17:03 | 26.11.21 | Նորություններ | 9574
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունը մեկնարկում են համատեղ ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար:
Ծրագրի տեւողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:
Ծրագիրն իրականացվելու է ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք է բերվել Գերմանիայի եւ Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Առաջին խմբաքանակն Հայաստանում է:
«Դժվար է խոսել մի ծրագրի մասին, որի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետեւանքով: Այնուամենայնիվ, ներկա իրավիճակը պարտավորեցնում է սթափ վերլուծել առկա խնդիրներն ու լուծումներ փնտրել: Կարեւոր է վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելը: Տղաները պետք է պահպանեն իրենց ոգու ամրությունը: Նրանք այսօր ունեն են ոչ միայն գործիքային կամ մասնագիտական, այլեւ՝ հոգեբանական աջակցության կարիք: Այս ծրագրի հիմքում այդ նպատակների ապահովումն է: Ուզում եմ հավատալ, որ մեզ՝ գործընկերներիս, կհաջողվի վերականգնել վիրավորում ստացած երիտասարդների ինքնուրույնությունը: Դա նրանց կյանքի որակը բարձրացնելու քայլերից մեկն է: Համատեղ ջանքերն անհրաժեշտ են, հոգատարությունը՝ պարտադիր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է, որ վիրավոր զինվորների համար իրականացվելու է ոտքի 70 եւ ձեռքի 30 օրթեզավորում:
«Դրանք լինելու են ժամանակակից դինամիկ օրթեզներ, որոնցով տղաներն ավելի ազատ կքայլեն, կենցաղում կլինեն ինքնուրույն: «Զինվորի տանը» կառուցվելու է նաեւ քայլքի լաբորատորիա, որը հնարավորություն կտա 2D տարբերակով տեսնել եւ ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները՝ արագ ու արդյունավետ լուծելով դրանք»,- ասել է նա:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ՝ օրթեզավորման աշխատանքներն իրականացվելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում՝ տարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապեւտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ եւ հրավիրված այլ նեղ մասնագետներ՝ ըստ ցուցման: