08:54 | 14.05.22 | Հոդվածներ | exclusive 6965

Նոյեմբերյանցի դպրոցականների ստարտափը՝ հակակշիռ սպառողական հասարակությանը

Նոյեմբերյանում գործող Protolab ստարտափը հիմնադրել են դպրոցական ընկերներ: Այսօր արդեն այն հաջողությամբ եռաչափ մոդելավորման եւ տպագրության ծառայություններ է մատուցում՝ զուգահեռաբար կյանքի կոչելով ստարտափ-գաղափարը:

Itel.am-ը զրուցել է Protolab-ի հիմնադիրների հետ իրենց գործունեության եւ ստարտափ-գաղափարի առաջխաղացման մասին:

Ստեղծարար սերունդ՝ սպառողականի փոխարեն

Հայկ Բուդաղյան. Ստարտափը սկսել ենք չորս դասընկերներով՝ ես, Հրանտ Ղազինյանը, Արգամ Ամիրաղյանը եւ Հայկ Հախվերդյանը: Միասին հաճախում էինք «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորելիս էլ արդեն ծնվեց համատեղ գործունեություն սկսելու գաղափարը:

Արգամ Ամիրաղյան. Ի սկզբանե ստարտափի համար այլ գաղափար ունեինք, սակայն ոլորտի առաջատարների հետ զրույցներից եւ խորհրդակցություններից հետո որոշեցինք, որ ստարտափը կոնկրետ մեծ խնդիր պետք է լուծի:

Մենք տեսնում ենք, որ ներկա սերունդն ամբողջ աշխարհում մեծանում է սպառողական ոգով: Մենք ցանկանում ենք ստեղծել մի հետաքրքիր STEM (Science, Technology, Engineering, and Mathematics) հավաքածու, որն իրենից կներկայացնի մինի լաբորատորիա: Դրա միջոցով դեռեւս նախադպրոցական տարիքից երեխան կսկսի ստեղծել իր սեփական խաղալիքները՝ այդ կերպ զարգացնելով ստեղծարարությունն ու ինժեներական մտածողությունը:

Արգամ Ամիրաղյանը Արգամ Ամիրաղյանը
photo © Protolab


Այժմ աշխատում ենք նախատիպի մշակման շուրջ՝ զուգահեռաբար կատարելով նաեւ շուկայի ուսումնասիրություն: Հույս ունենք նախատիպը պատրաստ ունենալ 2022թ. ամռան կեսերին:

Մինի մանկական լաբորատորիան ներառելու է մինի եռաչափ տպիչ եւ մի շարք ինժեներական գործիքներ՝ նախատեսված սկսնակ ինժեներական նախագծերի համար: Դրա միջոցով 5-6 տարեկան երեխաները արդեն այդքան փոքր տարիքից ինժեներական պրոդուկտներ են ստեղծելու, զարգացնելու ստեղծարարությունը եւ հմտանալու ինժեներության մեջ: Առաջին հայացքից գուցե բարդ թվա, բայց մեր խնդիրն է երեխայի համար հնարավորինս մատչելի տարբերակի մշակումը՝ չիջեցնելով զարգացման պոտենցիալի նշաձողը:

Նոյեմբերյանում լաբորատորիայի հիմնում

Արգամ Ամիրաղյան. Մեր գաղափարը կյանքի կոչելու համար, նախ եւ առաջ,  Նոյեմբերյանում հիմնեցինք Protolab եռաչափ տպիչներով հագեցած լաբորատորիան, որի մատուցած ծառայությունների շնորհիվ կլուծեինք ֆինանսական խնդիրները:  

photo © Protolab


Դեռեւս նախորդ տարի GoFundMe հարթակում մեկնարկեցինք դրամահավաք, որին մասնակցեց մոտ 200 մարդ: Հավաքվեց պահանջվող $15 000-ից $10 000-ը: Մնացած անհրաժեշտ գումարի բացը լրացնելու համար դիմեցինք Soft Construct ընկերության տնօրեն Վիգեն Բադալյանին, եւ Soft Construct-ի օգնությամբ կարողացանք ձեռք բերել լաբորատորիային անհրաժեշտ համակարգիչներ:

Դրամահավաքի գումարն ուղղեցինք լաբորատորիայում անհրաժեշտ սարքավորումների եւ հումքային նյութերի ձեռքբերմանը: Այդ փուլում գնել ենք նաեւ մեր առաջին երկու եռաչափ տպիչները, որոնց թիվն արդեն հասցրել ենք 5-ի՝ մեր իսկ գործունեության արդյունքում գոյացած շահույթի շնորհիվ:

Վիշապաքարերով հենակներ եւ վաճառք

Հրանտ Ղազինյան. Այժմ կատարում ենք եռաչափ մոդելավորման եւ տպագրման պատվերներ: Աշխատում ենք եւ´ B2B, եւ´ B2C մոդելներով՝ որպես հիմնական ուղղություն ընտրելով B2B տարբերակը, որն էլ ապահովում է մեր շահույթի գլխավոր մասը։ Պատվերները հիմնականում ստանում ենք մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, որտեղ տեղադրված են մեր արտադրանքները։ Հաճախ նաեւ պատվերներ ենք ստանում համաքաղաքացիներից։

Հրանտ Ղազինյանը Հրանտ Ղազինյանը
photo © Protolab


Հաջողությամբ համագործակցում ենք Instigate ընկերության հետ: Այժմ էլ Instigate-ի պատվերով զբաղվում ենք Տավուշի մարզում ապակենտրոնացված եւ անվտանգ ցանցի ստեղծմամբ, որը կգործի նաեւ այլ կապի միջոցների խափանման դեպքում։ Նպատակը տեղեկատվական ճգնաժամում չհայտնվելն ու անվտանգության պահպանումն է։ Ներկա պահին զբաղվում ենք մեծ հեռավորության վրա կապ հաստատելու խնդիրը լուծելով։

Արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում ենք մի ամերիկահայ գործարարի հետ, ում շնորհիվ շուտով կարտահանենք մեր արտադրանքը։ Առաջին խմբաքանակում կլինեն մեր կողմից մոդելավորված եւ տպագրված հեռախոսի հենակները: Հայկական մշակույթն ու պատմությունը որոշ չափով ճանաչելի դարձնելու նպատակով հենակները պատրաստել ենք վիշապաքարերի մոդելով։ Բոլոր ապրանքների վրա պարտադիր թողնում ենք «Պատրաստված է Հայաստանում» գրվածքը։ Նպատակ ունենք հետագայում մեծացնել արտադրանքի ծավալները եւ տեսակները։

photo © Protolab


Արգամ Ամիրաղյան. Մեր պատվիրատուների շարքում են այնպիսի խոշոր ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են Dexatel-ը, CodeRiders-ը, GG-ն: Այս պահին էլ ընթանում են բանակցություններ տարբեր այլ համագործակցությունների շուրջ:

Միջմարզային պատանիների թիմը

Հայկ Բուդաղյան. Մինչեւ պաշտոնական բացումը, թիմին միացավ նաեւ Մերի Գիշյանը` որպես փրոջեքթ մենեջեր։ Մեր գործունեությունը սկսելուց որոշ ժամանակ անց նաեւ SMM մասնագետի կարիք զգացվեց, որի համար էլ դիմեցինք Նարեկ Սողոմոնյանին, ում հետ ծանոթացել էինք DigiTec 2021-ի ժամանակ:

Բովանդակության ստեղծման պատասխանատուին գտնելու համար էլ հայտարարություն տեղադրեցինք «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունում, որից հետո մեր թիմը համալրեց նաեւ Մանե Պողոսյանը: Այսպես էլ ձեւավորվեց մեր 7 հոգանոց միջմարզային պատանիների թիմը, որն իհարկե, ընդլայնելու ենք: Հենց այդ նպատակով էլ հիմա սկսել ենք նաեւ օնլայն եւ օֆլայն եռաչափ մոդելավորման դասընթացներ:

photo © Protolab


Protolab-ի հիմնադրումից հետո Նոյեմբերյանի կյանքում նկատելի փոփոխություններ կան: Մեծահասակները սկսել են հավատալ կրտսեր սերնդին, դադարել են բողոքել նրանցից։ Մեր հասակակիցներն էլ սկսել են ավելի շատ աշխատել իրենց հմտությունների վրա եւ ջանում են գնալ իրենց նպատակների, երազանքների հետեւից։ Կարող եմ ասել, որ նաև «Արմաթ» հաճախող աշակերտների թիվ է ավելացել են: Գուցե այս հարցերում հենց մեր ստարտափն է ոգեւորել շատերին:

Արգամ Ամիրաղյան. Մեր գործունեությունը շարունակելու ենք համապատասխան մեր կարգախոսի, այն է՝ «Մենք ստեղծում ենք ապագայի մեր նախատիպը»: Protolab  անունն էլ հենց prototype՝ անգլերեն նախատիպ բառից է:

Հստակ նպատակ ենք դրել մեր առջեւ 10 տարի անց դառնալու հայկական հերթական Unicorn-ը, իսկ ինչու՞ հերթական, որովհետեւ վստահ ենք՝ այս ընթացքում բազմաթիվ հայկական ընկերություններ արդեն իսկ հասած կլինեն այդ նպատակին:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Protolab-ի