12:23 | 11.05.22 | Հոդվածներ | 5531

Մարզերից մոտ 1000 երիտասարդ մասնակցեց FORMULA YEGHEGNADZOR կոնֆերանսին

Մայիսի 8-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ FORMULA Yegheghnadzor (Ֆորմուլա Եղեգնաձոր) կոնֆերանսը, որի նպատակն էր մարզերի երիտասարդներին փոխանցել թվային մարքեթինգի, բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ եւ գործիքակազմ։

TCF ընկերությունն արդեն երկրորդ տարին է, ինչ ընկերության ծննդյան առիթով կազմակերպում է մարզային կոնֆերանս։ Գորիսից հետո հերթը Եղեգնաձորինն էր։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել եւ հաջողության հասնել՝ ապրելով եւ աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։

Աննա Չալյանը 15 տարեկան է, ապրում է Եղեգնաձորում, կոնֆերիանսի ամենակտիվ ու աչքի ընկնող մասնակիցներից է, մասնագիտություն դեռ չի ընտրել, բայց վստահ է, որ առաջիկայում իր բիզնեսն է հիմնելու։

Աննա Չալյանը Աննա Չալյանը
photo © TCF


«Իմ առցանց խանութը բացելու ծրագրեր ունեմ, հետո մեծանամ արդեն իմ խանութն եմ բացելու։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպես սկել բիզնես զրոյից կամ էլ հիմա չեմ կողմնորոշվում՝ ինչ մասնագիտություն ընտրեմ ու այստեղ օգտակար է լսել, թե ինչ նոր հնարավորություններ կան 21-րդ դարում»,- ասում է Աննան։

Եղեգնաձորում թվային կոնֆերանսներ ու նման մասշտաբով միջոցառումներ չեն անցկացվում, սա լավ հնարավորություն էր քաղաքային կյանքն ակտիվացնելու ու ոգեշնչելու համար։

Գևորգ Սաֆարյանը Գևորգ Սաֆարյանը
photo © TCF


«Այս ֆորմատը շատ կարևոր է։ Ներկաներից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ստեղծելու հնարավորություն, եթե այսօրվանից սկսած իրենց զարգացման մեջ ճիշտ ներդրում անեն՝ սովորեն, զարգանան, մտածեն, որ հաջողությունը կախված է իրենց աշխատասիրությունից ու հետրողականությունից»,- մեզ հետ զրույցում նշեց Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը։

photo © TCF


«Մեր տեսլականն այն է, որ այս կոնֆերանսներն անպայման մարզերում անցկացնենք։ Եղեգնաձորը բավականին մեծ է, թեև թվային ակտիվությունը շատ քիչ է, հիմնականում գինուն նվիրված միջոցառումներ են կազմակերպվում այստեղ։ Նաև էմոցիոնալ կապ կար անձամբ ինձ հետ։ Պապիկս Եղեգնաձորից է ու մակությունս այստեղ է անցել, ինչ էլ իր նշանակությունն է ունեցել տեղի ընտրության հարցում։ Փորձելու ենք նման միջոցառումները շարունակական դարձնել», - նշեց TCF-ի հիմնադիր, Formula Yegheghnadzor-ի կազմակերպիչ Նարեկ Վարդանյանը։

photo © TCF


Միջոցառումն անփոփվեց պանելային քննարկումներով։ Մասնակիցները հնարավորթյուն ունեցան նաև մրցույթների մասնակցել ու նվերներ ստանալ։ Ֆորմուլա Եղեգնաձորին մոտ 1000 գրանցում է ստացվել, հիմնականում Եղեգնաձորից ու Վայոց Ձորի տարածաշրջանից, նաև մասնակիցներ են գրանցվել Գորիսից, Երևանից, Ջերմուկից և հարակից բնակավայրերից։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ TCF ընկերության