15:25 | 22.04.21 | Հոդվածներ | exclusive 3201

Ծննդյան նվերը. «Արմաթ»-ն արդեն նաեւ Եղվարդում է

««Արմաթ»-ում մենք դաստիարակում ենք ոչ թե ինժեներ, այլ հայ ինժեներ: Մենք փորձում ենք աշակերտին դաստիարակել այնպես, որ նա հասկանան՝ ինքն է իր համայնքի, իր պետության հույսը, եւ ոչ ոք դրսից չի գալու, որ կայացնի մեր պետությունը»,- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հիմնադրի՝ Կարեն Վարդանյանի այս խոսքերը մեջբերում է Աննա Դանիելյանը Եղվարդ քաղաքում «Արմաթ» աշխատանոցի բացման միջոցառման ժամանակ:

Եղվարդը Հայաստանի վերջին քաղաքն էր, որ չուներ «Արմաթ» լաբորատորիա: Այս բացը լրացվեց միասնական դրամահավաքի շնորհիվ, որ նախաձեռնել էր Աննան՝ իր ծննդյան նվերի փոխարեն նվիրատվության կոչ անելով ընկերներին:

Itel.am-ը ներկա է գտնվել ապրիլի 21-ին Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի բացման միջոցառմանն ու ներկայացնում է դրա նախապատմությունը՝ որպես համայնքային զարգացման գործում անհատի դերն ընդգծող օրինակ:

Կարեւորը համախմբումն է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել եւ իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: Այս աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը եւ մաթեմատիկային։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում գործում են շուրջ 575 աշխատանոցներ, որոնց թիվը շարունակում է լրացվել:

photo © Մեդիամաքս


Եղվարդը Հայաստանի վերջին քաղաքն էր, որում չէր գործում «Արմաթ» խմբակ: ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու, ծնունդով Եղվարդից Աննա Դանիելյանը վաղուց էր երազում, որ իր հայրենի քաղաքում աշակերտները եւս հնարավորություն ունենան հաճախելու «Արմաթ» աշխատանոց՝ ձեռք բերելով ռոբոտաշինության, ծրագրավորման, 3D մոդելավորման հմտություններ:

«Մտածում էի, որ ես պետք է բացեմ Եղվարդում «Արմաթ» լաբորատորիա, ասում էի՝ մեծանամ, հարստանամ, բիզնես դնեմ, փող հավաքեմ ու բացեմ: Հետո պարզվեց, որ այդ ամենի կարիքն ամենեւին էլ չկար: Ընդամենը նախաձեռնել է պետք, որովհետեւ միանգամից շատ լավ մարդիկ են հայտնվում ու սկսում օգնել: Կարեւորը մարդկանց համախմբումն է, եւ «Արմաթը» հենց դրա մասին է՝ մենք պետք է համայնք ձեւավորենք»,- հիշում է Աննան:

Աննա Դանիելյանը Աննա Դանիելյանը
photo © Մեդիամաքս


900 դրամից՝ $7000

Մարտի 18-ից՝ իր 23-ամյակից մեկ շաբաթ առաջ, Աննան որոշում է սկսել դրամահավաք՝ նվերներ ստանալու փոխարեն իր հարազատ դպրոցին «Արմաթ» նվիրելու նպատակով: Նրա խոսքով՝ ընկերներն արդեն ունեին նման փորձ՝ Դվին գյուղում դրամահավաքով ստեղծված «Արմաթը», եւ այդ հարցում իրեն շատ օգնեցին:

«Մի քանի օր շարունակ չէր ստացվում ֆեյսբուքում Fundraiser բացել, իսկ մյուս հարթակներով ավելի դժվար կլիներ կարճ ժամանակում հավաքել անհրաժեշտ գումարը: Հայաստանից դա անել հնարավոր չէ, Եվրոպայից չստացվեց, ԱՄՆ-ից բացելիս էլ ինչ-որ տեխնիկական խնդիրներ էին առաջանում: Ծննդյանս նախորդ օրն անտրամադիր էի, որովհետեւ ոչ մի կերպ չէր ստացվում իրականացնել մտադրությունը: Հետո զանգեց Էլեոնորա Զախարյանն ու ասաց՝ ստացվել է: Հիմնական գումարը շատ կարճ ժամանակում հավաքվեց: Ընկերներս, «Արմաթ» համայնքն օգնեցին, որ հրապարակումը լայն տարածում ստանա: Դպրոցից էլ շատ արագ կապվեցին ինձ հետ ու իրենք էլ շատ օգնեցին»,- պատմում է Աննան:

photo © Մեդիամաքս


Նրա քարտային հաշվին փոխանցումներ եւս եղել են: Աննային շատ հուզել է 900 դրամ  փոխանցումը, որ ուղեկցվում էր հետեւյալ նամակով. «Ներողություն, որ չկարողացա ավելի շատ փոխանցել»:  

Մինչեւ ապրիլի 1-ը հավաքվում է անհրաժեշտ գումարը՝ մոտ $7000: Բացման միջոցառման ընթացքում Աննան եւս մի հրաշալի նորությամբ է կիսվում՝ Vmware ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը հայտնել էր, որ հավաքված գումարը կրկնապատկում են: Այդպիսով, Եղվարդ քաղաքում շուտով կբացվի նաեւ 2-րդ «Արմաթ» լաբորատորիան՝ ավելի մեծ հնարավորություններ ընձեռելով համայնքին:

photo © Մեդիամաքս


«Կյանքը միայն քաղելու մասին չէ»

ԱՏՁՄ գործադիր  տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն իր ելույթում ընդգծում է, որ Աննայի նախաձեռնությունը պետք է բոլորի համար օրինակ լինի:

«Աննան ցանկանում էր մի բան վերադարձնել իր դպրոցին՝ 11 տարի իրեն կրթելու համար: Պետք է հիշել, որ կյանքը միայն քաղելու, ստանալու մասին չէ, պետք է նաեւ մենք ցանենք ու վերադարձնենք մեր ծնողներին, ընկերներին, համայնքին: Այս մոտեցումը շատ կարեւոր է»,- նշում է նա:
Րաֆֆի Քասսարջյանը հավելում է, որ պատերազմից հետո արդեն 11 նոր լաբորատորիա են հիմնել, եւ այդ կերպ պետք է շարունակել առաջ նայել՝ հիշելով, որ «յուրաքանչյուրս մեր տեղն ունենք մեր երկրի ու ազգի ապագան կերտելու գործում»:

Րաֆֆի Քասսարջյանը Րաֆֆի Քասսարջյանը
photo © Մեդիամաքս


Աշակերտների ոգեւորությունը

Աշակերտների հետաքրքրվածությունն արդեն նկատելի էր. խմբակ հաճախելու գրանցման համար հերթեր կային: Արդեն գրանցվածներից էր ավարտական դասարանի աշակերտ Աշոտ Սիրոյանը, որ չնայած դպրոցական լինելուն, արդեն իսկ աշխատում է որպես ծրագրավորող:

««Արմաթ»-ի մասին վերջին երկու ամսում տեղեկացա՝ Աննայի դրամահավաքի շնորհիվ: Դասավանդման ձեւաչափն ինձ շատ է դուր գալիս: Այստեղ միայն մեկ ուղղություն չէ, որ սովորեցնում են, մի քանի տարբեր ուղղություններով կարելի է հմտանալ՝ ռոբոտաշինություն, մոդելավորում, ծրագրավորում: Չնայած որ հիմա ակտիվորեն պատրաստվում ենք ընդունելության քննություններին, բայցեւայնպես, ընկերներիս հետ, անպայման, հաճախելու ենք»,- նշում է Աշոտը՝ հավելելով, որ ակնկալում է խմբակում ստանալ ռոբոտաշինության ավելի խորացված գիտելիքներ այնքան, ինչքան որ կհասցնի, քանի որ ամռանն արդեն բանակ է զորակոչվելու:

