11:19 | 28.04.21 | Հոդվածներ | exclusive 26802

RIOsys. հայկական ստարտափը թույլ կտա ստեղծել նորարար լուծումներ՝ էներգետիկայի ոլորտում

RIOsys ստարտափը, որը շաբաթներ առաջ դարձավ «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագրի հաղթող, մոդուլյար եւ վերածրագրավորվող ապարատային հարթակ է: Այն հնարավորություն է տալիս ճարտարագետներին եւ հետազոտողներին կատարել տարբեր ոչ ստանդարտ հետազոտություններ եւ ստեղծել լուծումներ՝ էներգետիկայի ոլորտում ոչ ստանդարտ խնդիրների համար:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը նշել է, որ թիմը բաղկացած է 6 անդամից:

«Ի տարբերություն շուկայում առկա պրոդուկտներից, RIOsys-ը շուրջ 4 անգամ ավելի էժան է, ունի ներդրված ծրագրային միջավայր՝ էներգետիկ բազային չափումների եւ անալիզների համար, ինչը զգալիորեն հեշտացնում է դրա հետ աշխատանքը: Բացի դա, ապագայում նախատեսվում է արհեստական բանականությամբ ծրագրային միջավայրի ներդրում, ինչը հնարավորություն կտա ճարտարագետներին ստեղծել նոր լուծումներ՝ հիմնված նեյրոնային ցանցերի վրա»,- նշում է Գեւորգ Փարսյանը:


RIOsys-ի առաջնային թիրախային հաճախորդները գիտահետազոտական կենտրոնները եւ տեխնիկական համալսարաններն են, որոնք ունեն էներգետիկայի բաժին: Երկրորդային շուկան ինդուստրիալ կազմակերպություններն են, որոնք տարբեր լուծումներ են ստեղծում էներգետիկայի ոլորտում:

Խոսելով «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագրի մասին, Գեւորգ Փարսյանը նշում է, որ դրա շրջանակում առիթ են ունեցել շփվել տարբեր մենթորների հետ, որոնք թիմին օգնել են բիզնես մոդելի մշակման եւ պրոդուկտը ճիշտ ներկայացնելու հարցերում: Ծրագրի ապագա մասնակիցներին թիմը երկու խորհուրդ է տալիս՝ մասնակցել բոլոր սեսիաներին եւ չընկճվեն շատ հարցեր տալուց:


RIOsys-ի թիմն առաջիկայում ծրագրում է կատարել հարթակի սերտիֆիկացիա եւ իրականացնել վաճառքներ:

«Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) եւ Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով եւ՛ տեխնիկական, եւ՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim «Կլիմայի փոփոխություն տեխնոլոգիական աքսելերացիա»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության կողմից, Ասիական Զարգացման Բանկի վենչուրային ֆոնդի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:

Նարինե Դանեղյան