17:35 | 06.05.22 | Հոդվածներ | exclusive 6216

Meta Wine & Tourism Days. ապագա սպառողն այսօրվա «գեյմերն» է

«Երեւանի Գինու Օրեր» փառատոնն այսուհետ կներկայանա երկու հարթակում՝ Երեւանի կենտրոնում, եւ վիրտուալ՝ Meta-ում։ Այն կկոչվի Meta Wine & Tourism Days եւ հասանելի կլինի 2022թ. հոկտեմբերին՝ մի քանի օրով։

Փառատոնն ավելի նորարարական դարձնելու եւ տեխնոլոգիական միջոցների օգտագործմամբ հարստացնելու մասին պատմել են «ԷվենտՏուրա»-ի համահիմնադիրներ եւ «Գինու Օրեր» միջոցառման կազմակերպիչներ Նունե Մանուկյանն ու Մերի Բադալյանը։

Նորարարությունն ու փառատոնի վիրտուալ հարթակը

Մերի Բադալյան

«Գինու Օրեր»-ն ամեն տարի տեղի կունենա, բայց մենք կկազմակերպենք նաեւ վիրտուալ 3D MR ձեւաչափով Meta Wine & Tourism Days-ը, որի միջերեսը (interface) ձեւավորված կլինի «Գինու Օրեր»-ի փողոցների նմանությամբ։

Գինու տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները, հայկական տուրիզմի պոտենցիալով, իրենց երկիր հայկական գինու ներմուծմամբ հետաքրքրվող մարդիկ տարբեր երկրներից կկարողանան «այցելել» տաղավարներ եւ տեղեկություն ստանալ իրենց հետաքրքրող գինու եւ զբոսաշրջային տուրերի վերաբերյալ։ Մարդիկ «այցելելու» են տարբեր տաղավարներ, որտեղ «կանգնած են լինելու» գինու եւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները։

Մայիսի 24-ին կանցկացնենք մեծ կոնֆերանս, որը կոչվում է IRL-ից դեպի URL՝ իրականությունից դեպի համացանցային աշխարհ։ Սա մեր 120 գործընկերների համար նախատեսված կոնֆերանս է, որպեսզի պատմենք, թե ինչ նորություններ կան փառատոնային ոլորտում, որովհետեւ իրական փառատոնները չպետք է «մեռնեն», դրանք տալիս են տրամադրություն, շոշափելի արդյունքներ եւ մարդիկ կարիք ունեն ֆիզիկական շփման, անմիջապես իրար աչքերի մեջ նայելու, գինի խմելու եւ քիմքի հիշողությունն իրենց հետ տանելու։

Մերի Բադալյանը Մերի Բադալյանը
photo © Մեդիամաքս


Դրա հետ մեկտեղ չենք կարող աչք փակել համավարակի եւ պատերազմական պայմաններում Հայաստանի սահմանափակ հնարավորությունների վրա։ Վիրտուալ աշխարհը կարող է լավ հնարավորություններ տալ ճանապարհային ուղիների փակ լինելու դեպքում։

Meta հարթակ՝ իրական աշխարհի նմանությամբ

Մերի Բադալյան

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ հենց փառատոնի համար են ժամանել Հայաստան, կապվածություն կունենան նաեւ վիրտուալ տարբերակի հետ, որովհետեւ մուտք գործելիս նրանց մոտ հաճելի հիշողություններ կարթնանան։
Պայմանական Վանկուվերից որեւէ մեկը կարող է «մտնել» հայկական գինու տաղավար եւ հետաքրքրվել, թե իր երկրում որտեղ կարող է գնել այդ գինին։

Մենք կրթելու ենք մասնակիցներին, որպեսզի կարողանան օգտվել վիրտուալ հարթակից եւ տալ ամբողջական ինֆորմացիա։ Գինու ոլորտի ներկայացուցիչներն առաջին մի քանի տարում վիրտուալ փառատոն-էքսպոյին կմասնակցեն անվճար։

photo © «ԷվենտՏուրա»


Ամեն մեկն իր տաղավարում կունենա էկրան, որտեղ կարող է տեսանյութ կամ պրեզենտացիա տեղադրել, յուրաքանչյուր տաղավար հագեցած կլինի արհեստական բանականությամբ (AI) եւ եթե տաղավարի ներկայացուցիչը բացակայի, ապա այդ պահին մոտեցող հաճախորդի հարցերին կպատասխանի AI բոթը, իսկ եթե այցելուն պարզապես ուզում է գնառաջարկ ստանալ, ապա կարող է ինքնուրույն ներբեռնել PDF տարբերակը։ Հարթակում լինելու են նաեւ կոնֆերանս սրահներ, որտեղ հասանելի կլինեն գինու եռալեզու դասեր։

Ամեն ինչ լինելու է իրական աշխարհի նման եւ եթե ընդհանուր աղմուկը խանգարի, հնարավոր կլինի տեղափոխվել առանձնացված հանդիպման սենյակներ ու դեմ առ դեմ խոսել տեսակապի միջոցով։

Ապագա սպառողն այսօրվա «գեյմերն» է

Մերի Բադալյան

Meta Wine & Tourism Days հարթակից գրեթե հնարավոր չէ ճիշտ օգտվել, եթե չեք հասկանում «գեյմինգից»։ Սա մեզ համար եւս նոր աշխարհ է եւ 2021 թվականի սեպտեմբերից մեր թիմը կրթվում է այս ուղղությամբ։ Մենք նաեւ հասկացանք, որ գինի արտադրող ընկերությունները, խոշոր տուրիստական ընկերությունները պատրաստ չեն ապագա սպառողին, չգիտեն նրա վարքագիծն ու պահանջները, իսկ ապագա սպառողն այսօրվա «գեյմերն» է։

photo © «ԷվենտՏուրա»


Այժմ փորձում ենք գտնել որեւէ «գեյմեր» ինֆլուենսեր պատանի, որը մայիսի 24-ին կներկայացնի խաղերի կախարդող աշխարհն ու կպատմի, թե ինչու է այդ վիրտուալ աշխարհն այդքան գայթակղիչ եւ որն է նրանց պահանջն այսօրվա արտադրողից կամ ծառայություն մատուցողից։

Նունե Մանուկյան

Պետք է կարողանանք կրթել մեր գինեգործներին եւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին, որ եթե հետագայում միջազգային նման հարթակներ դիմեն մասնակցելու համար, նրանք չվախենան մասնակցել։

Մերի Բադալյանը Մերի Բադալյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանում անցկացվող մյուս փոքր փառատոնները նույնպես կարող են հարթակի միջոցով ցույց տալ մեր երկիրը։

Մերի Բադալյան

Այս հարթակը մեծ ներուժ ունի, հետագայում այն կարող է նաեւ դառնալ Հայաստանում պատրաստված արտադրանքի ներկայացման հարթակ։

Անի Խչոյան