11:47 | 15.03.22 | Նորություններ | 1383

Արցախի «Մունք» տեխնոդպրոցի համար հավաքվել է 70 մլն դրամ

Արցախի Հաղորտի գյուղում կառուցվող «Մունք» տեխնոդպրոցի համար դրամահավաքն ավարտված է. նախատեսված 67,5 մլն դրամի փոխարեն հավաքվել է շուրջ 70 մլն:

Տեխնոդպրոց ստեղծելու դրամահավաքն ընթացել է «ռեԱրմենիա» հարթակում։

«Տեխնոդպրոցի շնորհիվ՝ միայն Մարտունու շրջանից շուրջ 300 երեխա հնարավորություն կունենա ապրել իր համայնքում ու միջազգային մակարդակի տեխնոլոգիական կրթություն ստանալ, սովորել ծրագրավորում, ավիամոդելավորում, գրաֆիկ դիզայն, թվային մարքեթինգ»,- ասել է «ռեԱրմենիա»-ի տնօրեն Գեւորգ Պողոսյանը։


Նախագիծն իրականացնող «Ես» կրթական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մերի Մկրտումյանն էլ նշել է, որ տեխնիկական վերազինման շնորհիվ «Մունք»-ը իր սաներին հնարավորություն կտա կապի մեջ լինել ոլորտի լավագույն մասնագետների հետ, տեղայնացնել նրանց գիտելիքն ու փորձը, եւ հենց գյուղում ապահովել որակյալ կրթություն:

«Տեխնոդպրոցի համար հավաքագրած գումարի մի մասը կհատկացվի կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներին, իսկ գումարի գերակշիռ մասը կծախսվի սարքավորումների ձեռքբերման վրա»,- ասել է նա։

«Մունք» տեխնոդպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են գրեթե մեկ ամիս առաջ, այժմ, շինարարությանը զուգահեռ, իրականացվում է կրթական «տաղանդների բացահայտման» փուլը։ Շարժական լաբորատորիաների շնորհիվ մասնագետներն այցելում են տարբեր համայնքներ ու գտնում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվող երիտասարդների։

Տեխնոդպրոցը նախատեսվում է շահագործել այս ամռանը։ Ըստ նախագծի հեղինակների՝ դպրոցի շնորհիվ մեկ տարի անց Հաղորտին ՏՏ ոլորտում կունենա շուրջ 40 մրցունակ մասնագետ: