12:43 | 02.02.21 | Հոդվածներ | exclusive 13415

Global Game Jam-ը 5-րդ անգամ միավորեց խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին

Հունվարի 29-31-ը Հայաստանում 5-րդ անգամ կազմակերպվեց Global Game Jam (GGJ) խաղերի ստեղծման համաշխարհային հաքաթոնը: Միջոցառման կազմակերպիչներին էին Noor Games-ը եւ ՀԱՀ EPIC ստարտափ ինկուբատորը։

Itel.am-ը Noor Games-ի հիմնադիր, Global Game Jam-ի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանի հետ ամփոփել է միջոցառումը:

57 գրանցված մասնակից եւ 12 խաղ

Միջոցառումն այս տարի հասկանալի պատճառներով անցկացվում էր առցանց: Նարեկ Աղեկյանը նշում է, որ 57 գրանցված մասնակիցներ ստեղծել են 12 խաղ։ Խաղերին կարելի է ծանոթանալ այստեղ:


«Տարեցտարի մասնակիցների քանակի ու խաղերի որակի աճ ենք նկատում, որը մեզ շատ է ոգեւորում։ Սակայն այս տարի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում միջոցառումը կազմակերպվեց առցանց եւ արդյունքում գրանցումների թիվը զգալի քիչ էր։ Հայաստանի դեպքում մեծ ազդեցություն ուներ նաեւ հետպատերազմական վիճակը։ Չնայած դրան, պետք է ասեմ, որ մեզ համար հաճելի անակնկալ էր եւ՛ ստեղծված խաղերի քանակը, եւ՛ որակը»:  


Նարեկ Աղեկյանը նշում է, որ յուրաքանչյուր միջոցառմանը ներգրավում են մենթորների, որոնք լինելով փորձառու մասնագետներ, կարծիք են հայտնում խաղերի գաղափարների մասին եւ օգնում մասնակիցներին։ Այս հանգամանքը, նրա խոսքով, միջոցառման որակի վրա մեծ ազդեցություն է թողնում:



Խաղերի ոլորտը եւ Հայաստանի զարգացման տեսլականը

«Մենք Noor Games-ում վստահ ենք, որ խաղերի ոլորտը ապագայում մեծ ներդրում է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման մեջ՝ ստեղծելով աշխատատեղեր տարբեր ոլորտի մասնագետների համար (նկարիչներ, երաժիշտներ, անիմատորներ, գրողներ, ծրագրավորողներ, խաղերի նախագծողներ եւ այլն) եւ գեներացնելով զգալի եկամուտ։ Այդ պատճառով ամեն տարի հայտարարում ենք խաղային ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին։ Այս տարի, մասնավորապես, հայտարարեցինք մոտ 20 թափուր աշխատատեղի մասին»,- նշում է Նարեկ Աղեկյանը:

Խոսելով աշխարհում խաղերի ոլորտի վիճակի մասին, նա անդրադարձել է SuperData-ի տվյալներին, որոնց համաձայն, թվային խաղերի ինդուստրիան 2020թ. աճել է 12%-ով՝ հասնելով $126.6 մլրդ: Դրա գերակշիռ մեծամասնությունը (58%) գեներացրել են մոբայլ խաղերը։

«Դեռ 2019թ.-ին վիդեո խաղերի գլոբալ շուկան գերազանցել էր կինո եւ երաժշտական ինդուստրիաներին միասին վերցրած։ Օրինակ, hyper-casual խաղերի շուկան գերազանցել է $1 մլրդ-ը։ Նշեմ, որ հաջողված hyper-casual խաղ հաճախ ստեղծվում է 1-3 հոգով՝ կարճ ժամանակում, իսկ այդպիսի խաղերը կարող են աշխատել միլիոնավոր դոլարներ։ Մեզ ոչինչ չի խանգարում ունենալ բազմաթիվ այսպիսի փոքրիկ թիմեր, որոնք սակայն կարող են մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Վերջիվերջո խաղերը մտքի արտադրանք են միայն, եւ մենք այստեղ չօգտագործված մեծ պոտենցիալ ունենք: Մասնավորապես այդ պոտենցիալի իրագործման համար է, որ կազմակերպում ենք GGJ-ն»,- նշել է նա:

GCon կոնֆերանսը՝ փետրվարին

Նարեկ Աղեկյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում թիմն աշխատել է կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Այս ամիս էլ արդեն երկրորդ անգամ կկազմակերպվի խաղերի ստեղծմանը նվիրված ամենամյա GCon կոնֆերանսը:


«Նախորդ տարի ունեցանք 13 բանախոս եւ 500-ից ավելի մասնակից։ Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում կա շատ մեծ հետաքրքրություն ոլորտի նկատմամբ։ Այս տարի, պանդեմիայի պատճառով, այն նույնպես կլինի օնլայն։ Որոշել ենք մի փոքր փոխել ձեւաչափը ու կազմակերպել ոչ թե մեկօրյա միջոցառում, այլ պատրաստվում ենք բանախոսների ելույթները ներկայացնել յուրաքանչյուր շաբաթ օր եւ դրանք հեռարձակել YouTube-ով։ Սա ավելի շատ ժամանակ կտա բանախոսներին պատրաստվելու համար, կներգրավի ավելի մեծ լսարան եւ կօգնի ավելի հեշտ ընկալել մատուցվող նյութը։ Շատ շուտով կհայտարարենք առաջին ելույթի օրը»,- նշել է նա:

Նարինե Դանեղյան