14:33 | 03.05.22 | Նորություններ | 1961

Team Telecom Armenia-ն ավարտեց վերաբրենդավորումը

Այսօր Beeline-ը պաշտոնապես փոխարինվեց Team Telecom Armenia նոր ապրանքանիշով։

Team Telecom Armenia-ն ազդարարեց վերաբրենդավորման գործընթացի ավարտի մասին, որը մեկնարկել էր մեկուկես տարի առաջ «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։

Այսուհետ Beeline ապրանքանիշը Հայաստանում դուրս կգա գործածությունից։

photo © Մեդիամաքս


Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ այս ընթացքում բավականին մեծ ծավալով աշխատանքներ են կատարել վերաբրենդավորումը կարճ ժամանակում ավարտին հասցնելու համար։

«Բրենդինգն իրականացրել են մեր ընկերության աշխատակիցները։ Վերանվանեցինք Team-ի, քանի որ հենց թիմն է մեզ առաջ շարժվելու հնարավորություն տալիս։ Բաժանորդներն իրենց բջջային հեռախոսների վրա արդեն Beeline-ի փոխարեն տեսնում են Team։

Հայաստանի տարածքում գործող 78 սպասարկման սրահներ շատ կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ վերաբրենդավորվել են»,- նշել է Հայկ Եսայանը։

photo © Մեդիամաքս


Team Telecom Armenia-ի կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանը մեկնաբանել է գույների ընտրությունը.

«Կապույտ, մորեգույն, մեղմ երկնագույն. այս գույները ստեղծում են այն ներդաշնակությունը, որը կարող եք տեսնել մեր սպասարկման կենտրոններում։ Գույների ընտրության վրա երկար ենք աշխատել, դիզայներները ուսումնասիրել են բոլոր ժամանակակից թրենդները, նաեւ Հայաստանում ՏՀՏ ոլորտը: Ընտրել ենք գույներ, որոնք մեզ տարբերվող կդարձնեն եւ լավ կարտահայտեն այն միտքն ու ազատությունը, որ ցանկացել ենք դնել բրենդի մեջ»։

Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր համայնքներում, Քաջարան եւ Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաեւ Գնդեւազ գյուղում։  

photo © Մեդիամաքս


Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում եւ 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում եւ ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ամբողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի կապի որակը։

Նունե Գրիգորյան