14:50 | 14.09.21 | Նորություններ | 3419
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի փողոցներում Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, տեղակայվել է լուսադիոդային (LED) 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:
Արդյունքում, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ. գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու երկրորդական 3 փողոց։
«Այս ծրագիրը մի քանի հարց լուծելու հնարավորություն է տալիս: Գյուղերում ենթակառուցվածքներ են զարգանում, մասամբ կրճատվում է մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը, փոխվում է բնության հարցում մարդկանց մտածողությունը. անընդհատ սպառելու փոխարեն՝ խնայելու վերաբերմունք է ձեւավորվում: Եվ այդ ամենը՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է»,- նորակառույց էներգախնայող համակարգի պաշտոնական գործարկման ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ, գյուղական համայնքներում էականորեն կրճատվում է ֆինանսական բեռը: Համայնքային՝ տնտեսված միջոցներն էլ ուղղվում են գյուղական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին:
LED լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:30: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետեւողականորեն շարունակում են ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: