11:32 | 08.07.21 | Նորություններ | 1813
«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը եւ վերջինիս կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը TÜV NORD CERT ընկերության կողմից սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում:
ISO/IEC 27001 ստանդարտը վերաբերում է տվյալների պաշտպանության ոլորտում տեղեկատվության անվտանգությանը ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերին եւ տրվում է դրանց ստեղծման, ներդրման, վերահսկողության ու շարունակական բարելավման ոլորտներում միջազգայնորեն հաստատված ստանդարտների պահպանման համար: ISO 27001-ի եւ IEC-ի ստանդարտներով համատեղ սերտիֆիկացումը նշանակում է անվտանգության առավելագույն աստիճանի համապատասխանություն։
Սերտիֆիկատը տրվել է երեք տարի ժամկետով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման, E-health հավելվածների աջակցության ու սպասարկման համար:
«Նման բարձրակարգ միջազգային ստանդարտացում անցնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Մեր ընկերության համար, որն իրականացնում է ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական կառավարումն ու բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը, միջազգային կարգի այսպիսի սերտիֆիկացումը կարեւոր էր: Այն հավաստագիր է, որը վկայում է բարձր որակի ծառայությունների մատուցման, միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող աշխատանքների մասին»,- ասել է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Մանուկյանը: