«Orion»-ի եւ «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման ինժեներներ կպատրաստվեն։
Ծրագիրն իրագործում է Armenian Code Academy-ն (ACA)՝ «Embodied» եւ «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։
Կրթությունն ուսանողների համար անվճար է, ուսումը կտեւի 5 ամիս` 20 ընտրված շրջանավարտներով։
«Հայաստանում ավագ մասնագետների պակաս կա։ Հետագա տարիներին ՏՏ ընկերությունները շարունակելու են արագ զարգանալ, հետեւաբար, մասնագետների կարիք ավելի շատ է լինելու։ Որոշեցինք խնդիրը լուծել կրթության եւ միջազգային չափանիշներով փորձառության հնարավորություն ստեղծելու միջոցով: Հաջողության դեպքում ուսանողների եւ ծրագրերի քանակը կավելացնենք»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։
Դիանա Արզումանյանը եւ Հասմիկ Գալստյանը
photo © BAJ Unicorn ակադեմիա
«Մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ պատրաստելու համար հրավիրել ենք դասախոսների աշխարհի առաջատար ընկերություններից եւ համալսարաններից։ Դասախոսներ ունենք Արիզոնայի համալսարանից, Google-ից եւ այլ միջազգային ընկերություններից»,- նշել է Armenian Code Academy-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանը։
Նարեկ Ասլիկյանը
photo © BAJ Unicorn ակադեմիա
Լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ կստանան «Embodied» եւ «cognaize» ստարտափներից, որոնք երկուսն էլ մեծ հաջողություններ են արձանագրել համաշխարհային շուկայում եւ ներկայում ակտիվորեն համալրում են հայաստանյան թիմերը։
«Օրիոնը» (
Orion Worldwide Innovations) ստարտափների աճի եւ փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ եւ պաշտպանում իրենց նորարարությունները։
«BAJ Accelerator»-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար:
Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար հաստատություն է՝ հիմնադրված Երեւանում։ Վերջին վեց տարիների ընթացքում ACA-ն առաջարկում է բարձրորակ կրթական ծրագրեր։