16:50 | 05.10.21 | Նորություններ | 4917

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը

Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է 2020 թվականին ներկայացրած «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: «Թանգարանային օրեր»-ի մեկնարկը տրվել է կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում՝ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը հայ մշակութային հարուստ ժառանգությունը ներկայացնելու նպատակով:

Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանը, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանը եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

«Երբ սկսեցինք «Թանգարանային օրեր» նախագիծը, մեծ ոգեւորություն ու հավատ կար, որ մշակութային կարեւոր գործ ենք անում մեր հայրենակիցների համար: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով աշխարհն ամբողջությամբ անցավ օնլայն շփման, եւ մենք էլ որոշեցինք հնարավորություն ընձեռել առցանց շրջելու տարբեր հայաստանյան թանգարաններով եւ ծանոթանալու հայ մշակույթին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավարները՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարեւոր առանձնահատկությունները:

«Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ եւ ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները եւ վայելում մեր մշակութային ժառանգությունը»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական յութուբյան ալիքում: