08:53 | 05.02.22 | Նորություններ | 1438

Գերմանիայում Թումո կենտրոնների եւ տուփերի ցանց կհիմնվի

Թումոն եւ գերմանական KfW զարգացման բանկը ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների եւ տուփերի ցանց։

«Թումո Բեռլինի բացումը առաջին եւ նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարավորություն կտա տարածել Բեոլինի արդյունավետ փորձը ամբողջ Գերմանիայով», - ասել է KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը:

«KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է Թումոյի՝ որպես ազգային նախաձեռնություն տարածվելու կոնցեպտը։ Այն ունի մի շարք դրական կողմեր՝ ներառյալ ավելի բարձր արդյունավետությունը, ցածր ինքնարժեքը, եւ, ամենակարեւորը, գալիք սերնդի նորարարների է՛լ ավելի մեծ թվի համար հասանելի լինելը երկրով մեկ», - նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Բեռլինում գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երեւանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի եւ KfW-ի համագործակցությանը։

Գերմանիայի գալիք կենտրոնները կհետեւեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտներում. ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, լուսանկարչություն, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն ու նկարչություն։

Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում եւ Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում եւ Պորտուգալիայում։