17:35 | 17.05.22 | Հոդվածներ | exclusive 9207

Վահե Կարապետյան․ Hexens-ը բլոկչեյն անվտանգության հետ կապված պրոդուկտ կթողարկի

Հայ հիմնադիրներ ունեցող Hexens ընկերությունը զբաղվում է բլոկչեյնի ոլորտում կիբերանվտանգությամբ։ Ընկերությունը վերջերս հայտարարեց բլոկչեյն ոլորտում հեղինակավոր Polygon Technology-ի հետ համագործակցության մասին, որը փոխկապակցված բլոկչեյն ցանցեր կառուցելու համար նախատեսված հարթակ է։

Itel.am-ին տված հարցազրույցում Hexens-ի համահիմնադիր Վահե Կարապետյանը պատմել է ընկերության ստեղծման, առանձնահատկությունների, թիմի ու նոր պրոդուկտ ստեղծելու մասին։

Hexens-ի ստեղծումն ու գործունեությունը

Hexens-ը հիմնել ենք ընկերոջս՝ Սիփան Վարդանյանի հետ։ Մենք կիբերանվտանգությունով զբաղվում ենք մոտ 9 տարի։ Ի սկզբանե «դասական»՝ վեբկայքերի, ցանցերի կիբերանվտանգությամբ էինք զբաղվում։

photo © Մեդիամաքս


Սկսել ենք հաքերական Capture the Flag մրցումներից։ Հիմնեցինք մեր ընկերությունը, որը կիբերանվտանգությամբ էր զբաղվում ու անցյալ տարի վերապրոֆիլավորվեցինք բլոկչեյնի, որովհետեւ հավատում ենք, որ այն տեխնոլոգիական ոլորտի ապագան է։

Զբաղվում ենք բլոկչեյնի անվտանգությամբ, Smart Contract-ներով, անցկացնում ենք Penetration testing-ներ, կրիպտոգրաֆիկ աուդիտներ, կիբերանվտանգության միջադեպերի հետաքննություններ, ամպային ծառայությունների աուդիտներ եւ այլն։

Հաճախորդներն ու շուկան

Հիմնականում Միացյալ Նահանգների, Եվրոպայի, նաեւ ԱՊՀ երկրների հետ ենք աշխատում։ Հայկական ընկերությունների հետ շատ չենք աշխատում։ Ունենք ընկերներ, որ համագործակցում ենք, մեր հաճախորդն են, բայց շատ փոքր տոկոսն են կազմում։ Հայկական լսարանին ծանոթ անուններից Coinstats-ի, Crowdfunding Formula-ի հետ ենք համագործակցում։

Առանձնահատկությունն ու մրցակիցները

Մրցակիցներից շատերի հետ ծանոթ ենք, լավ հարաբերություններ ունենք։ Մեծ հաշվով մրցակցության խնդիր չունենք, որովհետեւ շուկան ահռելի մեծ է։ Նույնիսկ եթե վաղը բլոկչեյնում աուդիտ անող 10 նոր կազմակերպություն բացվի, միեւնույն է, շատ նախագծեր կմնան առանց աուդիտի։

photo © Մեդիամաքս


Մեր ամենակարեւոր առանձնահատկությունն աուդիտի որակն ու խորությունն է, մանրուքների մեջ խորանալը, վերլուծելը։ Շատ պոտենցիալ հաճախորդների մերժում ենք, քանի որ մեզ հետաքրքիր են դժվար նախագծեր, որտեղ թիմի որակը եւ գիտելիքները կարող են լիովին դրսեւորվել։

photo © Մեդիամաքս


Մեր զեկույցները բաց են եւ հասանելի բոլորի համար, ինչը չեք հանդիպի դասական կիբերանվտանգությունում։

Ներդրումներ

Ներդրումներ դեռ չենք ունեցել։ Առաջարկություններ շատ ենք ստացել, բայց դեռ ոչ մի գործարք չենք կնքել։ Այս պահին դեռ անհրաժեշտություն չենք տեսնում։  

Թիմն ու ավանդույթները

Թիմում 11 հոգի ենք։ Հայաստանում շատ բարդ է գտնել մասնագետներ, մենք փորձում ենք սովորեցնել, վերապրոֆիլավորել։ Փնտրում ենք բլոկչեյնում աուդիտ անողներ, մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան ու կիբերանվտանգության ոլորտում գիտելիքներ ունեն։

Վահե Կարապետյանը Վահե Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Մեր թիմային ավանդույթը աշխարհը միասին ուսումնասիրելն է։ Թիմով մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների, միջոցառումների, զարգացնում մեր աշխարհայացքը, նոր գիտելիք ստանում ու կիսվում իրար հետ։

photo © Մեդիամաքս


Վերջերս կազմակերպեցինք մեր առաջին Proof of Concept ոչ ֆորմալ միջոցառումը, որը համայնքի հետ շփման հնարավորություններ ստեղծեց։ Անմիջական միջավայրում միջոցառումներն ուզում ենք շարունակական դարձնել։

Համագործակցություններ ու նոր պրոդուկտ  

Նոր գործընկերություն ունենք շատ հայտնի Polygon հարթակի հետ, որը մեզ համար շատ կարեւոր ու մեծ իրադարձություն է։

photo © Մեդիամաքս


Երբ ոլորտի հսկան վստահում է զբաղվել բազում անգամ անվտանգության աուդիտ անցած կոդի վերանայմամբ, դա հաստատում է թիմի խորը փորձաքննությունը եւ բարդ խնդիրների լուծման ոչ ստանդարտ մոտեցումը: Այլ կերպ ասած, թարմ եւ պրոֆեսիոնալ ձեւով վերանայելու ենք հարյուրավոր ծրագրավորողների աշխատանքը, որոնք տարիներ շարունակ մշակել են ամենաառաջադեմ ու նոր ֆինանսական ալգորիթմներից մեկը:

Վահե Կարապետյանը Վահե Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Մոտ ապագայում կթողարկենք բլոկչեյն անվտանգության հետ կապված պրոդուկտ, որի մշակումը պլանավորում ենք տարվա երկրորդ կեսին սկսել, բայց շատ փակագծեր դեռեւս չեմ կարող բացել։

Նունե Գրիգորյան