14:57 | 17.01.22 | Նորություններ | 1088

CodeSignal-ը մտադիր է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում

Միջազգային կազմակերպություններին աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ տրամադրող CodeSignal ստարտափն իր թիմում աշխատելու նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ՏՏ մասնագետների համար։

CodeSignal-ն այսօր հայտնել է, որ 2021 թվականն ամփոփել է մի շարք կարեւոր ձեռքբերումներով: Մասնավորապես, Series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց 10 ամիս անց ընկերությունը ստացել է series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։


Ընկերությունում վստահ են, որ այս ներդրումները ընդլայնման եւ աճի մի շարք նոր հնարավորություններ կբացեն։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու եւ նոր գործիքներ ավելացնելու նպատակով ընկերությունը նախատեսում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։

Ի թիվս նախորդ տարվա ձեռքբերումների՝ 2021թ-ին CodeSignal-ը ներառվել է նաեւ The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։

«Ստեղծման առաջին օրվանից CodeSignal-ն օգնում է ԱՄՆ մի շարք հեղինակավոր ընկերությունների գտնել լավագույն մասնագետներին՝ տրամադրելով աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ։ Մենք վստահ ենք, որ այս ոլորտում դեռ շատ գործ ունենք անելու։ Իսկ հավակնոտ նպատակներին հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ»,- ասել է CodeSignal-ի համահիմնադիր Տիգրան Սլոյանը։