14:57 | 13.05.21 | Հոդվածներ | exclusive 1947

Մարտի դաշտից՝ ծրագրավորման դաշտ. IT-ին միանալու առաջին քայլերը

Լոռու եւ Շիրակի մարզից Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամներին հնարավորություն է ընձեռվել տեխնոլոգիական գիտելիքներ ձեռք բերել եւ տեխնոլոգիական ոլորտում աշխատանք գտնելու առաջին քայլերն անել:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Full Stack ծրագրավորում» 6-ամսյա անվճար դասընթացն այս պահին 24 մասնակից ունի Լոռու, 24՝ Շիրակի մարզերից: Ընդհանուր մասնակիցներից 33-ը պատերազմին մասնակցած երիտասարդներ են, 15-ը՝ ընտանիքի անդամներ:


Հարցազրույցի եւ թեստավորման միջոցով ընտրված մասնակիցները կսովորեն HTML, CSS, JavaScript, Node.js, QA (Quality assurance), System administration ծրագրերի առաջին մակարդակը, պորտֆոլիոների եւ CV-ների կազմման հմտություններ ձեռք կբերեն:

Itel.am-ի հետ զրույցում դասընթացին մասնակից երիտասարդները կիսվել են պատերազմից հետո իրենց որոշումների եւ ՏՏ ոլորտում գիտելիքների կարեւորության մասին:

Մարտի դաշտից ծրագրավորման դաշտ իր հաստատուն քայլերն է որոշել անել վանաձորցի Արա Նազարյանը: Մինչ ծառայության մեկնելն Արան արդեն կողմնորոշված է եղել մասնագիտության հարցում: Ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ:

Արան ասում է՝ ծառայությունն ու այս պատերազմը նոր նպատակներ են դրել իր եւ իր նման շատ տղաների առաջ:

Արա Նազարյանը Արա Նազարյանը


«Ծառայությունից հետ ուսմանս զուգահեռ մասնակցում եմ Full stack-ին: Սա լավ հնարավորություն է ծրագրավորման ուղղությամբ առաջնային գիտելիքներ ձեռք բերելու եւ հետագայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի մասնագիտանալու համար: Գիտեմ, որ ՏՏ ճանապարհով գնալու համար կանգ առնել չկա, պետք է միշտ սովորել, զարգանալ ու մրցունակ մնալ»,- ասում է նա:

Արա Նազարյանը ծառայել է Վայքում, իսկ պատերազմի ժամանակ մարտական ծառայությունն անցել է Ջաբրայիլում:

Դասընթացին մասնակցում է պատերազմում զոհված վանաձորցի Տիգրան Ոսկանյանի քույրը՝ Տաթեւը:

Տիգրանը Վայքում է ծառայել, 2020թ.-ի հոկտեմբերի 19-ին մեկնել է Արցախ, 3 օր տված համառ մարտերից հետո զոհվել Իշխանաձորի մատույցներում:

Տաթեւը պատմում է, որ եղբայրը ծառայության էր մեկնել դպրոցն ավարտելուց հետո եւ չէր հասցրել մասնագիտության ընտրության հնարավորություն ունենալ:

Տաթեւ Ոսկանյանը Տաթեւ Ոսկանյանը


«Եղբորս հետ զրույցներում նրա համար երկու մասնագիտության հարց ենք միշտ քննարկել՝ ծրագրավորում կամ հաշվապահություն: Իրականում ինձ համար հոգեպես դժվար էր մասնակցելը որեւէ դասընթացի, բայց ուժ գտա, մասնակցեցի, թեստն անցա: Հիմա մտածում եմ, որ եղբորս ունեցած նպատակները ես գոնե մի փոքր կփորձեմ իրականացնել»,- ասում է մասնագիտությամբ անգլերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի 25-ամյա Տաթեւը:

Վանաձորի տեղեկատվական կենտրոնում ծրագրավորման հիմունքներ է սովորում 20-ամյա Ամրամ Առաքելյանը, ով Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանող է: Պատերազմի 14-րդ օրը Ամրամը դիմածնոտային վիրավորում է ստացել Հադրութում, տեղափոխվել Երեւան, բուժում ստացել ու վերադարձել ծառայությունն ավարտելու:

Ամրամ Առաքելյանը Ամրամ Առաքելյանը


«Համալսարանում քաղաքացիական եւ արդյունաբերական շինարարության ֆակուլտետում եմ սովորում, բայց կարծում եմ, որ ավելի լավ արդյունքների կհասնեմ, եթե ուսումս համատեղեմ ծրագրավորում սովորելու հետ»,- նշում է նա:

Full stack-ը մասնագիտական կողմնորոշման համար ուղեցույց է դարձել նաեւ Հայկ Աֆրիկյանի համար:

«Դասընթացին մասնակցել եմ ընկերներիս խորհրդով: Ուսումնասիրեցի, հետաքրքրեց, դիմեցի եւ անցա: Դպրոցական տարիներին գնացել եմ ռոբոտաշինության դասընթացների, բայց կարճ ժամանակով: Հիմա տեսնում եմ, թե ծրագրավորում ասվածը որքան բազմաշերտ է: Հետագայում հենց այս ուղղությամբ կշարունակեմ մասնագիտանալ»,- ասում է Հայկը:


Եղնիկների դիրքերում աջ ոտքից եւ ձախ ուսագոտուց վիրավորված գյումրեցի Դավիթ Սարգսյանը դեռեւս բուժման փուլում է, սակայն դա չի խանգարել ՏՏ ուղղությամբ մասնագիտանալու նրա վճռականությանը: Նրա համար այս ուղղությունն այդքան էլ նորություն չէ, քանի որ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման կարճաժամկետ դասընթացների է մասնակցել:

«Մոտ օրերս նախավերջին վիրահատությունս կլինի, բայց վիճակս ինձ չի խանգարում այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: Դասընթացը շատ լավ տարբերակ է՝ հետագայում ծրագրավորման մեջ խորանալ ցանկացողների համար, որպեսզի ճիշտ ընտրեն իրենց ուղղությունը, ինչպես նաեւ Հայաստանում մնան եւ աշխատանքի հարցը լուծեն: Իսկ թե ոլորտում լավ մասնագետներ ունենալու կարիքը որքան ունի մեր երկիրն ու բանակը՝ լավագույնս ապացուցեց պատերազմը»,- նշում է Դավիթը:

Full stack դասընթացն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների միության hյուսիսարեւելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ: Ավարտին լավագույն ուսանողները կունենան պրակտիկայի եւ աշխատանքի հնարավորություն:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների