16:43 | 05.01.22 | Հոդվածներ | exclusive 3717

Wireless NetSci աշակերտական ստարտափը, Bluetooth-ն ու 5G-ն

Հեռախոսով զանգեր կատարելիս նախընտրելի է օգտագործել Bluetooth անլար ականջակալ, որովհետեւ այդպես անհամեմատ անվտանգ է, քան սմարթֆոնը գլխին մոտ պահած խոսելը: Այս եզրակացությունը գիտականորեն ապացուցել են Wireless NetSci ստարտափի անդամները՝ «Արմաթ» լաբորատորիայի 3 աշակերտները իրենց խմբավար Հասմիկ Մարտիրոսյանի եւ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արսեն Հախումյանի ղեկավարությամբ:  

Itel.am-ը ստարտափի անդամների հետ զրուցել է կատարված գիտափորձի եւ խմբի կողմից ապագայում կատարվելիք հետազոտությունների մասին:  

Աշակերտների գիտական ստարտափը

Ճարտարագետ Հասմիկ Մարտիրոսյանը, որ աշխատում է ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտում, զուգահեռաբար դասավանդում է նաեւ Աշտարակի Ն․Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում: Այս համատեղումը նրան հնարավորություն է տալիս «Արմաթ»-ի իր սաներին ավելի մոտեցնել ինժեներական բնագավառին:

«Քանի որ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը շատ հարցեր են առաջացնում, աշակերտների հետ որոշեցինք ուսումնասիրել՝ ինչ ազդեցություն են ունենում դրանք մարդկության վրա: «Արմաթ»-ի իմ ավագ աշակերտների հետ դիմեցինք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արսեն Հախումյանին: Նա մեծ սիրով ընդառաջեց մեզ ու որոշեց գիտելիքներ տրամադրել աշակերտներին՝ ծանոթացնելով բջջային ցանցի կառուցվածքի եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հետ»,- պատմում է Հասմիկ Մարտիրոսյանը:

photo © Մեդիամաքս


Աշակերտները նախ լսել են դասախոսություններ՝ ծանոթանալով բջջային կապի հիմունքներին, Bluetooth անլար կապի համակարգին: Դրանից հետո ամենահետաքրքրված աշակերտները՝ Անգելինա Կիրակոսյանը, Ալբերտ Թորոսյանը եւ Տիգրան Փարվանյանը փոքրիկ խումբ են ձեւավորել՝ կատարելու գիտափորձ եւ պարզելու Bluetooth ականջակալների ազդեցությունը մարդկանց վրա: Հետագայում գիտափորձերը շարունակելու համար էլ աշակերտները հիմնել են Wireless NetSci ստարտափը:

Առաջին գիտափորձը

Ստարտափի շրջանակում կատարված առաջին գիտափորձով եկան եզրակացության, որ անլար կապի Bluetooth համակարգի ազդեցությունը մարդու վրա (ձեւավորված LAN ցանցում) նվազագույնն է` նորմայից 100 անգամ ցածր։ Մինչդեռ բջջային հեռախոսով խոսելիս սարքը ականջին դնելը վտանգավոր է:

photo © Մեդիամաքս


Փորձը կատարել են Աշտարակի Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում՝  Արսեն Հախումյանի ղեկավարությամբ։

«Աշակերտների հետ գիտափորձը կատարել ենք Vector Network Analyser սարքի միջոցով, որը առաջինը եւ միակն է ՀՀ-ում: Սա ախտորոշիչ սարք է, որը ցույց է տալիս ռադիոսարքերի հատկությունները եւ օգնում մշակողներին հասկանալ՝ ինչպես ապահովել լավագույն պարամետրերը»,- ասում է Արսեն Հախումյանը:

Գիտափորձը կատարելու համար աշակերտները կառուցել են բջջային կապի 1 բջջի մոդել՝ բազային հաղորդիչ կայանին համապատասխան միացնելով Օմնի ճառագայթիչ ալեհավաքը, իսկ բջջային հեռախոսին համապատասխան՝ Patch-ը (ընդունիչ):

«Network Analyser սարքի միջոցով չափել ենք ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի բաշխվածությունը։ Չափման ընթացքում տեղաշարժել ենք ընդունիչը հաղորդչի նկատմամբ եւ համոզվել, որ ուղիղ տեսանելիության պայմաններում ընդունված ազդանշանը նվազում է 1/r2 օրենքով։ Ընդունիչ ալեհավաքը մոտեցնելով մեր գլխին էկրանի վրա տեսանք, որ ընդունված ազդանշանը նվազում է։ Համեմատելով ազդանշանի մակարդակը գլխին մոտ 40dB եւ գլխից հեռու 63dB պահելու դեպքում, նկատեցինք, որ գլխի մոտ պահած ժամանակ իջել է 23dB-ով: Ելնելով լոգարիթմական բանաձեւից՝ հասկանում ենք, գլխի միջով անցնելիս կլանվել է ազդանշանի 1/100-րդ մասը, ինչը հանգեցնում է ուղեղի բջիջների տաքացմանը»,- գիտափորձի մանրամասներն է պատմում 15-ամյա Տիգրան Փարվանյանը:

photo © Մեդիամաքս


«Փորձի ընթացքում չափել ենք էլեկտրամագնիսական դաշտի հզորության հոսքը (վտ/մ ²), այսինքն՝ ինչքան էներգիա կանցնի միավոր մակերեսով միավոր ժամանակում: Բջջային հեռախոսով խոսելիս ճառագայթված էլեկտրամագնիսական դաշտի ինտենսիվությունը I=2mW/sm2 է, մինչդեռ Bluetooth համակարգի օգտագործման դեպքում՝ I=1mW/sm2, որից մարդու կողմից կլանվում է 0.005 mW/sm2, ինչը շատ անգամ փոքր է միջազգայնորեն թույլատրելի սահմանից՝ 0.5 mW/sm2»,-պարզաբանում է 14-ամյա Անգելինա Կիրակոսյանը:

Ստացված ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ Bluetooth համակարգն անվտանգ է օգտագործման համար:

«Հիմա փորձում ենք հեռախոսով խոսելիս Bluetooth ականջակալներ կիրառել կամ էլ բարձրախոսով խոսել: Մինչ այս գիտափորձը չէինք էլ ենթադրում, որ կա նման վտանգ»,- հավելում է Անգելինան:  

photo © անձնական արխիվ


Այս հետազոտությամբ երեխաները ներկայացել են նաեւ Հայկական համադպրոցական գիտության փառատոնին:

Հաջորդը 5G-ն է

Արսեն Հախումյանի խոսքով՝ մարդկության կյանքում ոչինչ այնքան չի փոխվել, ինչքան վերջին հարյուրամյակում փոխակերպվել է էլեկտրամագնիսական միջավայրը, որում մենք ապրում ենք:

«Մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, որտեղ հինգերորդ սերնդի հեռահաղորդակցական համակարգերն են: Այս թեմայի շուրջ շահարկումները շատ են, սակայն պետք է ընդունել, որ մարդը գնում է դեպի ավելի արագ կապեր, ավելի ծավալուն ինֆորմացիոն հոսքեր, եւ այս ընթացքը կասեցնել չի ստացվի: Պետք է պարզապես հասկանալ իրական վտանգները եւ թե ինչ միջոցներով կարելի է դրանք կանխարգելել»,- ասում է Արսեն Հախումյանը:

photo © Մեդիամաքս


Նրա դասախոսությունների շնորհիվ աշակերտներն արդեն որոշակի պատկերացում ունեն 5G ցանցի մասին եւ մեծ ոգեւորությամբ պատրաստվում են առաջիկա գիտափորձերը հենց այս ուղղությամբ կատարելուն:

«Հատկապես այն, որ մեղուները դրանից սատկում են, մեզ ստիպում է լուրջ մոտենալ այս հետազոտությանը եւ պարզել, թե ինչն է օգտակար, ինչը վնասակար՝ ունենալով գիտական հիմքեր»,- ասում է Անգելինան:

Նա հավելում է, որ բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն իր մոտ առաջացել է հենց իրենց գիտափորձերի շնորհիվ, եւ հիմա ձգտում է ավելի լավ հասկանալ մեզ շրջապատող երեւույթներն ու դրանց ազդեցությունը մարդկանց վրա:

photo © Մեդիամաքս


Ստարտափի մյուս անդամ Տիգրանն էլ պատմում է, որ բնական գիտությունները դեռ մանկուց է սիրել: Թեեւ նա պատրաստվում է ծրագրավորող դառնալ, սակայն գիտական ոլորտից չի հեռանալու:

«Եթե մենք հիմա շատ ուսումնասիրություններ կատարենք, ապա ապագայում լավ արդյունքներ կունենանք: Այդ արդյունքների շնորհիվ կկարողանանք ներդրումներ ներգրավվել դեպի գիտական ոլորտ, որն էլ թույլ կտա նոր սարքավորումներ ձեռք բերել՝ այլ հետազոտությունների համար»,- հավելում է 15-ամյա պատանին:  

Գայանե Ենոքյան