17:03 | 08.07.22 | Հոդվածներ | exclusive 2406

Վահագն Գրիգորյանի ստեղծած հարթակները օգնում են MVP մշակել եւ ներդրումներ գտնել

Startupbenefits. eu հարթակը ինովացիոն հաբերին տրամադրում է օնլայն ծառայություններից զեղչերով ու իջեցված գներով օգտվելու հնարավորություն։ Աքսելերատորները, ինկուբատորները, Co-working-ներն էլ դրանք տրամադրում են իրենց ռեզիդենտ ստարտափներին։

Հարթակում ներկայացված են Amazon, Google, Microsoft, Stripe թոփ կազմակերպությունների զեղչերը: Դրանք ստարտափների հիմնադիրներին օգնում են ավելի արագ ու հեշտ մշակել MVP (minumum viable product), ինչը շատ կարեւոր է հատկապես սկզբնական փուլում։

Startupbenefits.eu-ի հիմնադիր Վահագն Գրիգորյանը iTel.am-ին պատմել է Startupbenefits-ի ստեղծման եւ դրա հետ փոխկապակցված մեկ այլ հարթակի՝ Startupfundraising.eu-ի մասին, որն օգնում է կազմակերպել ներդրումային գործընթացը։

Գաղափարը

Վերջին 3 տարվա ընթացքում ներդրումներ ստանալու համար խորհրդատվական ծառայություն էինք տրամադրում ստարտափներին։ Հետո սկսեցինք աստիճանաբար հավաքել benefit-ները, քանի որ տեսանք՝ հավելյալ արժեք էր ներկայացնում այն հիմնադիրների համար, որոնց հետ աշխատում էինք։ Նրանք դիմում էին մեզ ներդրումային հարցերով, մենք էլ իրենց տրամադրում էինք, օրինակ, Amazon-ի ամպային սերվերներ կամ Stripe-ի 50 հազար եվրո արժողությամբ կուպոն։ Հետո հասկացանք՝ Startupbenefits-ն իրականում մեր խորհրդատվական բիզնեսից առաջ է անցել ու մարդիկ ավելի շատ են հետաքրքրված։


Որոշեցինք հավաքել բոլոր զեղչերը թոփ կազմակերպություններից, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, Stripe-ը, ու տրամադրել հիմնադիրներին, որ կարողանան սկզբնական փուլում իրենց MVP մշակեն։

Թիրախը

Քանի որ ստարտափների նախնական փուլում ֆինանսական դժվարություններ են ունենում, որոշեցինք թիրախավորել ինկուբատորներին, աքսելերատորներին, վենչուրային ֆոնդերին։ Հայաստանում մեր գործընկերների թվում է BANA - Business Angel Network of Armenian-ն, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ամերիկյան Համալսարանի EPIC ինկուբատորի հետ։ Նրանց բոլոր ստարտափները մեր հարթակից են օգտվում։ Արտասահմանից հայկական լսարանին ծանոթ է էստոնական Startup Wise Guys աքսելերատորը։

Ստարտափների համար հակառակ մոդելն է գործում, կարող են մեր հարթակում իրենց ծառայություններն առաջարկել։ Այլ ստարտափներ էլ կարող են օգտվել իրենց ծառայություններից, թեստավորել, արձագանքներ տալ։ Հայկական Hexact, Rooqet, Stamina ընկերությունները Startupbenefits-ում առաջարկում են իրենց ծառայությունները։

Դժվարություններ

Օրուգիշեր աշխատում ենք, որ հավաքենք զեղչերը ու հատուկ առաջարկները։ Հատուկ թիմակից ունենք, որը զբաղվում է այդ գործով՝ անընդհատ նամակագրություններ է անում, պայմանավորվածություններ ձեռք բերում, պայմանագրեր կնքում:

Առաջարկվող փաթեթներ

Երկու փաթեթ ունենք ինովացիոն հաբերի ու ստարտափների համար։
Google-ից ունենք 100 հազար դոլարի ամպի զեղչեր, սերվերներ կարելի է վերցնել 100 հազար դոլարի շրջանակում, Microsoft-ից ունենք 150 հազար դոլարի, ընդ որում՝ սրա մեջ մտնում է ամբողջ Microsoft-ի փաթեթը։ Amazon-ից եւս ամպային սերվերներ ուենենք, Stripe-ից՝ 50 հազար եվրոյի զեղչեր։


Ընդհանուր առմամբ, կես միլիոն դոլարի զեղչի փաթեթ ենք տրամադրում։ Այսինքն՝ աքսելերատորի 10 ստարտափներից յուրաքանչյուրը ստանում է կես միլիոն դոլարի զեղչի հնարավորություն։ Ստարտափի նախնական փուլի համար անհրաժեշտ ամենահիմնական գործիքները կան։

StartupFundraising-ը՝ որպես տրամաբանական շարունակություն

Երեք ամիս առաջ որոշեցինք, որ Startupbenefits նախագծին զուգահեռ պետք է գործարկենք նաեւ Startupfundraising-ը։ MVP մշակելուց հետո տրամաբանական շարունակությունը ներդրումներն են։ Գործարկումից հետո այն արագ զարգանում է։


Տարիների ընթացքում լավ ուսումնասիրել ենք շուկան, գիտեինք՝ ինչ խնդիրներ կան, ինչպես է, որ հիմնադիրները չեն կարողանում գտնել ճիշտ ներդրողների։ Որոշեցինք տվյալների բազա տրամադրել, որ ստարտափի հիմնադիրները կարողանան արագ ֆիլտրել եւ հասկանալ՝ ում են փնտրում։

Հարթակի գործառույթները

Startupfundraising-ի տվյալների բազայում ունենք եւ՛ աքսելերատորներ, եւ՛ վենչուրային ֆոնդեր, եւ՛ հրեշտակ ներդրողներ ու խմբեր։ Կարելի է ընտրել ուղղությունը՝ ֆինտեք, IoT, hardware/software։ Հնարավոր է սահմանել փուլը, ներդրումային չափը, աշխարհագրությունը։ Հարթակը ֆիլտրում ու տրամադրում է ցուցակ, որով հնարավոր է ընտրել ուղենիշ եւ առաջնորդվել։


Նաեւ կարելի է ընտրել ներդրողին ու մտնել իր էջ, գտնել նրա տվյալները, էլ․ փոստը, LinkedIn-ի հաշիվը, նաեւ ներդնել սոցցանցերի էջերի տեսանելիություն, որը թույլ կտա անհատապես կապվել ներդրողի հետ։ Ունենք նաեւ pitch-deck-ը կցելու հնարավորություն, որը գեներացվում է հղում, ինչը հնարավոր է ուղարկել միանգամից ներդրողներին: Սա շատ ավելի պրակտիկ է։


Նաեւ առաջարկում ենք ավտոմատ ձեւով համապատասխան ներդրողներ՝ ըստ ինֆորմացիայի համընկնման։

Թիմն ու առաջիկա ծրագրերը

Հարթակում հայկական վենչուրային ֆոնդեր նույնպես կան։ Տվյալների բազայում ներգրաված է մոտ 18 հազար ներդրող։ Մեր հիմնական կենտրոնացումը ինստիտուցիոնալ վենչուրային ֆոնդերն են, որոնք արդեն ձեւավորված են ու վստահելի։ Առաջիկա պլաններում նախատեսում ենք դրանց թիվը դարձնել 40 հազար, նաեւ նոր կայքի դիզայնի վրա ենք աշխատում։

Մեր թիմում ընդհանուր 7 աշխատակից կա, թիմակիցներ ունենք Թայլանդից մինչեւ Իսպանիա, նրանց հիմնական մասը արտերկրում է, աշխատում է հեռավար:

Նունե Գրիգորյան