18:10 | 19.05.21 | Հոդվածներ | exclusive 22125

Հանդիպել են DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաները» նախագծի հերոսներն ու հեղինակները

Անսովոր ու հետաքրքիր նախաձեռնություն է ներկայացրել DataArt ընկերությունը։ Իր IT թանգարանում DataArt-ը ներկայացրել է նոր ցուցադրություն՝ «Հայաստանի մաթեմատիկական մեքենաները»: Այն հայկական կիբեռնետիկայի ծագման մասին պատմող փաստավավերագրություն է՝ ավելի քան 400 ցուցանմուշով։ Itel.am-ի եւ DataArt-ի համագործակցության շնորհիվ առաջիկա օրերին որոշ նյութեր հայերեն լեզվով կներկայացվեն մեր կայքում: Մինչ այդ Itel.am-ը պարզել է վիրտուալ ցուցահանդեսի ստեղծման, նյութերի հավաքման պատմությունը՝  հանդիպելով գաղափարի հեղինակներին, իրականացնողներին եւ հերոսներին։

Մեկ բաժակ կոնյակի շուրջ

Սեղանի շուրջ հավաքված եւ միմյանց կոնյակով շնորհավորող այս մարդիկ նշում են ոչ միայն վիրտուալ ցուցահանդեսի հաջող մեկնարկը, այլեւ ընթացքն ու միմյանց, վերջապես, հանդիպելու հնարավորությունը։

Նրանք  մեկ տարի շարունակ հավաքել են ցուցանմուշներն ու պատմությունները, օգտվել բոլոր հնարավոր աղբյուրներից ու դիմել բոլոր այն մարդկանց, որոնք կարող էին օգտակար լինել։

Փաստահավաքության ընթացքում պարզվել է, որ նյութերն այնքան շատ են, որ պետք է բաժանել երկու մասի։ Առաջինը միավորել հետպատերազմյան Հայաստանի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման եւ այնտեղ մշակված առաջին համակարգիչների պատմության մեջ, իսկ երկրորդում ներկայացնել 1960-ականների Երեւանի կյանքը դրվագներով։

Սեղանակիցները՝ նախագծի հեղինակներն են ու հերոսները

Արսեն Բաղդասարյան, DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն

Սանկտ-Պետերբուրգի մեր կոլեգաները մի օր նամակ ուղարկեցին, որտեղ, մասնավորապես, գրել էին.

«Մենք պարզել ենք, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում եղել է զարգացած կիբեռնետիկա, մաթեմատիկական մեքենաների գործարան։ Այն, որ այսօր Հայաստանն համաշխարհային IT ոլորտում իր տեղն ունի, արմատները պետք է փնտրել պատմության մեջ։ Ուզում ենք պատմել հայկական կիբեռնետիկայի ահռելի ներուժի մասին, հնարավորինս դրվագաբար ներկայացնելով, թե ինչ է եղել եւ ինչու»։

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Itel.am


Միանգամից համաձայնեցի եւ որոշեցի աջակցել այդ գաղափարին։ Նրանց ծանոթացրեցի հայրիկիս եւ տիկնոջս հոր ընկերների հետ, որոնք ժամանակին եղել են լավագույն մասնագետները, գիտեն իրենց գործընկերներին եւ ոլորտը՝ ծայրից ծայր։

Պլանավորվեց նրանց հանդիպումը, սակայն սկսվեց համաճարակն ու բոլոր զրույցներն ու քննարկումները տեղափոխվեցին վիրտուալ տիրույթ։

Իլյա Կորոբով, DatAart-ի դիզայներ

Երբ հրապարակեցինք նախագիծը, հասկացա, որ սա այն եզակի դեպքերից է, երբ գործդ ավարտում ես ու հասկանում, որ դու արժեքավոր աշխատանք ես կատարել։

Իլյա Կորոբով, DatAart-ի դիզայներ Իլյա Կորոբով, DatAart-ի դիզայներ
photo © Itel.am


Փաստագրել ենք երկրի պատմության մի մասը։ Այս նախագիծը համարում եմ իմ կյանքի ամենահետաքրքիրներից մեկը իմ կյանքում։

Ալեքսեյ Պոմիգալով, DataArt-ի խմբագիրներից

Երբ դրսում ասում եմ «հայկական կիբեռնետիկա», շատերն ասում են. «հավանաբար, շփոթել ես, պետք է ասեիր՝ հայկական ռադիո»։ Ես էլ այն վերստին արտասանում եմ ու սկսում բացատրել, որ հենց «հայկական կիբեռնետիկան»  նկատի ունեմ, որի նմանն ուղղակի չի եղել ամբողջ Խորհրդային Միության տարածքում։

Հայաստանում գուցե չկա նավթ, տնտեսական առումով Հայաստանը գուցե կաղում է, բայց այստեղ եղել է  հրաշալի կրթություն, որի արդյունքում այնպիսի մեքենաներ են ստեղծվել, այնպիսի մասնագետներ աշխատել, որ մազերդ բիզ-բիզ են կանգնում։ Մեկը, օրինակ, Հրաչյա Հովսեփյանն է, որը ստեղծել է «Նաիրի» հայտնի մեքենան։

Ալեքսեյ Պոմիգալով, DataArt-ի խմբագիրներից Ալեքսեյ Պոմիգալով, DataArt-ի խմբագիրներից
photo © Itel.am


Հայաստանի կիբեռնետիկայի զարգացման պատմությունը շատ հետաքրքիր է, դրամատիկ, հաղթական ու մեկը մյուսից ավելի հետաքրքիր հերոսներ ունի։ Նրանց գտել ենք նաեւ Մարկ Գրիգորյանի օգնությամբ եւ արդյունքում  ահռելի մեծ քանակությամբ նյութեր ենք հավաքել, որը որոշեցինք երկմասանոց նախագծով ներկայացնել հանրությանը։

Ռադիկ Անանյան, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի առաջին աշխատակիցներից մեկը, «Արագած» ԷՀՄ-ի մշակման մասնակից

«Մերգելյանի ինստիտուտում» աշխատել եմ ստեղծման առաջին օրից մինչեւ 1976 թվականը։ Մինչեւ հիմա, երբ անցնում եմ ինստիտուտի կողքով, սիրտս արագ-արագ է բաբախում։ Հավատում եմ, որ ինստիտուտը կարող է վերածնվել։
Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, անգամ մեկ րոպե չեմ տատանվել, որովհետեւ սա հրաշալի առիթ էր մարդկանց պատմելու, թե ինչպես են կիբեռնետիկան եւ հաշվիչ մեքենաները ստեղծվել, ինչից ինչ են դարձել։

Ռադիկ Անանյանը Ռադիկ Անանյանը
photo © Itel.am


Խորհրդային միության փլուզումից հետո այդ գործը Հայաստանում կանգ առավ, կան առանձին աշխատանքներ, բայց այն թափը, որ ուներ Մերգելյանի ինստիտուտը, կոտրվեց։ Այն շատ առաջադեմ կենտրոն էր եւ մենք քայլում էինք աշխարհում լավագույնների հետ համաքայլ, առաջին շարքում։ Կանգ առավ ինստիտուտը, խափանվեց մեր քայլերի արագությունը, մենք կանգ առանք։

Ռաֆայել Սարգսյան, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի առաջին աշխատակիցներից

Շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել իմ աշխատանքից, որովհետեւ դրանք գաղտնի բնույթ են ունեցել՝ աշխատել եմ Մերգելյանի ինստիտուտին պատկանող մեքենաների ավտոմատացման ղեկավարման գիտահետազոտական ինստիտուտում։

Ռաֆայել Սարգսյանը Ռաֆայել Սարգսյանը
photo © Itel.am


Ես լաբորատորիայի վարիչ էի, եւ տարբեր ավտոմատացման համակարգերի ստեղծման վրա էինք աշխատում։

Խորհրդային միությունում ռազմարդյունաբերության ավտոմատացման հարցերով մի քանի ինստիտուտ կար, մեկը՝ մերն էր։ Ճակատս բարձր ու հպարտ կարող եմ ասել, որ մեր ամենաբարդ բազմապրոցեսոր համակարգերը ստեղծում էինք հենց մենք։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի