15:56 | 09.02.22 | Նորություններ | 1393

Traction ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան առցանց Դեմո օրվա ընթացքում ներկայացրել է «Traction» ծրագրի երկրորդ շրջանի 8 շրջանավարտ-ընկերություններին:

Ինտենսիվ մենտորության արդյունքում ստարտափները ունեցել են մի քանի նշանակալի ձեռքբերումներ, որոնց թվում՝ ընդունելություն միջազգային աքսելերացիոն ծրագրեր, պրոդուկտների կատարելագործված տարբերակների թողարկումներ, ներդրումների ներգրավում, օգտատերերի բազայի զգալի աճ, 100 հազար եվրո եկամտի նշագիծ անցնելը: 5 ընկերություններ արժանացել են ԵՄ-ի դրամաշնորհին` մինչեւ 50 հազար եվրոյի չափով:
 
«Traction» ծրագիրը ինտենսիվ մենտորության վրա հիմնված ծրագիր է, որը նախատեսված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ արդյունքներ գրանցած ընկերություններին արագացնել իրենց աճը՝ աջակցություն տրամադրելով վաճառքի խթանման, աճի հաքինգի եւ ներդրումների ներգրավման համար:



Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է.

«Արդեն երկու տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը միացել է այս նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից, եւ ես կցանկանայի, որ այս ծրագիրն օգնի բացահայտելու ավելի շատ տաղանդներ եւ ճանապարհ հարթի դեպի աճ եւ նորարարություն՝ մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս»: