17:23 | 11.01.22 | Հոդվածներ | exclusive 6417

IT without borders. DataArt-ը սկսում է աշխատել Շիրակում, Լոռիում ու Սյունիքում

DataArt ծրագրային ապահովման ընկերությունը սկսում է աշխատել Հայաստանի երեք մարզերում: IT without borders ծրագրով նախատեսվում է DataArt-ի թիմեր ձեւավորել Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում, իսկ հետագայում, հնարավոր է, տեղում նաեւ ընկերության գրասենյակներ բացել:

Ծրագրի մասին Itel.am-ը զրուցել է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանի եւ DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանի հետ:
 
Նպատակը ոչ միայն բիզնեսն է, այլեւ մարզերը զարգացնելը

««IT-ն առանց սահմանների»-ն մեր հիմնական կարգախոսներից է ու հիմա դրա շուրջ նոր ծրագիր ենք սկսում: Դեռ անցյալ տարվանից նպատակ ունեինք ընդլայնվել դեպի մարզեր, քանի որ դրանցում մեծ ներուժ ենք տեսնում», - ասում է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը:

Նա ընդգծում է՝ նպատակը ոչ թե մարզերում պակաս վարձատրությամբ աշխատակիցներ, այլ տաղանդներ գտնելն է.

«Մեզ համար խորթ է բիզնես մոդելը, երբ նույն ընկերության մարզային աշխատակիցն ավելի ցածր աշխատավարձ է ստանում, կամ չի ունենում մասնագիտական աճի հնարավորություն: Կարծում ենք՝ այդ մոդելն ի վերջո իրեն չի արդարացնում: Այդ սկզբունքով մասնագետը մարզում կարող է աշխատել մեկ տարի, ինչից հետո կհասկանա, որ աճելու, նոր հմտություններ սովորելու տեղ մարզում այլեւս չունի, կտեղափոխվի Երեւան ու մարզն էլի կմնա «կոտրած տաշտակի» առաջ: Մարզեր մտնելը մեզ համար ոչ միայն բիզնես է, այլեւ դրանք զարգացնելու հնարավորություն: Մի կարեւոր քաղաքականություն ունենք՝ մարզերում մեր աշխատակցին տրվելու են բոլոր այն հնարավորությունները, ինչ կան Երեւանում՝ մասնագիտական աճի, աշխատավարձի, արտոնությունների առումով»:

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


Արսեն Բաղդասարյանի կարծիքով՝ նման ծրագրերը կարող են օգնել շատերին մնալ իրենց ծննդավայրում, քանի որ տեղում կունենան պատշաճ աշխատանք.

«Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել եմ Գյումրի ու հասկացել՝ ինչքան մեծ պոտենցիալ ու ինչքան հետաքրքիր մարդիկ կան այնտեղ»:  

Հեռավար աշխատանքն ու մարզային գրասենյակները

DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ մարզերում հավաքված թիմերը նախ կաշխատեն հեռավար ձեւաչափով, որից հետո կորոշվի տեղում գրասենյակ ունենալու հարցը.

«Վերջին երկու տարին ցույց տվեց, որ գործնականում գրեթե կարեւոր չէ, թե մասնագետը որտեղից է աշխատում, հեռավար աշխատանքը լիովին մտել է մեր առօրյա: Դրա հետ մեկտեղ մենք համոզված ենք, որ ամբողջապես հեռավար աշխատելն այնքան էլ չի համապատասխանում մարդու՝ սոցիալական էակ լինելուն: Մենք գիտենք, որ նշված երեք քաղաքներում կան co-working-ներ ու տեղի թիմի անդամները ցանկացած պահի կարող են հավաքվել ու այնտեղ աշխատել, կամ գալ Երեւան, այստեղի գրասենյակում շփվել աշխատակիցների հետ, ծանոթանալ թիմի մշակույթին: Ինչ վերաբերում է մարզերում ֆիզիկական գրասենյակներ ունենալուն, այդ որոշումը կկայացնենք ժամանակի ընթացքում՝ դիտարկումների արդյունքում»:

Արսեն Բաղդասարյանն օրինակ է բերում DataArt-ի վրաստանյան գրասենյակը, որտեղի թիմը եւս սկզբում աշխատել է հեռավար ձեւաչափով, իսկ երբ ձեւավորվել է կայուն համայնք, որոշվել է գրասենյակ բացել:

Մարզային թիմերի հիմքում պետք է պրոֆեսիոնալներ լինեն

«Մարզային թիմերն առաջին հերթին պետք է համալրենք բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Փորձը ցույց է տալիս, որ «core team»-ը պետք է լինեն լուրջ փորձ ունեցող մասնագետները, որոնց շուրջ հետագայում կկարողանանք հավաքել կրտսերներին ու ոչ այնքան հմուտ մասնագետներին», - ասում է Արսեն Բաղդասարյանը:

DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանի խոսքով՝ աշխատակիցների ընտրությունը մարզերում կատարվելու է այնպես, ինչպես եւ գլոբալ Data Art-ում:

«Չափորոշիչները, կամ հավաքագրման գործընթացը մեկն է բոլոր երկրների ու քաղաքների համար: Մենք փնտրելու ենք մասնագետների, որոնք լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը, սիրում են այն ու ձգտում են դառնալ լավագույններից իրենց ոլորտում: Փնտրելու ենք առաջին հերթին մարդկանց, մարդկային որակներ, սա մեր թիմի համար շատ կարեւոր է», - ասում է Իշխան Մարգարյանը:

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Ընկերությունը պատրաստ է հավաքագրել ոչ միայն անհատների, այլեւ թիմերի, որոնք արդեն իսկ աշխատում են մարզերում ու կցանկանան խոշոր ընկերության մաս դառնալ. «Մենք նշում ենք մարզերի երեք քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր եւ Գորիս, բայց այս ծրագրով աշխատելու համար մարդիկ կարող են դիմել ամբողջ մարզից, պարզապես այս քաղաքներն ընտրել ենք, քանի որ այստեղ են գտնվում մարզերի տեխնոլոգիական կենտրոնները», - ասում է Իշխան Մարգարյանը:

DataArt-ից նշում են՝ ծրագիրը սկսում են Շիրակից, Լոռիից ու Սյունիքից, բայց հետագայում նպատակ ունեն այն իրականացնել նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

Յանա Շախրամանյան