18:00 | 18.01.22 | Հոդվածներ | exclusive 5509

«Գրքասեր» հավելվածում հասանելի են մոտ 800 հայերեն աուդիոգրքեր

Հայերեն աուդիոգրքեր նախընտրողների շատ սիրելի «Գրքասեր» աուդիոդարանն արդեն հավելված ունի, որը հասանելի է App Store-ում: Հավելվածի մասին Itel.am-ը զրուցել է «Գրքասեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ազիզբեկյանի եւ Groksmith ընկերության ներկայացուցիչների հետ:

Աուդիոգիրքը՝ լեզուն պահպանող

Տիգրան Ազիզբեկյան. «Գրքասեր» նախաձեռնությունը մեկնարկել ենք դեռեւս 2014 թվականից, երբ սկսեցինք հայերենով առկա գրականությունը աուդիո տարբերակով թվայնացնել ու տեղադրել grqaser.org կայքում՝ անվճար ներբեռնելու հնարավորությամբ:

Մեր պատկերացմամբ՝ արտերկրում բանավոր հայերենը շատ ավելի երկար է պահպանվում, քան գրավորը: Ապրելով Հայաստանից դուրս՝ մարդիկ մայրենի լեզուն լսելու տարբերակներ քիչ ունեն, դրա համար այն մնում է կենցաղային մակարդակում, եւ լեզվի հարստությունը երեխաներին փոխանցելն ավելի դժվար է դառնում: Հայերենով աուդիոգրքերի առաջնային նպատակը հենց դա է՝ օգնել երեխաներին սովորեցնել գրագետ հայերեն ու նպաստել հայապահպանությանը:

Իհարկե, այսօր մեր լսարանը շատ ավելի մեծ է: Նախաձեռնությունը լավ լուծում է նաեւ տեսողության խնդիրներ ունեցող կամ պարզապես գերզբաղված մարդկանց համար:

Տիգրան Ազիզբեկյանը Տիգրան Ազիզբեկյանը
photo © Մեդիամաքս


Տարիների ընթացքում շատ էին հարցնում՝ արդյոք չի՞ լինելու «Գրքասեր»-ի հավելվածը: Պահանջարկն իսկապես մեծ էր, սակայն ֆինանսական սուղ միջոցների պայմաններում գերադասում էինք մի քանի գիրք ավել ձայնագրել, քան գումար ներդնել հավելվածի մշակման համար:

Այսօր արդեն առկա «Գրքասեր» հավելվածը նվեր է Groksmith ընկերության կողմից, ինչի համար երախտապարտ ենք: Մենք էլ մեր հերթին շարունակելու ենք ընդլայնել աուդիոդարանը, քանի որ մեր առջեւ խնդիր ենք դրել թվայնացնել հայերենով առկա ամբողջ գրականությունը:

Մի բանով էլ մենք օգնենք

Արթուր Հակոբյան, Groksmith ընկերության Project Manager/ Product Manager. Որոշ ժամանակ առաջ մեր ընկերության տնօրեն Հովհաննես Կուլողլյանը առիթ ունեցավ Տիգրան Ազիզբեկյանի հետ զրուցելու հայերեն աուդիոգրքերի պատրաստման նախաձեռնության մասին: Այդ զրույցը նրա համար շատ ոգեւորիչ էր, եւ Հովհաննեսը ցանկություն հայտնեց աջակցելու նախաձեռնությանը՝ մեր ընկերության լուման ներդնելով այդ գործի մեջ: Պայմանավորվեցին, որ մենք մեր կողմից կպատրաստենք «Գրքասեր»-ի հավելվածը:

Մարիամ Մուրադյան, Groksmith ընկերության մարքեթինգի պատասխանատու. Պրոդուկտը հայերեն գրականությունն է՝ հայ եւ միջազգային հեղինակների: Տարբեր ժանրերի գրքեր են, մոտ 800 աուդիոգիրք կա:

Մարիամ Մուրադյանը Մարիամ Մուրադյանը
photo © Groksmith


Այս պահին հավելվածը դեռեւս հասանելի է միայն iOS համակարգի համար: Հիմա ակտիվ աշխատում ենք հավելվածի թարմացված տարբերակի ուղղությամբ, եւ հույս ունենք, որ 2-3 ամսից կունենաք նոր դիզայնով հավելված, որը հասանելի կլինի նաեւ Android համակարգի օգտատերերին:  

Հավելվածի հնարավորությունները

Արթուր. Ներկայիս տարբերակում հավելված մուտք գործելիս օգտատերն անմիջապես տեսնում է աուդիոգրքերի ցանկը: Ունենք որոնման համակարգ եւ 3 ֆիլտրեր՝ ըստ հեղինակի, ժանրի եւ տարիքի: Ցանկացածի վրա սեղմելով կարող ենք տեսնել սեղմագիրը եւ ծանոթանալ գրքի բովանդակությանը: Դրանից հետո տվյալ գիրքը կարող ենք լսել առցանց կամ ներբեռնել սարքի մեջ: Այն աուդիոգրքերը, որոնք լսում ենք կամ ներբեռնում, հայտնվում են «Իմ աուդիոգրքեր» բաժնում:

Արթուր Հակոբյանը Արթուր Հակոբյանը
photo © Groksmith


Բուն նվագարկչի հատվածն ունի հետեւյալ հնարավորությունները. 30 վայրկյան հետ կամ առաջ տանել, մատի շարժումով հետ ու առաջ տանել աուդիոյի ամբողջ երկայնքով, դադար սեղմել, կարգավորել արագությունը՝ 2 անգամ դանդաղից մինչեւ 2 անգամ արագ: Եթե գիրքը բաղկացած է մեկից ավելի մասերից, համապատասխան բաժնում ընդգծվում են այն գլուխները, որոնք արդեն օգտատերը լսել է:

Ունենք նաեւ նվագարկչի պարզ տարբերակը, որն ընդունված է երաժշտական կամ աուդիոգրքերի հավելվածներում: Այս պարագայում հիմնական գործառույթների կոճակներն անջատվում են, մնում է միայն 3 կոճակ՝ միացնել-անջատել, 30 վայրկյան հետ ու 30 վայրկյան առաջ: Պարզ նվագարկչի տարբերակը հարմար է, օրինակ, մեքենա վարելիս, որպեսզի մարդու ուշադրությունը կոճակների բազմազանության մեջ չշեղվի ճանապարհից:

Հավելվածն ունի նաեւ ժամանակաչափ, որի միջոցով կարելի է կարգավորել, թե երբ անջատվի աուդիո գիրքը: Օրինակ՝ անջատել 5 րոպեից, 10 րոպեից, կամ ընթացիկ գլխի ավարտից հետո:  


Հավելվածը վերաթողարկելու համար նոր հետաքրքիր գործառույթներ ենք մտածել, որոնք այն կդարձնեն ավելի առաջադեմ: Հետագայում չի բացառվում, որ ավելացնենք նաեւ գրքերի կարդալու տարբերակները:

Առաջիկայում Itel.am-ը կպատմի Groksmith ընկերության մասին:

Գայանե Ենոքյան