17:59 | 15.07.22 | Հոդվածներ | exclusive 3194

Noor Games. Ինչպես են ծնվում եւ հաջողում hyper casual ժանրի մոբայլ խաղերը

Հայկական Noor Games-ի ստեղծած Basket Battle խաղը Google Play Store-ում անվճար խաղերի առաջին հորիզոնականում էր հայտնվել, իսկ բոլոր տեսակի հավելվածների վարկանիշային աղյուսակներում` երկրորդ հորիզոնականում։

Սա ընկերության արդեն երրորդ խաղն է, որ հաջողություն է գրանցում միջազգային հարթակներում ու ընդգրկվում ամերիկյան շուկայի թոփերում։

Noor Games-ը հիմնադրվել է 2015 թվականին եւ սկզբնական շրջանում միայն պատվերներ էր կատարում, իսկ 2018-ին թողարկել է առաջին սեփական արտադրության խաղը։

Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը iTel.am-ին պատմել է խաղային ոլորտում պատվերներ կատարելուց մինչեւ սեփական խաղերը ստեղծելու ճանապարհի, իրենց հաջողությունների, թիմային աշխատանքի զարգացման մասին։
 
Noor Games-ի առաջին խաղը

Մինչեւ 2018 թվականը աշխարհի տարբեր ծայրերից պատվերներ ունեինք՝ մեծ ու փոքր նախագծեր։

2018-ին սկսեցինք զբաղվել hyper casual ժանրի մոբայլ խաղերով։ Դրանք այն խաղերն են, որոնք մարդիկ կարող են խաղալ ու ավարտել շատ կարճ ժամանակում, օրինակ՝ մեկ րոպեն բավական է մեկ կամ երկու մակարդակ անցնելու համար։ Կյանքն արագացել է ու այսպիսի խաղերը թրենդային են։

Նպատակն այն էր, որ կարճ սեսիաներով հաճելի խաղացվող խաղեր ստեղծենք։ Մեր օգտատերերի կեսից ավելին առաջին օրը խաղալուց հետո անպայման վերադառնում են։ Նման խաղերի առավելությունը նաեւ այն է, որ կախվածություն չեն առաջացնում։ Մեկ խաղը առավելագույնը հնարավոր է 2-3 շաբաթ խաղալ ու այն կսպառվի, քանի որ ծավալը փոքր է։

Մենք անընդհատ նախատիպեր ենք մշակում՝ որը շուկայում թեստավորում է անցնում ու լավ արդյունք է ցույց տալիս, շարունակում ենք աշխատել ու վերջնական պրոդուկտ ենք ստանում։

Խաղի մշակումը տարբեր փուլեր ունի։ Նախատիպը միջինում երկու շաբաթում է ստեղծվում, որը թույլ է տալիս հասկանալ ներուժը: Հետո աշխատանքը կարող է 3-ից մինչեւ 6 կամ ավել ամիսներ տեւել։ Սա՝ մինչեւ հրատարակումը, որից հետո էլի անընդհատ թարմացումներ, բովանդակության ավելացում, որակի բարելավում ենք ապահովում։

Labmercraft

Առաջինը հաջողության հասավ Labmercraft խաղը, որը հրատարակվել է 2021-ին եւ App Store-ում ու Google Play-ում հասել է առաջին հորիզոնականներ։ Խաղի հերոսը փայտահատ է, որն ունի թշնամիներ ու պետք է փայտ կտրի ու դրանով տարածքներ ու ամրություններ ստեղծի, որպեսզի թշնամիներից պաշտպանվի։ Խաղն ունի մոտ 29 մլն ներբեռնում։


Երկրորդ ու երրորդ խաղերը հրատարակել ենք 2022 թվականին՝ մոտ մեկ ամսվա տարբերությամբ։

Join Numbers

Այս խաղը երկու մասից է բաղկացած։ Առաջինում անհրաժեշտ է թվաբանական գործողություններով այնպես անել, որ դիմացում գտնվող փականները բացվեն ու պատնեշները հնարավոր լինի անցնել։ Երկրորդ մասը թղթախաղային էլեմենտ ունի, պետք է քարտերով այնպես անել, որ ձեր զորքը ուժեղանա ու հաղթի հակառակորդի զորքին: Այստեղ նույնպես թվաբանական գործողություններ պետք է կատարվեն, բայց երկրորդ մասը բավականին դժվար է ու նույնիսկ մեծերը հաճախ սխալվում են։

Այս պահին 6 մլն ներբեռնում ունի ու թիվը դեռ աճում է։ Եթե հաշվի առնենք, որ նոր է թողարկված, ապա արդյունքը վատ չէ։


Join Numbers-ը հայտնվել է iOS-ում 2-րդ, իսկ Android-ում 4-րդ տեղում։ Նաեւ Android-ի համար նախատեսված բոլոր հավելվածների շարքում գրավել է 11-րդ տեղը։

Basket battle

Basket battle-ում կա երկու կերպար, որոնք բասկետբոլ են խաղում ու օժտված են գերբնական հատկություններով։ Երբ գնդակը նետում են, հետո կարողանում են արագ տելեպորտացիա կատարել ու նետած գնդակը բռնել։ Խաղը դեռ բուռն աշխատանքի մեջ է։


Ճիշտ է, այն բարձրացել է Google Play-ի թոփ 1 հորիզոնական իր ժանրում, իսկ ընդհանուր հավելվածների մեջ 2-րդն է դարձել, բայց դեռ վրան աշխատանք կա անելու։

Թիմը

Թիմում 10 հոգի ենք, մեկը հիմա բանակում է ծառայում, բայց շարունակում է մեր թիմի անդամը համարվել։ Ավանդույթներ շատ ունենք, բայց հատկապես մեկը կառանձնացնեմ՝ learning time-երը։ Շաբաթը երկու անգամ ունենք սովորելու ժամ, որին մասնակցությունը կամավոր է ու միշտ գրեթե ամբողջ թիմը միանում է։

Հավաքվում ենք ու միասին ընտրում որեւէ մասնագիտական գիրք, տեսադաս կամ այլ ուսուցողական նյութ, այնուհետեւ մեզանից մեկը նյութն ուսումնասիրում ու պատմում է մնացածին։ Ամեն անգամ տարբեր մարդիկ են պատմում ու միասին քննարկում ենք, փորձում ենք պարզել, թե ինչպես այդ նոր գիտելիքը կարող ենք կիրառել մեր աշխատանքում ու կյանքում։

Նունե Գրիգորյան