11:41 | 15.03.22 | Նորություններ | 2338

Վանաձորում պաշտոնապես բացվել է Synergy-ի մասնաճյուղը

Վանաձորում պաշտոնապես բացվել է Synergy Armenia-ի մասնաճյուղը:

«Երկար տարիներ է՝ Synergy-ի առաջնահերթությունն է դուրս գալ մայրաքաղաքից՝ մարզեր հասցնելով մեր տեխնոմիտքը, կորպորատիվ մշակույթն ու բարձր որակավորման մասնագետներին, որպեսզի մարդիկ չլքեն իրենց բնակավայրերն ու նպաստեն տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը։ Synergy International Systems-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է ռազմավարական ծրագրերի իրականացումը՝ աշխատատեղեր ստեղծելով մարզերում»,- բացման արարողության ժամանակ ասել է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Աշոտ Հովանեսյանը եւ Աննա Ստեփանյանը Աշոտ Հովանեսյանը եւ Աննա Ստեփանյանը
photo © Synergy Armenia


Նա նշել է, որ «ինչքան շատ մեր քաղաքները զարգանան, այնքան երկիրն ավելի ուժեղ կլինի, որովհետեւ համաչափության մեջ է ուժը»։



Synergy International Systems-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Ստեփանյանն էլ ասել է, որ Վանաձորում մասնաճյուղ ունենալն ընկերության երազանքներից մեկն էր.

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը
photo © Synergy Armenia


«Փորձում էինք հասկանալ, թե որտեղ կարելի է մասնաճյուղ բացել։ Դրա առիթը եղավ նաեւ այն, որ Վանաձորից Էրիկ Սահակյանը մեզ դիմեց՝ աշխատանքի համար, հետո մենք նրա մասին պատմեցինք մեր ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին, նա էլ ասաց՝ «Ոչ թե Վանաձորը կբերենք Երեւան, այլ Երեւանը կտանենք Վանաձոր»:  

Վանաձոր գրասենյակն ընկերության արդեն երրորդ մասնաճյուղն է. 2012-ին Ստեփանակերտում, իսկ 2016-ին Գյումրիում են բացվել մյուս երկուսը։

1997թ.-ին հիմնված ընկերության գլխամասը Վաշինգտոնում է: Ընկերությունն աշխարհի 80-ից ավելի երկրում ունի գործընկերներ, 300-ից ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետ, որոնցից 56%-ը կանայք են, իսկ աշխատակիցների 44%-ը՝ տղամարդիկ։ 2005-ից գործում է Synergy ակադեմիան։