15:55 | 11.07.22 | Նորություններ | 1282
Հուլիսի 8-ին կայացել է Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլում հաղթող ճանաչված ընկերությունների մասնակցությամբ «Bridging the success. IMG/RMG Demo day»-ը:
«Միջոցառումների այս շարքը նախաձեռնել ենք որպես շփման և նոր համագործակցությունների ձևավորման հարթակ՝ կայացած ու սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնց թիվը տարեցտարի ավելանում է»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատորի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Հայաստանյան առաջատար և լայն միջազգային ճանաչում ունեցող ստարտափներից մեկի՝ Picsart ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը մասնակիցներին ներկայացրել է Unicorn startup դառնալու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Միջոցառմանը մասնակից 6 ստարտափներ ներկայացրել են իրենց գրանցած հաջողությունները, ձեռքբերումները և ապագա ծրագրերը։
Gabby․ ծանոթությունների և սոցիալական մեդիայի հետ հեշտ կիրառելի հավելված շների սիրահարների համար: Այն օգնում է շների սիրահարներին ստեղծել հոգատար համայնք՝ նպաստելով իրենց շների հաղորդակցությանը: Հավելվածի օգնությամբ կարող եք հետևել այլ շների ամենօրյա արկածներին, շփվել ընկերների հետ, կիսվել շների մասին թարմացումներով, մեկնաբանել, ավելացնել պատմություններ և նոր կապեր հաստատել:
Gebecert․ ստարտափը ներկայացնում է հեռավար վավերացման լուծում՝ RFID և BlockChain տեխնոլոգիաների միջոցով: Տեղեկատվությունն ստանալուց հետո GebeCert հեռավար վավերացման համակարգը ստուգում է վավերականությունը և հավելվածի միջոցով սպառողին տրամադրում ապրանքի մասին լրացուցիչ տվյալներ:
Metric․ ընկերությունը մշակել է արհեստական բանականությամբ աշխատող Pinsight հարթակը, որը վերլուծում է վարքագծային տվյալները և կանխատեսում հաջորդ գործողությունները: Առանց կոդերի վերլուծական հարթակը կարող է օգտագործվել՝ տվյալներից անմիջապես պատասխաններ և պատկերացումներ ստանալու համար` բանկային, ֆինանսական, մարքեթինգային, հեռահաղորդակցության, անվտանգության և այլ ոլորտներում:
Foldink․ բիոտեխնոլոգիական ընկերություն, որը մշակում է բիոտպագրական 3D տեխնոլոգիա՝ կենսաբանական թանաքներ կիրառող 3D տպիչներով: Foldink-ը հետազոտողների, բժիշկների, ձեռնարկատերերի և ինժեներների թիմ է, ովքեր հավատում են, որ 3D բիոտպագրությունը բժշկության ապագան է և նպատակ ունեն իրենց ներդրումն ունենալ դոնոր-օրգանների գլոբալ պակասի հաղթահարման և ամբողջ աշխարհում վերականգնողական բժշկության զարգացման գործում:
AIP tech․ թիմն աշխատում է տիեզերական արդյունաբերության ընկերությունների հետ, որտեղ նյութերի սահմանափակ ընտրության պայմաններում ստեղծում են ջերմահեռացման համակարգեր՝ 3D տպագրության տեխնոլոգիայով:
Robin the Robot․ հետազոտության վրա հիմնված ընկերասեր էմոցիոնալ ռոբոտ-օգնական է, որը նվազեցնում է մանկահասակ հիվանդների սթրեսը և խթանում է նրանց համագործակցությունը բուժանձնակազմի հետ:
Ներկաների քվեարկության արդյունքում ամենատպավորիչ գործարար ներկայացմամբ հանդես եկած թիմ ճանաչվեց Robin the Robot-ի թիմը: