնողների եւ ուսուցիչների համար է:

Սեպտեմբերից նախատեսում ենք կազմակերպել հանդիպումներ ծնողների եւ մանկավարժների հետ՝ քննարկելու, վերլուծելու եւ ներկայացնելու երեխաների հետ բաց հաղորդակցության, շարունակական երկխոսության եւ անվտանգ տարածք ստեղծելու կարեւորությունը:

photo © Հայաստանի օպերատորների միություն


Այս ամենի ամբողջականությունը կապահովի Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ստեղծված երեխաների առցանց պաշտպանությանն ուղղված ուղեցույցների թարգմանությունը հայերենով: Լոկալիզացվում է երեք ուղեցույց՝ նախատեսված ոլորտի, քաղաքականություն մշակողների եւ ծնողների ու մանկավարժների համար:

Ուղեցույցները կտրամադրվեն համապատասխան կառույցներին եւ շահագրգիռ կողմերին:

Նունե Գրիգորյան