11:42 | 08.05.21 | Հոդվածներ | exclusive 3801

Նոր մասնագիտություն ԵՊՀ-ում` տվյալների մշակումը ֆիզիկայում եւ AI

Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը տեղեկատվական տեխնոլոգիաներում մասնագիտացած ֆիզիկոսներ կպատրաստի․ «Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելությունն առաջին անգամ հայտարարվում է այս տարի։

Ի՞նչ է առաջարկվում ուսանողին

«Շատ լավ ֆիզիկա իմացող արհեստական բանականության եւ տվյալագիտության մասնագետների պահանջարկը մեծ է։ Այս մասնագիտությամբ կադրեր պատրաստելը երկու առումով է կարեւոր․ մի կողմից ընկերություններում կա նրանց պահանջարկը, մյուս կողմից՝ ֆիզիկա գիտությունը (աստղագիտություն, պինդ մարմնի ֆիզիկա, միջուկային ֆիզիկա եւ այլն) եւս ունի տվյալների մշակմանն ու մեքենայական ուսուցմանը լավ տիրապետողների կարիք»,- Itel.am-ին ասել է Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։

Ռաֆիկ Հակոբյանը Ռաֆիկ Հակոբյանը
photo © Մեդիամաքս


Ակնկալում են, որ առաջին տարում ամեն 20-ից ավելի ուսանող կունենան։ Մասնագիտության համար բուհն անվճար 8 տեղ կհատկացնի, իսկ վճարովի տեղերի համար տարեկան վարձը կլինի մոտ 500 հազ․ դրամ։

Մասնավոր ընկերությունները, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ոչ միայն կկարողանան աշխատանքով ապահովել ուսանողներին, այլեւ հենց ուսումնառության ընթացքում որոշակի ներդրումներ կանեն՝ վարձատրվող պրակտիկաների, իրենց մասնագետների կողմից դասախոսությունների տեսքով։ Ուսումնական ծրագրերում հեռավար կդասախոսեն նաեւ արտասահմանում հաջողությունների հասած հայ գիտնականները, որոնք այժմ էլ զբաղվում են գիտությամբ եւ առաջատար ուղղություններում հետազոտություններ կատարում։

Ռաֆիկ Հակոբյանը Ռաֆիկ Հակոբյանը
photo © Մեդիամաքս


«Սկզբունքն այն է, որ դասախոսություններ են կարդալու ոչ միայն Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները, ավելին՝ 80 տոկոսը լինելու են բնագավառի լավագույն մասնագետները Հայաստանից եւ արտասահմանից»,- ասել է Ռաֆիկ Հակոբյանը։

Ի՞նչ հեռանկար ունի մասնագիտությունը

«Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ղեկավար Մարտին Գրիգորյանը նկատել է, որ ՏՏ-ի՝ վերջին տարիների թռիչքաձեւ զարգացումը  ֆիզիկական բազում երեւույթների նոր բացահայտման պահանջ է ներկայացնում։

«Ֆիզիկայի բազային կրթությունն էական նշանակություն ունի գիտության բազում բնագավառներում։ Նախկինում հայտնի մեթոդները, մաթեմատիկական մոդելավորումը եւ զանազան ալգորիթմներ լիովին բացահայտված չեն, եւ որոշակի բացթողումներ կան։ Ֆիզիկական բազային կրթությամբ, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մեթոդների կիրառմամբ՝ հնարավոր կլինի ունենալ ֆիզիկայի նոր երեւույթների նոր բացահայտումներ»,- ասել է Մարտին Գրիգորյանը։

Մարտին Գրիգորյանը Մարտին Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


Ծրագրի ղեկավարին ուրախացրել է այն, որ ֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանողները, որոնք գիտության վրա հիմնված հաջողակ ՏՏ ընկերություն են ստեղծել, գիտակցում են գիտության դերն ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ։ Նրան հատկապես ոգեւորում է այն փաստը, որ ՏՏ տարբեր ուղղություններում մասնագիտացած եւ հաջողությունների հասած մասնագետներն իրենք են պատրաստակամ դասախոսելու այս ծրագրերում։

«Սպասում ենք լավ ուսանողների։ Ուսումնական պլանում հատուկ կուրսեր ենք ներառել՝ նեյրոնային ցանցեր, արհեստական բանականության հիմունքներ, տվյալների մշակում եւ բազայի ստեղծում։ Ուսումնական պլանը շատ ճկուն է լինելու, մենք այն պարբերաբար թարմացնելու ենք՝ համաշխարհային միտումներին եւ զարգացումներին համապատասխան։ Առաջին դասախոսությունը կարդալու է մեր լավագույն շրջանավարտներից Մուշեղ Ռաֆայելյանը, թեման՝ տվյալների մշակումը եւ արհեստական բանականության դերը՝ արդի տեղեկատվական տեխնոլոգիաներում, հատկապես՝ օպտիկական հարցերում։ Այնպես որ, ուսանողը հենց առաջին օրից կիմանա՝ ինչո՞ւ է եկել եւ ո՞ւր, կոգեւորվի, իսկ հաջորդ տարիներին նոր ուսանողներ ներգրավելու հարցն արդեն ինքնըստինքյան կլուծվի»,- ասում է Մարտին Գրիգորյանը։

Նա նշել է, որ Ֆիզիկայի ֆակուլտետից ունիվերսալ կադրեր են դուրս գալիս նաեւ այսօր, որովհետեւ ստանում են հիմնարար գիտելիքներ։ Հետագայում աշխատանք գտնելու խնդիրը նրանց համար ավելի հեշտ լուծելի է․ ծայրահեղ դեպքում ծրագրավորող կարող են դառնալ, բայց կարող են եւ լավ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ դառնալ, գիտությամբ զբաղվել ու ՏՏ առաջատար ընկերություններում պահանջված մասնագետներ լինել։ Այսպիսով՝ նոր մասնագիտությունը նոր դուռ կարող է բացել ապագա գիտական հաջողությունների եւ հռչակավոր գիտնական դառնալու ճանապարհին, ինչպես նաեւ բարձր վարձատրությամբ եւ ոչ ձանձրալի աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։

Ֆիզիկայի ֆակուլտետը համագործակցության նախնական պայմանավորվածություններ ունի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ի, Instigate design-ի, Xilinx Armenia-ի, SADA Systems-ի,  Krisp-ի եւ այլ ընկերությունների հետ։

Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետն այս տարի ընդունելություն է հայտարարել նաեւ «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» մասնագիտությունով, որով կադրեր կպատրաստվեն ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոնների, ձեռնարկությունների, ինչպես նաեւ քաղաքացիական գիտական, ինժեներական, տեխնոլոգիական եւ արտադրական կազմակերպությունների համար։

Մարի Թարյան