17:06 | 04.03.21 | Հոդվածներ | exclusive 31544

Lumbercraft հայկական խաղը՝ App Store-ի եւ Play Store-ի առաջատար

Հայաստանյան Noor Games ընկերության ստեղծած Lumbercraft մոբայլ խաղը համաշխարհային հաջողության է հասել App Store-ում եւ Play Store-ում՝ առաջ անցնելով, օրինակ Zoom-ից եւ TikTok-ից:

Ամերիկյան Play Store-ում խաղը հասել է առաջին հորիզոնական՝ հավելվածներ բաժնում, իսկ ամերիկյան App Store-ի խաղեր բաժնում հասել է հետեւյալ հորզոնականներին. iPad` առաջին տեղ, iPhone` երկրորդ տեղ, բոլոր հավելվածների մեջ` երրորդ տեղ:

Խաղի հրատարակիչը Voodoo ֆրանսիական ընկերությունն է, որը վերջին տարիներին, որպես հիպերքեժուալ ժանրի խաղերի հրատարակիչ, աշխարհում միանձնյա առաջատարն է։ Noor Games-ի թիմը Lumbercraft-ի վրա աշխատել սկսել է 2020թ. հոկտեմբերի 22-ին:


Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ խաղը 2 շաբաթում ավելի քան 7 մլն ներբեռնում է գրանցել, ինչը կարեւոր նվաճում է այս ժանրի խաղի համար:

«Այս ժանրի ոչ բոլոր հաջողակ խաղերն են կարողանում հասնել նման ցուցանիշի: Հաճախ թոփ 30-ում հայտնվելն արդեն հաջողություն է համարվում»,- նշում է Նարեկը:

Lumbercraft-ը փայտահայտ է, որը փայտ է կոտրում եւ այն օգտագործելով՝ սկսում է փոքրիկ գյուղաքաղաք կառուցել: Նրա վրա թշնամիներ են հարձակվում, ու նա ստիպված է պաշտպանվել: Դրա համար նրան պետք է գումար եւ փայտ հայթայթել եւ զարգացնել իր կերպարն ու քաղաքը:

Lumbercraft-ն անվճար է: Այն կարելի է ներբեռնել App Store-ում եւ Play Store-ում: Խաղը ստեղծել  է Noor Games-ի 5 հոգանոց թիմը: Նարեկը նշում է, որ թիմի համար շատ բարդ է եղել եւ որ այս հաջողությունը երկար տարիների աշխատանքի արդյունք է:

«Երեք տարի շարունակ տասնյակ խաղերի նախատիպեր ենք մշակել մեր թիմով եւ անընդհատ ինչ-որ բան այն չի եղել: Lumbercraft-ը մեր ստեղծած 60-րդ խաղի նախատիպն էր, նախորդ 59-ը անգամը մեզ մոտ չէր ստացվել: Կարող եմ ասել, որ եթե ժամանակին հուսահատվեինք, եւ, օրինակ, 45-րդ նախատիպը մշակելիս կանգ առնեինք, չէինք հասնի այս աննախադեպ հաջողությանը»,- ընդգծում է Նարեկը, հավելելով, որ շարունակում են բարելավել խաղը, նոր գործառույթներ ավելացնել եւ լուծել առաջացող խնդիրները:

Նարինե Դանեղյան