14:15 | 25.06.21 | Նորություններ | 14496

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանամուտ են տոնել Ամբերդում

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել Բադալյանների ընտանիքը:

Երկու տասնամյակում երկու վագոն-տնակ փոխած Բադալյանները քարե տուն են կառուցել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում:

«Երբ կա խնդիրները հաղթահարելու ցանկություն, մարդկային կամքը դժվար է կոտրել: Թվում է՝ երկրորդ անգամ վագոն-տնակում հայտնվելուց հետո, այս ընտանիքը պետք է հուսահատվեր, մինչդեռ եղել է հակառակը: Մեկ անգամ անցած ճանապարհով նորից անցնելու տխուր հեռանկարը կտրուկ փոխել է տանտերերին: Նրանք դարձել են ավելի ամուր, հաստատակամ ու վճռական: Ուրախ եմ արձանագրել, որ այս ընտանիքի կյանքում լուսավոր շրջադարձ է եղել: Վստահ եմ, որ նոր առօրյան կփոխի նրանց տրամադրությունը, իսկ անցյալի հուշերը շատ արագ կմոռացվեն: Մեր ծրագրի նպատակը ոչ միայն սոցիալական, այլեւ հոգեբանական բաղադրիչ է պարունակում, ինչն առավել կարեւոր է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տոկունության մարմնավորումն է, մեկը՝ նման բազում ընտանիքներից: Համավարակի ժամանակ, անգամ պատերազմի օրերին մեր ընտանիքները շարունակել են շինարարական աշխատանքները: Ինչ-որ առումով, դա նույնիսկ օգնում էր ընտանիքներին զբաղված մնալ, կառուցել, հուսալ, տոկալ ու հավատալ: Ծանր ժամանակներ ապրեցինք, դեռ ապրում ենք, սակայն կյանքը շարունակվում, է եւ պետք յուրաքանչյուրս անի այն, ինչ կարող է, որ մեր վաղվա օրը ավելի լավը լինի, քան այսօրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, միայն 2020 թվականին կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 96 տուն: Ներդրվել է ավելի քան 230 մլն. ՀՀ դրամ: