10:53 | 11.11.21 | Նորություններ | 1559
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է «Հայաստանում տիեզերական սարքաշինության եւ ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային եւ կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել Հայաստանում ոլորտի առկա ներուժը եւ աջակցել ընկերությունների առաջխաղացմանը, ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնարկային բաղադրիչը (մինչեւ 5 միլիոն դրամ) նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու այն մտահղացումները, որոնք ուղղված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որեւէ մեկի լուծմանը:
Անցումային բաղադրիչը (մինչեւ 20 միլիոն դրամ) նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի, ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու շարունակական բնույթ ունեցող այն ծրագրերը, որոնք ունեն առեւտրայնացման ներուժ, միտված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որեւէ մեկի լուծմանը, ինչպես նաեւ նպաստում են ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը։
Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչը (մինչեւ 50 միլիոն ՀՀ դրամ) նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել հավակնոտ ծրագրի իրականացմանը, որը, ունենալով առեւտրայնացման մեծ ներուժ եւ կրելով կայուն զարգացման բնույթ, էապես կնպաստի ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը (ներառյալ ոլորտային որոշակի ենթակառուցվածքների ստեղծում)։
Ծրագրի երեք բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 200 միլիոն դրամ:
Դիմելու կարգի եւ մասնակցության մանրամասները հասանելի են այստեղ. https://hti.am/main.php?lang=1&page_id=824