17:47 | 12.07.22 | Հոդվածներ | exclusive 19569

SmartGate VC-ի ԴՆԹ-ն. կապել գիտությունը ձեռներեցության հետ

SmartGate VC վենչուրային հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին երեք ընկերների՝ Աշոտ Արզումանյանի, Վազգեն Հակոբջանյանի եւ Համբարձում Քաղկեցյանի ջանքերով։

Հիմնադրամի մասին iTel.am-ին պատմել է Աշոտ Արզումանյանը:

Ստեղծումը

2017 թվականին երեք ընկերով միացանք ու ստեղծեցինք SmartGate VC-ն։ Հայաստանում այդ ժամանակ ստարտափների նախասաղմանային (pre-seed) շրջանն էր, գիտելիքի ու փորձի պակաս կար ու զարգանալու շատ հնարավորություններ։ Այս ամենը տեսնելով՝ մտածեցինք, որ պետք է ինստիտուցիոնալ լուծում տալ, ստեղծել մի համակարգ, որը կօգնի եւ՛ խորհրդով, եւ՛ կապերով, եւ՛ կապիտալով։

Աշոտ Արզումանյանը Աշոտ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


Նույնիսկ նախասաղմնային փուլում, երբ հիմնադիրների հետ գործ էի ունենում, հասկանալի էր, որ նախքան ներդրում անելը նրանց հետ շատ աշխատելու տեղ կար, որպեսզի ձեռներեցության ճիշտ սկզբունքներ, հիմքեր դրվեն։ Այդ ժամանակ էլ հիմնեցինք Հայաստանի Ստարտափ ակադեմիան, որը ներդրումային փուլի նախապատրաստական, օժանդակ կառույցն է։ Հետո ստեղծվեց Hero House-ը, որը հետագայում ընդլայնվեց դեպի Միացյալ Նահանգներ։ Այսպիսով, կարելի է ասել՝ ինքնաբավ էկոհամակարգ է ստեղծվել, որից արդեն ծնվում են մեր ներդրումները։ Այս ամենն իրականացրել ենք Եվրամիության հետ հաջող համագործակցությամբ եւ առ այսօր էլ շարունակում ենք։

Առաջին ներդրումն ու պորտֆոլիոն

Առաջին ներդրումը կատարել ենք 2018 թվականի հունվարին՝ Krisp ընկերությունում։ Մինչ այսօր ներդրում կատարել ենք 23 ստարտափի մեջ: Հաջողված հայտնի ընկերություններն են Krisp, SuperAnnotate, Podcastle, Britive, Expper Technologies, Grovf:

photo © Մեդիամաքս


Արտաքինից երեւացող հաջողությունները հաջորդ ռաունդներն են։ Մենք նախասաղմնային փուլում ենք։ Նոր ֆոնդով կանենք նախասաղմնային եւ կմասնակցենք արդեն սաղմնային (Seed) փուլին։

Մոդելն ու ներդրումների ուղղությունը

Ի սկզբանե մեր ԴՆԹ-ի մեջ գիտությունը ձեռներեցության հետ կապող ուղղվածությունն է։ Նախապատվությունը միշտ տվել ու տալիս ենք այն ընկերություններին, որտեղ արհեստական բանականության տարրեր կան։ Բացառիկ դեպքերում կարող է այլ ուղղության նայենք։

Գնալով ավելի խորը տեխնոլոգիական ԱԲ-ի մեջ ենք մտնում։ Առավել շատ շեշտ դնում ենք բիոտեխնոլոգիաների, առողջապահության ու արհեստական բանականության ոլորտների հատման վրա։ Արդեն կան ներդրումներ ու շատ ինտենսիվ աշխատում ենք այս ուղղություններով։

photo © Մեդիամաքս


Ուզում ենք, որ դա կապված լինի նաեւ Հայաստանի հետ, դրա համար այստեղ տեղական զարգացումների կարիք կա։

Մեր ներդրողները հիմնականում ԱՄՆ-ից են, հետեւաբար, նաեւ ֆոնդն է այնտեղ գրանցված։ Ներդրումներն էլ անում ենք ԱՄՆ-ում գրանցված ընկերություններում, որոնք Հայաստանում դուստր ընկերություններ կարող են ունենալ։

Ի վերջո, մեր թիրախն այն ընկերություններն են, որոնք կենտրոնացած են ամերիկյան շուկայի վրա։ Հիմնականում այլ շուկաների համար ընկերությունները չենք դիտարկում։ Սա էլ պայմանավորած է նրանով, որ մեր փորձաքննությունն ամերիկյան շուկայի համար է, այդտեղ է, որ կարող ենք ռեալ օգնություն ցույց տալ մեր պորտֆոլիոյի ընկերություններին։

photo © Մեդիամաքս


Մեր ընկերություններն, ի վերջո, պետք է հաջորդ ներդրումային ռաունդները ԱՄՆ-ում փակեն, իսկ դա հնարավոր չէ, եթե այլ իրավական դաշտում են։ Գլենդելում նույնպես ունենք մեծ Hero House։ Միջոցառումներ ենք անում, որ առավելապես հեշտացնենք ընկերությունների էքսպանսիան ԱՄՆ-ում։

Երկու ֆոնդ

Հիմա երկու ֆոնդ ունենք։ Երկրորդն այս տարի ենք գործարկել, որով կարող ենք 1-1,5 մլն դոլար ներդրում անել։ Առաջինով՝ մինչեւ 100 հազար դոլար։ Նույն սկզբունքով են աշխատում, ուղղակի երկրորդն ավելի մեծ է ու ավելի մեծ ներդրում կատարելու հնարավորություն ունի։ Մենք նախասաղմնային փուլում ենք ներդրումներ կատարում։ Նոր ֆոնդով կմասնակցենք արդեն սաղմնային (Seed) փուլին նույնպես։ Ընդհանուր շուրջ 50 ներդրող ունենք։

Չափանիշները

Առաջին չափանիշը թիմի անդամների մարդկային հատկանիշներն են՝ հաճելի են մեզ այդ մարդիկ, թե ոչ։ Այնուհետ սկսվում են օբյեկտիվ չափանիշները. թիմի աճելու ունակությունը` ժամանակի ընթացքում ինչպես է իրեն դրսեւորում։

Ներդրում ենք անում խոստման մեջ ու դեռ պետք է տեսնել՝ խոստումը դառնո՞ւմ է իրական ու ամբողջական ոլորտ, մարդկանց կյանքը փոխող ընկերություն։

photo © Մեդիամաքս


Ստարտափի ուսումնասիրության շրջանը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի տարի։ Եղել է դեպք, որ նույնիսկ թիմ չի եղել: Հիմնադիրներից մեկի հետ տարիներով պարբերաբար խոսել ենք, նա համահիմնադիր է գտել, որոշել, որ կենտրոնանում է այդ գործի վրա, արդյունքում նոր ներդրում ենք արել։

Հաճախ ներդրում ենք անում շատ ավելի շուտ, քան որպես ընկերություն ձեւավորվում է։ Սկսում ենք հղկել ռազմավարությունից մինչեւ ներդրում։ Ներդրում անելը, փող տալն ամենահեշտն է։ Հարյուրավոր ընկերություններում կարող ենք ներդրում անել, բայց արդյոք օգտակար կլինենք:

Աշոտ Արզումանյանը Աշոտ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


Ներդրում կատարելիս երեք համահիմնադիրներով միշտ տարբեր կողմերից ենք նայում ստարտափին։ Բոլորս հանգում ենք վերջնական որոշման, մենք դանդաղ որոշում կայացնող ենք։

Արագ կարող ենք գործել, բայց երբեք չենք շտապում։ Եթե հրատապության հարց է լինում, մեկ քայլ հետ ենք գնում։ Շտապեցնելը նշանակում է, որ ավելի շատ «փողային» խոսակցություն է գնում, քան՝ գործընկերային։

Նունե Գրիգորյան