16:36 | 10.11.21 | Նորություններ | 14058
Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) ազգային հաղթող Denovo Sciences-ը ընդգրկվել է գլոբալ եզրափակիչ փուլ անցած 25 մասնակիցների թվում եւ կներկայացնի Հայաստանը այս տարվա վերջում Սաուդյան Արաբիայում:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ արտադրանքի նորարարության կենտրոնը (EPIC) հայտնում է, որ Denovo Sciences-ը մրցելու է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների ստարտափների հետ։
Հայաստանի ազգային եզրափակիչ փուլը կայացել էր հուլիսի 24-ին Երեւանում եւ երկու հայկական ստարտափներ՝ Denovo Sciences-ը եւ Zoomerang-ը ընտրվել էին որպես ազգային ներկայացուցիչներ։
«Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս գլոբալ մրցույթին, եւ Հայաստանից երկու ստարտափ ընդգրկվել էր եզրափակիչ փուլ անցածների լավագույն 100-ի թվում։ Այն, որ Denovo Sciences-ը կարողացավ ավելի առաջ գնալ եւ ընդգրկվել եզրափակիչ փուլ անցած 25 մասնակիցների թվում, գերազանցեց բոլոր սպասելիքները: Սա հսկայական ձեռքբերում է Հայաստանի ձեռներեցության ողջ էկոհամակարգի համար»,- ասել է Հայաստանում EWC ազգային համակարգող եւ EPIC-ի տնօրենի օգնական Նժդեհ Հովհաննիսյանը:
Էր-Ռիադում կայանալիք EWC գլոբալ եզրափակիչում կխաղարկվի 500 000 դոլար (առաջին տեղ), 250 000 դոլար (երկրորդ տեղ) եւ 100 000 դոլար (երրորդ տեղ):
100 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական մրցանակներ կշնորհվեն նաեւ «Գաղափարի փուլում» եւ «Սոցիալական ձեռնարկություն» անվանակարգերում ամենաբարձր միավորներ հավաքած ստարտափներին: