16:21 | 17.01.22 | Նորություններ | 7671

Դիջիթեյնը տեխնոկենտրոն եւ տուն կկառուցի Արցախում

Դիջիթեյն տեխնոլոգիական ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում միանում է տարբեր նախաձեռնությունների, որոնցից է նաեւ Հանրային Հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագիծը։

Ծրագրի շրջանակում Դիջիթեյնի աջակցությամբ նախատեսվում է 2022 թվականին  Արցախում կառուցել 3 սենյականոց բնակարան՝ նախատեսված տունը կորցրած ընտանիքի համար։

Այս պահին «100 տուն Արցախում» նախագրի շրջանակում  պատրաստ է 7 տուն, սակայն նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել նախատեսված 100 տան շինաշխատանքները։

Ասկերանի Դահրավ գյուղի հարեւանությամբ Դիջիթեյն ընկերությունը հանդես է գալիս ոչ միայն բնակարանի կառուցման նախաձեռնությամբ, այլեւ՝ տեխնոկենտրոնի։

Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը նշել է, որ Դիջիթեյնը, լինելով հայաստանյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը, յուրաքանչյուր օր ստեղծելով ծրագրային նորարար լուծումներ՝ կարեւորում է ապակենտրոնացումը եւ մարզերի  զարգացումը հենց տեխնոլորտում:


«Ի վերջո հենց կրթությունն է մեր զարգացման առաջին եւ ամենակարեւոր հիմնասյունը։ Դիջիթեյնի կողմից կառուցվող  տեխնոլոգիական կենտրոնի առկայության դեպքում վստահ եմ, ոչ միայն Դահրավ գյուղի, այլեւ հարակից գյուղի երեխաները հնարավորություն կունենան ստանալու ուսում եւ դառնալու ամենաստեղծարար եւ մրցունակ մասնագետները՝ իրենց աշխատասիրության ու նորարարական մտքի շնորհիվ զարգացնելով մեր երկիրը», - ասել է նա:

Դիջիթաուն նախագծի շրջանակում իրականացվում է «Միտք» տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը՝ նախատեսված  գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար՝ հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված են  ապահովելու ստարտափի աճն ու զարգացումը։

Մանանա Հովակիմյանն ասել է.

«Մեր տաղանդավոր արցախցի երիտասարդները հնարավոր է հենց այս տեխնոկենտրոնում ուսում ստանալուց հետո գեներացնեն գաղափարներ,  ստեղծեն իրենց ստարտափները եւ Դիջիթեյնը մեծ սիրով պատրաստ է ընդունել նրանց «Միտք» ինկուբացիոն ծրագրի շրջանակում՝ օգնելու զարգացնելու իրենց մտահաղացումը, դարձնելու այն մրցունակ, որպեսզի կարողանան դուրս գալ միջազգային հարթակներ եւ նոր շուկաներ գրավել»։