16:40 | 06.04.21 | Հոդվածներ | exclusive 2212

Հայկական Safe YOU հավելվածը կյանքեր է փրկում. Forbes-ի անդրադարձը

Նախորդ տարի գործարկված Safe YOU հայկական հավելվածը, որը ձգտում է դառնալ սեռով պայմանավորված բռնության կանխարգելման համակարգային լուծում, այսօր արդեն կյանքեր է փրկում:

Ամերիկյան հայտնի Forbes պարբերականը վերջերս անդրադարձել է հայկական հավելվածին՝ ներկայացնելով մի կնոջ փրկության պատմություն: Itel.am-ը կապվել է Safe YOU-ի համահիմնադիր Մարիամ Թորոսյանի հետ՝ տեղեկանալու հավելվածի հաջողության մանրամասներին:

HELP կոճակը՝ վտանգի պահին

Safe YOU հավելվածը առավել ակտիվ գործում է Վրաստանում՝ հավելվածի սեփականատեր Impact Innovations Institute կազմակերպության արտոնագրով:
Ընկերության գործադիր տնօրեն, հավելվածի համահեղինակ Մարիամ Թորոսյանի խոսքով՝ այժմ Վրաստանում Safe YOU-ի օգտատերերի թիվը շուրջ 5000 է:

«Այն ժամանակահատվածում, երբ մենք պետք է Հայաստանում մեկնարկեինք հավելվածի խթանման աշխատանքները, սկսվեց պատերազմը, եւ բնականաբար, դրանք ընդհատվեցին: Միեւնույն ժամանակ Վրաստանում արտոնագրված ընկերությունը լիարժեք կենտրոնացած էր հավելվածի հանրայնացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, մեզ համար զարմանալի էր, որ այսքան կարճ ժամանակահատվածում կունենանք նման արդյունք»,- պատմում է նա՝ հիշատակելով Forbes-ի հոդվածում ներկայացված փրկված կնոջ պատմությունը:

Safe YOU-ի մասին Forbes-ի հրապարակման հիմնաքարը փաստաբանի վկայությունն է, որի պաշտպանյալ կինը՝ մանկահասակ երեխայի մայրը, իր նախկին ամուսնուց պարբերաբար սպանության սպառնալիքներ էր ստանում: Նա չէր ցանկանում դիմել ոստիկանություն, այդ պատճառով էլ իրավապաշտպանը նրան խորհուրդ է տալիս բջջային հեռախոսում ունենալ Safe YOU հավելվածը՝ հնարավոր հարձակման ժամանակ HELP ահազանգող կոճակը սեղմելու համար:

photo © Safe YOU


«Դրանից մի քանի օր անց կնոջ նախկին ամուսինը սակավամարդ վայրում հարձակվում է նրա եւ երեխայի վրա՝ փորձելով սպանել: Ինչպես հետագայում կինն է նկարագրում, երբ ամուսինը մոտենում է եւ սկսում հարվածել, ֆիզիկապես անհնար էր զանգահարել ոստիկանություն, իսկ զանգահարելու դեպքում էլ դժվար կլիներ բացատրել գտնվելու վայրը: Հնարավոր եղավ աննկատ սեղմել հավելվածի HELP կոճակը, որով ահազանգող նամակ ուղարկվեց ոստիկանություն՝ տեղորոշման տվյալների հետ միասին: Հետաքրքրականն այն էր, որ կնոջ խոսքով՝ նախկին ամուսինը չի էլ նկատել, որ ինքն ինչ-որ գործողություն է կատարել, մինչդեռ ոստիկանություն զանգի պարագայում կարող էր կամ փախուստի դիմել, կամ ավելի ինտենսիվ շարունակել իր գործողությունները: Ոստիկանության արագ ժամանումը դեպքի վայր տղամարդու համար անակնկալ էր»,- մանրամասնում է Մարիամ Թորոսյանը:

Շրջադարձ դատական գործում

Հատկանշական է նաեւ հավելվածի մեկ այլ գործառույթի՝ ավտոմատ ձայնագրման համակարգի դերը, որը միանում է անմիջապես կանչի կոճակի սեղմումից հետո: Այժմ, տեղի ունեցած գործով մեկնարկել է դատական գործընթաց, որում որպես ապացույց ներկայացվել է նաեւ հավելվածով արված ձայնագրությունը:

«Դատն ընթանում է սպանության փորձի հոդվածով, որի համար հիմք է դարձել Safe YOU-ով արված ձայնագրությունը: Դրա բացակայության դեպքում դժվար կլիներ ապացուցել, որ կատարվածը հենց սպանության, այլ ոչ պարզապես մարմնական վնասվածքներ հասցնելու փորձ էր: Դատարանն այս ապացույցը համարում է շրջադարձային՝ գործի ելքի համար»,- նշում է Մարիամ Թորոսյանը:

«Փրկության պատմությունները շատ են»

Նրա խոսքով՝ Վրաստանում հավելվածի HELP կոճակը սեղմվել է շուրջ 2900 անգամ: Ենթադրաբար, դրանց առնվազն 10 %-ն իրական դեպքեր են: Ընկերությունում չեն կարող ստույգ խոսել այդ մասին, քանի որ ըստ իրենց քաղաքականության՝ անձնական տվյալների հասանելիություն չունեն: Հավաքագրում են միայն ընդհանուր տվյալներ, որոնցով ոչ մի անձ չի նույնականացվի:

photo © Safe YOU


«Համոզված ենք, որ փրկության պատմությունները շատ են, պարզապես նկարագրվածն այն դեպքն էր, երբ կինն անձամբ է հանրայնացրել իր պատմությունը:

Նա գրառում էր կատարել սոցիալական ցանցի մի խմբում, որտեղ մի քանի հարյուր հազար կանայք կան: Մենք եւս այդտեղից ենք տեղեկացել դեպքի մասին, հետո զրուցել նրա իրավապաշտպանի հետ: Շատ ուրախացանք, որ պատերազմական շրջանում թե´ աշխարհի, թե´ առավել եւս մեր հարեւանների կողմից նման անմարդկային վերաբերմունքի պայմաններում մենք կարողացել ենք ստեղծել մի լուծում, որ հակառակ իմաստով է ծառայում հանրությանը՝ կյանքեր է փրկում»,- ասում է հավելվածի համահիմնադիրը:

Նա ընդգծում է՝ իրենց համար Forbes-ի անդրադարձում հատկապես կարեւոր էր այն, որ հիշատակվում էր հավելվածի Հայաստանում ստեղծված լինելը: Այժմ աշխատում են հավելվածը Հայաստանում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ, քանի որ, ցավոք, հետպատերազմյան շրջանում բռնության ցուցանիշը սովորաբար աճում է:

Հայաստանյան իրավիճակ

«Վրաստանում հավելվածի հաջողության գրավականն այն է, որ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալ փաստաբաններ, որոնք աշխատում են նման խնդիրներ ունեցող կանանց հետ, եւ հավելվածից օգտվելը հենց նրանց խորհուրդն է»,- կարծում է Մարիամ Թորոսյանը:

Հայաստանում հավելվածն ունի 500-ից ավելի օգտատեր, իսկ իրական կանչերը 50-100-ի շրջանակում են: Դրանցից եւ ոչ մեկը չի ուղղորդվել ոստիկանություն, ահազանգող նամակի հասցեատերերը հիմնականում օգտատիրոջ անձնական շրջապատից են՝ ընկերներ, բարեկամներ: Այս առումով Impact Innovations Institute հիմնական խնդիրներից է աշխատել հասարակական կազմակերպությունների ու ոստիկանության հետ, որպեսզի ինստիտուտները եւս վստահելի դառնան վտանգի մեջ գտնվող օգտատերերի համար:

photo © Safe YOU


Տնտեսապես անկախ

Դեռեւս 2019 թվականից, երբ Safe YOU-ի աշխատանքներն արդեն մեկնարկել էին, հեղինակները մտածում էին նաեւ տնտեսական գործիքներով լուծումներ մշակելու շուրջ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ բռնությունը մեծապես հետեւանք է հենց սոցիալական վատ պայմանների: Այժմ Մարիամ Թորոսյանն ու իր թիմն աշխատում են նոր՝ Free You նախագծի ուղղությամբ, որը կօգնի կանանց ցուցաբերել տնտեսական ակտիվություն:

Մարիամ Թորոսյանի խոսքով՝ մշակելու են այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն կանանց գտնել աշխատանք, բարելավել աշխատանքային պայմանները, սկսել ձեռնարկատիրական գործունեություն կամ էլ զարգացնել այն:  

«Մի կողմից, երբ կինը բռնության միջավայրում է, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու իր հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այս առումով փորձելու ենք օգնել խորհրդատվությամբ, հզորացնել եւ սովորեցնել կանանց՝ ինչպես ճիշտ կառուցել հարաբերություները, ինչպես կանխարգելել բռնությունը, խնդրից ազատվելուց հետո ինչպես վերադառնալ տնտեսապես ակտիվ կյանք: Մյուս կողմից էլ, թեեւ չկա բռնության միջավայր, բայց տնտեսական զարգացման հնարավորությունները շատ չեն՝ օգնելու ենք հասկանալ՝ ինչպես բարելավել սոցիալական պայմանները, ցուցաբերել տնտեսական ակտիվություն, որն էլ իր հերթին էլի բռնության կանխարգելիչ դեր կունենա»,- ամփոփում է նա:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ Safe YOU-ի