16:42 | 11.11.21 | Նորություններ | 1523
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Վահագն Խաչատուրյանը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը քննարկել են «Tech4Armenia» նախաձեռնության զարգացումները։
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալների, 2020թ.-ին Հայաստանի 9 մարզի շուրջ 100 դպրոցում չեն դասավանդվում որոշ բնագիտամաթեմատիկական առարկաներ՝ պայմանավորված համապատասխան մասնագետների բացակայությամբ։
Խնդիրը մեղմելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկել է «Tech4Armenia» նախաձեռնությունը: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ ԲՏԱ եւ ԿԳՄՍ նախարարությունների հետ, ինչպես նաեւ համախմբելով ոլորտում առկա առաջատար ընկերություններին, ԲՏ ոլորտի մասնագետներին, համապատասխան մանկավարժական որակավորում ստանալուց հետո, կգործուղի Հայաստանի կամ Արցախի դպրոցական համայնքներ։ Գործուղված մասնագետները մանկավարժական գործունեությունը կհամատեղեն իրենց հիմնական աշխատանքի հետ։
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնության հաջող իրագործումը կհանգեցնի կրթության ոլորտում բնագիտամաթեմատիկական որակավորմամբ մասնագետների քանակական եւ որակական աճի ։