10:40 | 15.03.22 | Նորություններ | 1130

Ամփոփվել է «ՄԱԹԵՄարդ» արշավը

Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում›› մարտի 14-ին տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը:  

«ՄԱԹԵՄարդ»  արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության եւ կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ. խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է չորս պարտադիր առարկաներ, որոնցից մեկը մաթեմատիկան է։

«Միասնական քննությունների արդյունքներով, ցավոք, մաթեմատիկան շարունակում է մնալ այն առարկան, որից արձանագրվում են ամենացածր արդյունքները, եւ սա մեզ լրջորեն մտածելու տեղիք պետք է տա։ Եթե խոսում ենք STEM առարկաների զարգացման մասին, ապա առանց մաթեմատիկական գիտելիքների եւ կարողությունների առաջ չենք կարող գնալ։ Հետևաբար` մենք խիստ կարեւորում ենք, որ մաթեմատիկայի ուսուցման որակն էապես բարձրանա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նա փաստել է, որ առկա են որոշակի հանրային ընկալումներ եւ կարծրատիպեր, ըստ որոնց՝ բնագիտական առարկաները հեշտությամբ տրվում են տղաներին։

«Ցավոք, այս կարծրատիպերը վերարտադրվում են նաեւ դպրոցում, երբ որեւէ մեկի անզգույշ խոսքը կարող է փակել մաթեմատիկայով հետաքրքրված աղջիկների ճանապարհը։ Մենք պետք է խրախուսման տարբեր ձեւեր գտնենք եւ խոչընդոտ չհանդիսանանք այն մեծ ճանապարհին, որ կարող է ունենալ յուրաքանչյուր աղջիկ։ Միայն ՏՏ ոլորտում վերջին 5 տարում ավելի քան 4 անգամ բազմապատկվել է աղջիկների եւ կանանց ներգրավվածությունը։ Մեր երկիրն այս առումով աշխարհի մակարդակով ունի բավականին լավ ցուցանիշներ՝ ավելի քան 30 տոկոս մասնակցություն ՏՏ ոլորտում»,- նշել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մաթեմատիկայի զարգացման ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակվում է ծրագրային գործիք՝ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիա, որն առաջիկայում կփորձարկվի եւ կդառնա մաթեմատիկայի ուսուցումը խթանելու միջոց։

«Արմաթ» լաբորատորիաների հետ համագործակցության շնորհիվ փորձ է արվում ստեղծելու մի միջավայր, որտեղ ինժեներական լաբորատորիաները կաջակցեն դպրոցում STEM ուղղության զարգացմանը։ Այդ նպատակով մշակվում են համատեղ ծրագրեր՝ մաթեմատիկայի ուղղությամբ նախագծային աշխատանքը զարգացնելու համար։

«ՄԱԹԵՄարդ» արշավը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ԻԼՏԿ հիմնադրամը։