16:59 | 25.08.21 | Նորություններ | 8876

Անվճար տեխնոկրթություն՝ Դիջիթեյնի կողմից

Հայաստանի տեխնոլոգիական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Դիջիթեյնը, հայտարարել է DownTown ակադեմիայի բացման եւ անվճար կրթական ծրագրի մեկնարկի մասին:

Դիջիթեյնի փորձառու ծրագրավորողների եւ տաղանդների զարգացման մասնագետների կողմից մշակված DownTown ակադեմիայի կրթական ծրագրերը նպատակ ունեն ստեղծելու տեխնոլոգիական կրթություն ստանալու նոր հնարավորություններ տաղանդավոր մարդկանց համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Ավելին՝ լավագույնները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու Դիջիթեյնում։

Դասընթացներին դիմել էին շուրջ 3000+ ուսանող՝ Javascript եւ C#  (սկսնակ եւ խորացված մակարդակներ) ուղղություններով:

Լավագույներին ընտրելու գործընթացը բաղկացած էր տրամաբանությունն ու գիտելիքներն ստուգող թեստավորումից եւ հարցազրույցից. այս երկու փուլը հաջողությամբ հաղթահարած 38 ուսանող արդեն իսկ սկսել են C#-ի դասընթացները:

«Դիջիթեյնի առաքելությունն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ մրցունակ մասնագետների կրթությամբ։ Մեծ ոգեւորվածությամբ ենք աշխատում այս ծրագրի վրա, քանի որ այն Դիջիքաղաքի կարեւոր բաղադրիչներից մեկն է», – ասել է DownTown ակադեմիայի տաղանդների ներգրավման թիմի ղեկավար եւ համակարգող Տաթեւիկ Սմբատյանը:


«Հույս ունենք, որ մեր ՏՏ կրթական ծրագիրը խթան կհանդիսանա, որպեսզի երիտասարդները նոր մասնագիտություն ձեռք բերեն եւ իրենց ուժերը փորձեն բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Ընդգծեմ, որ  լավագույն ուսանողները Դիջիթեյնի կողմից կստանա  պրակտիկայի եւ աշխատանքի հնարավորություն», - հավելել է նա:

Դիջիթեյնը հավատարիմ մնալով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված իր առաքելությանը, չի սահմանափակվում միայն կրթական ծրագրով։ Առաջիկայում եւս նախատեսվում են հետաքրքրական նախագծեր։

«DownTown ակադեմիայի հիմնադրումը միտված է ինչպես տաղանդներ գտնելուն, այնպես էլ աջակցելուն, որպեսզի Դիջիթեյնում կրթված տեխնոմարդիկ իրենց տեղը գտնեն տեխնոլոգիական ոլորտում եւ իրականացնեն տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի տեսլականը իրենց նորարար լուծումներով», – ասել է Բաց նորարարության եւ մարքեթինգի հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանը։

DownTown ակադեմիայի դասընթացները իրականացվելու են նորագույն տեխնոլոգիաներով եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած դասասենյակներում` հարմարավետ ուսումնական միջավայր ապահովելու համար:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետեւելով Դիջիթեյնի սոցիալական հարթակներին։