17:42 | 17.12.21 | Հոդվածներ | exclusive 4258

Dasa2. Հարթակ, որն օգնում է արտերկրում հայ մնալ

«Շատ դժվար է դրսում մնալ հայ հատկապես մեր երեխաների համար, որոնք ծնվել են այլ երկրում: Նրանք դառնում են այն երկրի քաղաքացիներն ու մշակույթի կրողները, որտեղ ծնվել ու մեծացել են»: Ամերիկաբնակ Սամվել Հովհաննիսյանի այս մտահոգությունը ծնեց գաղափար ստեղծելու մի հարթակ, որը սփյուռքահայ երեխաներին կկապի Հայաստանի հետ՝ տալով նրանց հայկական կրթություն:

Արդեն երկու տարի գործող Dasa2 հարթակը միավորում է Հայաստանի ուսուցիչներին ու սովորել ցանկացող սփյուռքահայերին՝ զուգահեռաբար լուծելով ինչպես դասատուների զբաղվածության, այնպես էլ հայապահպանության հարցեր: Dasa2-ի գաղափարի եւ հեռանկարի մասին Մեդիամաքսին պատմել է հարթակի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը:

Անձնական օրինակը

ԱՄՆ-ում ապրելով ինչքան էլ մենք ինքնասիրահարված ասենք, որ մենք հայ ենք, մենք մեր պարերը գիտենք, մենք խաշ ենք ուտում, միեւնույն է, մեր երեխաները դառնում են ամերիկացի, եւ դա անխուսափելի է: Իմ երեք երեխաների օրինակով հասկացա, թե ինչքան կարեւոր է Հայաստանում ունենալ ուսուցիչ եւ ընկեր:


Dasa2-ի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ցանկացա, որ երեխաներս ճապոներեն սովորեն: Այստեղ ասացին, որ դասավանդման ժամը $80 արժե: Հասկացա, որ դասեր կարելի է վերցնել Երեւանից՝ հեռավար եղանակով: Այդպես 3 տարի առաջ երեխաներս սկսեցին սովորել ճապոներեն, շախմատ, հայերեն Հայաստանից դասավանդողների հետ: Մտածեցի, որ գուցե այլ մարդիկ էլ ցանկանան օգտվել նման հնարավորությունից ու որոշեցի ստեղծել դա հնարավոր դարձնող հարթակ: Այս գաղափարն ինձ մոտ որեւէ կասկած չառաջացրեց, վստահ էի, որ լավ է լինելու:

Հայերենից մինչեւ ծրագրավորում

Սկզբում Dasa2-ի աշակերտներ դարձան ընկերներիս երեխաները: Հետո միացան ուրիշ մարդիկ: Երբ առաջին անգամ հայտարարեցի, որ դպրոց եմ բացում, դիմեց 600 դասատու եւ 100 երեխա: Բոլոր երեխաներին ամեն օր 10 զանգով սկսեցի սպասարկել:


Հայոց լեզվի դասավանդումն առաջինն էր: Հետո ավելացան շախմատը, մաթեմատիկան, օտար լեզուներ: Կարեւոր է, որ կարող ես սովորել ֆրանսերեն, բայց Հայաստանի մասնագետը դասավանդի ու հայկական մշակույթ կփոխանցի: Սա հայկական ինքնությունը պահպանելու ձեւ է:


Այս պահին ունենք նաեւ գերմաներենի, արաբերենի, իսպաներենի, իտալերենի, չինարենի, տարբեր երաժշտական գործիքների, ծրագրավորման եւ այլ դասեր:

Ինչպես դառնալ ԴասաTWO

Ամեն օր մեզ դիմում է 20 դասատու: Տեսանյութ են ուղարկում, հետո հարցազրույցի փուլ է լինում: Ամենապահանջվածը հայերենի, շախմատի ու մաթեմատիկայի ուսուցիչներն են, բայց մենք ոչ մի մասնագետի չենք մերժում, չկա առարկաների սահմանափակում, բոլորն էլ կարող են դիմել:

Ունենք դասատուներ Հայաստանի բոլոր մարզերից, նաեւ Արցախից: Մեզ հետ աշխատում են հիմնականում երկու տեսակի մասնագետներ: Առաջինը նրանք են, որ իրենց ոլորտում լավագույններից են՝ առաջատար դպրոցների ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ: Մյուս խմբում էլ մարդիկ են, որ ունեն կրթություն, սակայն չեն դասավանդել, փորձ չունեն, բայց ներդնում են իրենց լավագույն ջանքը:


Ոչ ոքի չենք մերժում, պահում ենք բազայում ու պարբերաբար վերադառնում ենք այդ ցանկին: Թեեւ տաղանդները միանգամից զգացվում են: Մարդը կարող է այնպիսի որակներ ունենալ, որ երեխեքը դասը սկսելուց կես ժամ առաջ էլ Zoom-ը բացեն ու նստեն էկրանի առաջ, անհամբեր սպասեն դասը սկսվելուն:

Միտումնավոր սահմանափակում ունենք ուսուցիչների ընտրության հարցում: Դասավանդողը պետք է պարտադիր Հայաստանում բնակվի: Շատ են դիմում այլ երկրներից` ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ:

Հարթակի հնարավորությունները

Մեր հարթակում կա օնլայն մատյան, որտեղ ուսուցիչները դասեր են տեղադրում, առաջադրանքներ ստեղծում ու տալիս աշակերտներին, որ կատարեն, հետո նույն հարթակով վերադարձնեն տնային առաջադրանքը: Լիարժեք վիրտուալ դպրոց է: Ունենք ամեն ինչ, բացի վիդեոզանգից, որն էլ այլ հարթակների միջոցով ենք իրականացնում:


Դասերը հիմնականում անհատական են: Խմբակայինների դեպքում էլ սահմանափակում ունենք՝ մինչեւ 4 աշակերտ: Հեռավար դասավանդման խնդիրներից մեկն ուսուցչի համար կարող է լինել օնլայն գործիքների թերիմացությունը: Եթե իրականում օգտագործվեն այդ գործիքներն իրենց լավագույն ձեւով, հեռավար դասը կարող է իր արդյունավետությամբ գերազանցել առկա ուսուցմանը:

Առաջնային նպատակը՝ 1000 ինքնազբաղ դասատու

Աշակերտների թիվը 1 000-ից ավելի է: Ամենափոքր աշակերտը 3 տարեկան է, ամենամեծը՝ 85: Հիմնականում դպրոցականներ են՝ 9-16 տարեկան:

Աշակերտներ ունենք Եվրոպայից, Ավստրալիայից, Սինգապուրից, Թայլանդից, Ֆիլիպիններից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Կանադայից: Հիմնականում հայ են, բայց ունենք նաեւ այլազգի աշակերտներ:


Դասատուների թիմն արդեն 200-ից ավելի է: Մեր նպատակն առաջին փուլով ունենալ 1 000 դասատու, որոնք կստանան ամսական $1 000 աշխատավարձ: Կդառնանք Հայաստանի ամենամեծ գործատուներից մեկը: Թեեւ այս պարագայում «գործատու»-ն տեղին բառ չէ, մենք ընդամենը միջոց ենք դասատուների համար դառնալու ինքնազբաղ:

Երեխաների երազանքը կապել Հայաստանի հետ

Երբ երեխաները Հայաստան են գալիս, անպայման հանդիպում են իրենց դասատուներին: Նախորդ տարի 100-ից ավելի նման հանդիպումներ եղան, սա ֆանտաստիկ բան է:

Մեր դասատուներից Մարիամ Մխիթարյանը հրաշալի ձեւակերպեց, որ իր նպատակն այդ երեխաների երազանքները Հայաստանի հետ կապելն ու իրենց հետ բերելն է՝ երկիրը շենացնելու: Երեւի, հենց սա է մեր առաքելության ձեւակերպումը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից