13:48 | 28.06.21 | Նորություններ | 4962

Վիվա-ՄՏՍ-ի օգնությամբ Վարդենիկ գյուղում տան կառուցումն ավարտվել է

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքի երկհարկանի տան կառուցումն ավարտվել է:

1992 թվականին, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տանտերը՝ Յուրիկը, յոթ տարի առաջ էր վագոն-տնակի կողքին տան շինարարություն ձեռնարկել, որն ավարտին հասցնել չէր կարողացել:

«Կառուցվող ամեն տան հետ տանտերերի փոխված հոգեվիճակն զգալով` ավելի կարեւոր եմ համարում բնակարանաշինության ծրագիրն ու մեր գործընկերությունը: Այս տարիների ընթացքում, հոգեբանորեն կոտրված շատ ընտանիքների ենք հանդիպել: Երբեմն մի քանի սերունդ նույն վագոն-տնակում կամ էլ կիսակառույցում է մեծացել: Ուրախ եմ, որ հիմա այդ ընտանիքների կյանքում դրական տեղաշարժ է արձանագրվել: Եթե մեզ հաջողվել է հուսահատության մեջ հայտնված մարդկանց հոգում արթնացնել հավատը, ապա մեր գործադրած ջանքներն իզուր չեն: Հիմա նրանք պետք է ձգտեն մոռանալ անցյալի դժվարությունները եւ կառուցեն լավ ապագա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ժողովրդի կենցաղում, վագոն-տնակների առկայությունը չարիք է դարձել: Տարիներ շարունակ, իրավիճակին ստիպված հարմարվելը շատ է փոխել մարդկանց հոգեբանությունը: Այդ ամենը շտկելու եւ մեր հայրենակիցներին աջակցելու համար, համարժեք քայլեր էին պետք: Այս ծրագիրն այդ առումով հաջողություն է արձանագրում: Անկախ ժամանակի թելադրած պայմաններից, մեզ հաջողվում է միասին իրականացնել բնակարանաշինության ծրագիրն ու լիարժեք կյանքի վերադարձնել ընտանիքներին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարեւոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլեւ ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Վագոն-տնակների ապամոնտաժումը եւ ընտանիքներին հենման կետ՝ բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն տալը, կարեւոր նպատակ են դարձել: