10:12 | 11.07.22 | Հոդվածներ | exclusive 17121

IUNetworks-ը Զիմբաբվեի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի թվայնացման փորձը

IUNetworks ընկերությունը հյուրընկալել էր Զիմբաբվեից ժամանած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հայաստանյան փորձը: Itel.am-ը ներկայացնում է հանդիպման մանրամասները:

Փորձի փոխանակում

Հայկական IUNetworks ընկերությունը տրամադրում է տեխնիկական միջոցների մատակարարման եւ ծրագրային ապահովման ինտեգրացված լուծումներ՝ հեշտացնելով պետական մարմինների հետ փոխգործակցությունը եւ նվազագույնի հասցնելով վարչարարական բեռը տնտեսական օպերատորների համար։

Զիմբաբվեի կառավարության եւ IUNetworks-ի միջեւ համագործակցությունը մեկնարկել է 2022թ. սկզբին այն բանից հետո, երբ վերջինս հաղթել է Զիմբաբվեի Հանրապետության համար Աֆրիկական Զարգացման բանկի կողմից հայտարարված նոր հարկային համակարգի մշակման մրցույթում:

photo © Մեդիամաքս


IUNetworks-ի գործադիր տնօրեն Արամ Մխիթարյանի խոսքով՝ իրենց մասնագետներն արդեն ունեցել են դեպի Զիմբաբվե գործնական այցեր, իսկ սա գործընկեր կողմի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

«Ավելի քան 10 տարի առաջ Հայաստանի հարկային տեղեկատվական համակարգը մշակել է մեր ընկերությունը: Ցանկացած պետության համար հարկային տեղեկատվական համակարգն ամենակարեւորներից է, քանի որ այն կապող օղակ է այլ համակարգերի համար: Հայաստանը ժամանակին մեծ քայլ է կատարել հարկային գործընթացների թվայնացման իմաստով, եւ այսօր մենք ունենք 100 % ֆիսկալիզացիա:

Արամ Մխիթարյանը Արամ Մխիթարյանը
photo © Մեդիամաքս


Դա վերաբերում է էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերին, ՀԴՄ-ներին եւ նմանատիպ այլ ենթահամակարգերին: Այսօրվա հանդիպման նպատակը մեր գործընկերների հետ այս փորձով կիսվելն է»,- մանրամասնել է նա:

Դեպի աֆրիկյան շուկա

Արամ Մխիթարյանը նշել է, որ Զիմբաբվեի պատվիրակությանը նաեւ ներկայացրել են Հայաստանում էլեկտրոնային կառավարման այլ համակարգերի ներդրման փորձն ինչպես IUNetworks-ի, այնպես էլ այլ գործընկեր կազմակերպությունների կողմից:  

«Հարկային տեղեկատվական համակարգեր մշակող եւ այդ փորձն ունեցող ընկերությունները բավականին քիչ են աշխարհում, մինչդեռ մեր ընկերությունը Հայաստանից հետո համակարգը ներդրել է նման համակարգ նաեւ Տաջիկստանում: Այս պահին  ընթացքի մեջ են Կոսովոյի հարկային տեղեկատվական համակարգի մշակման աշխատանքները, մեծ աշխատանք ենք կատարել նաեւ Բութանում: Այս հանդիպումը մեր ընկերության  համար կարեւոր է նաեւ աֆրիկյան շուկա մուտք գործելու տեսանկյունից: Համոզված ենք, որ ծրագիրը հաջող ավարտին հասցնելուց հետո բավականին հեշտ կլինի մեր համակարգերը ներդնել տարածաշրջանի այլ երկրներում»,- մանրամասնել է IUnetworks-ի գործադիր տնօրենը:

photo © Մեդիամաքս


Նա ընդգծել է, որ IUnetworks-ի կողմից մշակվել է նաեւ «Մեկ պատուհան արտաքին տնտեսական հարաբերությունների համար» համակարգը, որը ներդրված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Տաջիկստանում եւ Ղրղզստանում: Ընկերությունն այս պահին աշխատում է եւս մեկ աֆրիկյան երկրի հետ համագործակցություն սկսելու ուղղությամբ:

Շարունակական համագործակցություն

Զիմբաբվեի պատվիրակության կազմում էին ոչ միայն հարկային տեսչության ներկայացուցիչները, այլեւ պաշտոնյաներ Կենտրոնական բանկից, ֆինանսների նախարարությունից, նախագահի աշխատակազմից եւ այլն: Հայկական կողմից պետական մարմինների ներկայացուցիչներ եւս ներկա էին:

photo © Մեդիամաքս


Զիմբաբվեի պետական եկամուտների կոմիտեի խորհրդի անդամ դոկտոր Փարաձա Փարաձան փաստել է, որ իրենք շատ գոհ են հայկական ընկերության աշխատանքներից եւ շատ հավանական են համարում շարունակական համագործակցությունը:

«Մեր պատվիրակության կազմում պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավվածությունը խոսում է այն մասին, թե ինչքան կարեւոր է այս այցը մեզ համար, որը միտված է IUNetworks ընկերության հետ հարաբերությունների համար ամուր հիմքեր ստեղծելուն, զարգացում ու շարունակականություն ապահովելուն: Կան այլ համակարգեր ևս, որոնցով հետաքրքրված ենք եւ կցանկանայինք ներդնել մեզ մոտ: Դրանցից են, օրինակ, քրեական գործընթացների եւ ճանապարհային երթեւեկության կառավարման համակարգերը»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ Զիմբաբվեի կառավարության որդեգրած ռազմավարությունն է՝ առաջիկա 10 տարիների ընթացքում հասնել կառավարման համակարգերի լիարժեք ավտոմատացման եւ թվայնացման:

Դոկտոր Փարաձա Փարաձան Դոկտոր Փարաձա Փարաձան
photo © Մեդիամաքս


Դոկտոր Փարաձա Փարաձան իր խոսքում նշել է, որ իրենք մեծ հաճույք են ստանում Հայաստան իրենց առաջին այցից եւ հնարավորության դեպքում կփորձեն երկարաձգել այստեղ մնալը: «Հուսով ենք՝ ավելի շատ բիզնես համագործակցություններ ունենալ Հայաստանի հետ»,- հավելել է նա:

Գայանե Ենոքյան