Աշոտ Սիրոյանը Աշոտ Սիրոյանը
photo © Մեդիամաքս


Լաբորատորիա հաճախելու համար աշակերտներից կազմվելու են 16-18 հոգանոց խմբեր, խմբերի քանակի սահմանափակում չի լինելու: Կարեւոր է, որ երեխաներն իրենց ազատ ժամանակի մի մասը խմբակում անցկացնելու ցանկություն հայտնեն:  Հայաստանի եւ Արցախի տարածքում շուրջ 15 հազար երեխա արդեն իսկ ընդունել է նման որոշում:

... Որ չլքենք հայրենիքը

«Պատերազմից հետո «Մարզերի երեխաները մարզերում» նախագծով գնացինք Գորիս՝ երեխաների հետ խոսելու: Այնտեղ բավականին լարված իրավիճակ էր: Զրույցի ընթացքում հարցրինք՝ որտեղ են պատկերացնում իրենց ապագան: Մեծ մասը նշում էին՝ Գորիսից դուրս, որովհետեւ վտանգավոր է, հեռանկար չեն տեսնում, նաեւ Հայաստանից դուրս գալու մասին էին ասում: Սա, բնականաբար, հասկանալի է, որովհետեւ բոլորս էլ առաջինը մեր անվտանգությունն ու բարեկեցությունն ենք փորձում ապահովել, հետո միայն հասնում բարձր գաղափարների: Բայց որոշ ժամանակ երեխաների հետ աշխատելով հասկացանք, որ դա իրենց ցանկությունը չէ, իրենց պարտադրված ցանկությունն է համայնքից դուրս գալը, որովհետեւ բոլորն իրենց ասել են՝ չկա հեռանկար, դրսից ինչ-որ մեկը պետք է գա ու ստեղծի այդ հեռանկարը: Դա սուտ է»,- պատմում է Աննան:

photo © Մեդիամաքս


Նրա կարծիքով՝ վերջացել է այն ժամանակը, երբ մենք պետք է նայենք դուրս ու ասենք՝ օգնենք մեզ: Մենք պետք է ոտքի կանգնենք ու ձեւավորենք համակարգ՝ համայնք, որ բաղկացած կլինի միմյանց ու համայնքի մասին հոգ տանող մարդկանցից: Այն կտա ընտանիքի զգացում ու այնպես կանի, որ դու երբեք չես ցանկանա լքել Հայաստանը:

Այդպես նաեւ իր հետ է եղել: Աննան հիշում է, որ արտերկիր մեկնելու, այնտեղ սովորելու եւ աշխատելու նպատակներ ուներ, սակայն աշխատելով ԱՏՁՄ-ում եւ հնարավորություն ստանալով զրուցելու Կարեն Վարդանյանի հետ, նրա հայացքները շատ փոխվեցին:

photo © Մեդիամաքս


«Կարենի հետ զրույցներից հասկացա, որ մինչ այդ հայրենասեր չեմ եղել: Հենց նա է ինձ սովորեցրել հայրենասիրություն: Իրականում այս նախաձեռնության հիմքում եւս Կարենի հետ զրույցներն են: Գաղափարը սկիզբ էր առել այն ժամանակ, երբ մի անգամ գնում էինք Կոտայքի մարզում լաբորատորիաներից մեկը հիմնելու: Այդ ժամանակ մարտի 8-ին մոտ օրերն էին: Կարենն ասում էր, որ շուտով բոլորը ծաղիկներ են նվիրելու, որոնք հետո թառամելու են, իսկ ծաղիկների գներն էլ դե շատ բարձր են տոն օրերին: Ասում էր՝ պետք է արշավ սկսել՝ «Նվիրի´ր «Արմաթ» քո ընկերուհուն», գոնե մի օգուտ կլինի այդ ամենի մեջ, որովհետեւ ազգային մտածելակերպ նույնիսկ այդ հարաբերություններում է պետք: Այդպես, մենք որոշեցինք առիթներ ստեղծել՝ մարդկանց ասելու, որ «Արմաթ» կարելի է նվիրել սեփական համայնքին՝ նպաստելով համայնքային զարգացմանը»,- հիշում է Աննան:

Այս պատմությունն ընդամենը մեկ օրինակ է, որը սակայն կարող է օվկիանոս լցնել, եթե յուրաքանչյուրս գիտակցնեք մեր դերը հայրենիքի անվտանգության ու բարօրության գործում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի