17:48 | 04.05.22 | Հոդվածներ | exclusive 5539

Ալ Եսայան. Հաջողության հասնում են հոգ տանելով, նվիրվելով ու ծառայելով

«Մեզանից յուրաքանչյուրն ունի որեւէ հմտություն, որով կարող է կիսվել ու սովորեցնել առնվազն 10 մարդու: Սա է հասարակությունների զարգացման ճանապարհը», - ասում է IntelinAir ընկերության հիմնադիր, գործարար Ալ Եսայանը:

PMI Science գիտահետազոտական կենտրոնում, «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում, նա ներկայացրել է «Հաջողության 5 սկզբնատառերը» (5 Cs of Success), խոսել անելիքդ սրտով ու մտքով սիրելու, ծառայելու, ոգեշնչելու ու ոգեշնչվելու մասին:

***

«Խելացի է». սա ամենաբարձր գնահատականն է, գովեստի ամենատարածված խոսքը, որ հայը կարող է ասել հային: Հարց է առաջանում, եթե բոլորս խելացի ենք, ինչո՞ւ է երկիրն այս վիճակում: Խելքը կարեւոր է, բայց պակաս կարեւոր չեն նաեւ մեր սրտերը: Ինքնազարգացման, հաջողության բանաձեւերի մասին հազարավոր գրքեր կան գրված, այսօր նոր բան չեմ ասելու ձեզ, պարզապես կիսվելու եմ իմ տարբերակով:

Հոգատարություն

Հաջողության հասնելու առաջին բաղադրիչն, ըստ իս, հոգատարությունը, հոգ տանելն է: Ոչ մեկ ոչինչ չի կարողանա ստեղծել առանց հոգատարության: Եթե ինչ-որ հարցում ասում եք՝ «էհ, դե մի բան կանենք», երբեք ոչինչ չեք կարողանա անել: Պետք է վստահ ասեք՝ «ես սա կանեմ, պատ էլ լինի՝ գլխով կկոտրեմ, կանցնեմ»:

Ալ Եսայանը Ալ Եսայանը
photo © Մեդիամաքս


Ինչի՞ց է սկսվում հոգատարությունը: Ինձ համար, այն սկսվում է ոգեշնչումից, անգլերեն՝ «inspiration», «be in spirit»: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ գործ ոգեշնչում, ոգի է ներշնչում ձեզ: Սիրահարվածության նման է, երբ ձեզ օդում եք զգում:

Հաջողությունը կամայական կառույցի նման պետք է ամուր հիմք ունենա: Եթե ես ի սկզբանե այնպիսի հիմք եմ դրել, որը նախատեսված է երկու հարկ կառուցելու համար, դրա վրա, եթե բարձրահարկ էլ կարողանամ կառուցել, վաղ թե ուշ փլուզվելու է: Նույնը մարդու դեպքում է: Եթե դուք չկողմնորոշված եք, ամուր հիմք չունեք, մի օր արթնանում եք ու որոշում տվյալագիտությամբ զբաղվել, որովհետեւ «դե փող կա մեջը», մյուս օրը տնտեսագետ եք, հետո երաժիշտ՝ հաջողության հասնելն անհնար է:  

Նվիրում

Եթե ինչ-որ բան կարեւոր է ձեզ համար, պետք է գործեք, նվիրվեք դրան: Ձեր գլխում պարբերաբար մտքեր են հայտնվելու՝ «դու բավարար խելացի չես, որ կարողանաս անել սա», «բավարար գեղեցիկ չես», «բավարար ուժեղ չես»: Մի՛ լսեք, հնարավոր չէ սիրել մարդուն, աշխատանքը, ստեղծածդ՝ առանց նվիրման:

photo © Մեդիամաքս


Հայաստանում հաճախ է լինում, երբ ինչ-որ գործ սկսելիս մարդիկ ասում են՝ «ես ի՞նչ շահ կունենամ, ինչքա՞ն փող են տալիս»: Մեկ-մեկ թվում է՝ արածիդ համար պատասխանատվությունը, հպարտությունը վերացել է: Երբ Իրանում էի ապրում, այնտեղի լավագույն մեխանիկները, լավագույն բժիշկները, լավագույն ատամնաբույժները հայեր էին, հետագայում չգիտեմ՝ ինչ պատահեց, որ կորցրեցինք այս՝ լավագույն մասնագետ լինելու հպարտությունը: Բարեբախտաբար, կորցրեցինք ոչ ամբողջությամբ: Այսօր Հայաստանում կան անհավանական մարդիկ, անհավանական արվեստագետներ, երաժիշտներ ու ինժեներներ: Մենք անպայման պետք է վերադառնանք իրավիճակին, երբ հիանալի մասնագետ լինելը հպարտանալու ու իմացածդ ուրիշների հետ կիսելու առիթ էր:

Կոմպետենցիա

Ուզում եմ հարցնել ձեզ՝ կա՞ ինչ-որ բան, որեւէ հմտություն, որին շատ լավ եք տիրապետում, որով ոգեշնչվում եք, սիրում եք այն ու կարող եք սովորեցնել նաեւ այլ մարդկանց: Դուք դահլիճից տարբեր հմտություններ եք նշում՝ ֆիզիկա, կենսաբանություն, խոհարարություն, բայց քանի՞սդ է մինչեւ այս պահը փորձել կիսվել այս հմտություններով գոնե ամենամտերիմ մարդկանց հետ: Գնալ ու ասել՝ «ես սիրում եմ այսինչ բանն անել, ինձ մոտ լավ է ստացվում, կարող եմ կիսվել ձեզ հետ, սովորեցնել»: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս առումով մենք առաջինը մտածում ենք՝ «է՜, նրանց հետաքրքիր չի լինի»: Ձեր ամենամտերիմ մարդիկ նույնիսկ չգիտեն՝ ինչ կա ձեր սրտում, ինչն է ոգեշնչում ձեզ, դուք մարդկանց հետ չեք կիսվում ձեր երազանքներով:

photo © Մեդիամաքս


Իհարկե, երազանքներն առանց հստակ օրակարգի ու իրագործման ծրագրի այդպես էլ ուղղակի երազանքներ կմնան, բայց պատմե'ք հարազատ մարդկանց դրանց մասին: Օրինակ՝ իմ երազանքն է, որ ինձանից թեկուզ որեւէ փոքրիկ բան սովորած բոլոր մարդիկ գնան ու եւս 10 մարդու պատմեն այդ մասին: Այստեղ նստած շատերդ եք հիմա մտածում՝ «ոչ, ես ոչինչ էլ չեմ կարողանում անել ու ոչինչ չեմ կարող սովորեցնել որեւէ մեկին»: Այս մտքի հիմքը հաջողության համար անհրաժեշտ մեր երրորդ բաղադրիչն է՝ կոմպետենցիան: Ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելու համար պետք է կոմպետենցիա ունենալ, հատկապես հիմա, երբ շատ են շառլատանիզմով զբաղվող մարդիկ, որոնք իրենց վատ անգլերենով գալիս ու խորհուրդ են տալիս ձեզ՝ ինչպես արագ անգլերեն սովորել: Կոմպետենցիա ունենալու ուղղությամբ պետք է աշխատեք: Երբ սովորում եք բակալավրիատում, ձեր կոմպետենցիան մասնագիտական հարցերում մեկ քայլով բարձրանում է, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում՝ էլ ավելի: Բայց մի բան հստակ է՝ կոմպետենցիայի չեք կարող հասնել առանց առաջին երկու բաղադրիչների՝ հոգատարության ու նվիրման: Կրթությունը մեկ րոպեում իրականացվող գործընթաց չէ, հետեւողական աշխատանք է պետք:  

Ստեղծարարություն

Երբ ինչ-որ հարցում ունեք կոմպետենցիա, սկսում եք ձեզ թույլ տալ նաեւ ստեղծարար լինել: Երբ կոմպետենտ զգալով եք ինչ-որ բան անում՝ ձեզ սկսում է մեկ լինել, եթե նույնիսկ մարդիկ ծիծաղեն ձեզ վրա: Ի դեպ, եթե ձեզ սկսում է մեկ դառնալ, թե մարդիկ ինչ կմտածեն ձեր մասին, հաջողության ճանապարհին եք: Այն պահից, երբ սկսում եք ստեղծարար լինել, հստակ բաժանում եք դնում ձեր ու միջակության միջեւ: Միջակությունը շատ տարածված՝ «դե մի բան կանենք»-ն է: Եթե ինչ-որ մեկից լսում եմ նման արտահայտություն, նրան երբեք աշխատանքի չեմ ընդունի: Մեկ այլ արտահայտություն, որ հաճախ ենք լսում Հայաստանում՝ «գիտեմ»-ն է. որեւէ բանի մասին խոսում ես մարդու հետ, կիսվում, իսկ ինքն ընդհատում է՝ «գիտեմ»: Ի՞նչն է սրա հիմքը. սովորել չուզե՞լը, ամո՞թը, թե՞ ուղղակի ընդհատելը, որ դիմացինն էլ չշարունակի:

photo © Մեդիամաքս


Ստեղծարար լինելուն զուգահեռ շատ կարեւոր է նաեւ անկեղծ արձագանքներ` «feedback»-եր տալ ու ստանալ: Խոսքն ուղղակի մարդկանց կարծիքների կամ անհիմն գովասանքի մասին չէ, արձագանքը կարող է խորհուրդ լինել, առողջ քննադատություն: Առանց անկեղծ գնահատականների՝ ինչպե՞ս եք պատրաստվում ավելի լավը դառնալ:

Համայնք

Հաջողության հինգերորդ բաղադրիչը համայնքն է ու դրան ծառայելու կարողությունը: Ինչո՞ւ ենք մենք կրթություն ստանում, աշխատում, որ կարողանանք որեւէ ծառայություն մատուցել: «Ծառա» բառը Հայաստանում միանգամից բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Բոլոր նման ելույթներիս ժամանակ, երբ խնդրում եմ ասել դրան համապատասխանող անգլերեն բառը, գրեթե միշտ դահլիճից առաջինը «slave»՝ «ստրուկ»-ն է հնչում, այն դեպում, որ ծառայելն ավելի շատ «to serve»-ի մասին է: Ամենալավ բանը, որ մարդը կարող է իր մասին ասել ինձ, ոչ թե «ես խելացի եմ» -ն է, այլ՝ «ես պատրաստ եմ ինչ-որ բանի ծառայել»: Համայնքի մասին մտածելով՝ յուրաքանչյուրս կարող է ինչ-որ բանի ծառայել: Հայաստանում այսօր բազմաթիվ հնարավորություններ կան:

Ալ Եսայանը Ալ Եսայանը
photo © Մեդիամաքս


Երբ ինձ հարցնում են՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ դրակա՞ն, թե՞ բացասական պատկերացումներ ունեմ, ասում եմ՝ պատերազմից հետո դրականին հակված լինելը նույնիսկ ավելացել է: Պատճառն այն է, որ պատերազմը ջրի երես հանեց ճշմարտությունն ու սուտը. մենք պարտվեցինք տեխնոլոգիական պատերազմում, պարտվեցինք արժեքների պատերազմում ու առաջին հարցը, որ ծագում է ինձ մոտ՝ «իսկ ես ինչպե՞ս եմ ծառայել»:

***

Հայաստանի PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխարհում երրորդն է Շվեյցարիայից եւ Սինգապուրից հետո։ Կենտրոնը համագործակցում է տեղական հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ PMI Science-ի հետազոտողներն աշխատում են մի շարք առաջնային ուղղություններով ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն , Նորարարությունների կառավարում:

«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը եւ Հայաստանի ապագան կրթությամբ վերափոխելն է: Այն ստեղծվել է 2006 թվականին, մարդկանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք եւ նպատակ ունեն սեփական ներդրմամբ ստեղծելու որակյալ կրթություն ապահովող համակարգեր:  «Այբ»-ի առաքելությունն է՝ ձեւավորել սովորելու գերազանցության մշակույթ եւ աջակցել հայկական կրթության զարգացմանը` Հայաստանը դարձնելով միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու նոր ու որակյալ կրթական հարթակ ապահովող երկիր:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի