12:26 | 29.12.20 | Հոդվածներ | exclusive 36612

Էմոցիոնալ եւ մարտահրավերներով լի 2020-ը Telcell-ում

Կորոնավիրուս, պատերազմ, անորոշություն․ հայաստանյան գրեթե բոլոր ընկերությունները այսօր էլ շարունակում են աշխատել նման պայմաններում ու լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակում։

Itel.am-ն անցնող տարին ամփոփում է «Թել-Սել» ընկերության HR բաժնի ղեկավար Մարիետա Սաֆարյանի եւ մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանի հետ։

Գուցե չվազեցինք, բայց քայլեցինք

Ընկերության HR բաժնի ղեկավար Մարիետա Սաֆարյանի գնահատմամբ՝ թիմի ամրությունը եւ ուժեղությունը օգնել են ընկերությանը հաղթահարել այս տարվա բոլոր անծանոթ փուլերը՝ կարանտին, պատերազմ եւ այլն։

«Այո, քայլեցինք, գուցե չվազեցինք, բայց քայլեցինք: Կարեւորը չընկանք՝ ուժեղ կորիզ ունեցող թիմի շնորհիվ»,- նշում է նա։

«Թել-Սել» ընկերության HR բաժնի ղեկավար Մարիետա Սաֆարյանը «Թել-Սել» ընկերության HR բաժնի ղեկավար Մարիետա Սաֆարյանը


Տարին բարդ էր՝ էմոցիոնալ առումով

«Արդեն մարտ ամսին, երբ հայտարարվեց կարանտին, որոշում կայացրինք, որ թիմի գրասենյակային մասը տեղափոխվում է տնից աշխատանքի ռեժիմի։ Ունեինք բաժիններ, որոնց աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պետք էր ստեղծել տնից աշխատելու պայմաններ, օրինակ՝ զանգերի սպասարկման, ծրագրային ապահովման ստորաբաժանումները եւ այլն»,- պատմում է Մարիետա Սաֆարյանը։

Թիմի համար այդ գործընթացը, Մարիետայի խոսքով, սթրեսային էր, սակայն թիմը հեշտ ադապտացվող է, ինչի շնորհիվ արհեստական խնդիրներ չստեղծվեցին։

«Անորոշություն էր, որի միջով բոլորս առաջին անգամ անցանք։ Սա մարդկանց հարմարավետության գոտուց հանելու եւ լրիվ անհասկանալի միջավայր տեղափոխելու փուլ էր։ Մինչ այդ սովոր էինք գրասենյակից աշխատանքի ռեժիմին։ Այս վիճակը հաղթահարեցինք, կարող եմ ասել, որ գործը դրանից չտուժեց։ Պանդեմիայի ողջ ընթացքում ունեցանք նոր աշխատակիցներ։ Ես եւս նրանց թվում էի։ Հիմա պետք է հաղթահարենք աշխատանքի գրասենյակային ռեժիմին վերադառնալու փուլը (ծիծաղում է.- հեղ.)»։

Հաջորդ բարդ փուլը սկսվեց պատերազմի հետ միասին, որը էմոցիոնալ առումով շատ դժվար էր հաղթահարել։

«Աշխատում էինք՝ աշխատելու համար, հետո հասկացանք, որ կոտրվելու իրավունք չունենք»,- ասում է Մարիետա Սաֆարյանը։

Telcell տերմինալններն աշխատանքը չեն դադարել նույնիսկ ամենադժվար օրերին

Ընկերության մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանի խոսքով՝ չնայած աննախադեպ մարտահրավերներին, ընկերությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով։

«Ընդլայնվել է Telcell-ի թե՛ տերմինալային ցանցը, թե՛ տերմինալներում վճարումների ընդհանուր բազան։ Չեմ կարող ասել, որ կորուստներ չեն եղել՝ վճարումների անկման տեսքով, բայց դրանք սպասվածից քիչ էին։ Տարվա ամենամեծ ձեռքբերում եմ համարում այն, որ կարողացել ենք պահել ու զարգացնել ցանցը»,- նշում է Արթուր Խաչատուրյանը։

«Թել-Սել» ընկերության մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանը «Թել-Սել» ընկերության մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանը


Ընկերությունը, անկախ տարվա բարդությունից, տարեսկզբին նոր գրասենյակի ձեռքբերման եւ նորոգման գործընթաց էր սկսել ու արդեն տեղափոխվել է նոր, ավելի հարմարավետ գրասենյակ։

«Ամենօրյա ռեժիմով աշխատող թիմերը (ինկասացում, տերմինալների տեխնիկական սպասարկում) ոչ մի վայրկյան չեն դադարել գործել, ինչի արդյունքում մեր ցանցում տերմինալները երբեւէ չեն դադարել աշխատել, նույնիսկ ամենադժվար օրերին»,- նշում է նա։

Արթուր Խաչատուրյանի խոսքով՝ պատերազմի օրերին թիմից շատ տղաներ մեկնել են ռազմաճակատ։

«Մի պահ նաեւ կորոնավիրուսով վարակվածների թիվն էր նաեւ ավելացել, եւ ստացվեց այնպես, որ տեխսպասարկման ու ինկասացման թիմի կեսը պատերազմ էր մեկնել, մյուս կեսն էլ՝ կորոնավիուսով վարակվել։ Սակայն նույնիսկ այդ ժամանակահատվածը կարողացանք պատվով հաղթահարել։ Ունեցանք կորուստներ առաջնագծում՝ անհետ կորած եւ երկու վիրավոր»,- պատմում է նա։

Արթուր Խաչատուրյանը հավելում է, որ պատերազմի ընթացքում ընկերությունը կորցրել էր Արցախի ցանցը։ Այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում, ու մինչեւ տարեվերջ Արցախում տերմինալային ցանցն ամբողջովին կվերականգնվի։

Telcell Wallet-ը 2020թ. դարձավ շատերի օգնականն ու ընկերը

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը կարանտինի շրջանում դարձավ շատ շատերի օգնականը, քանի որ կարեւոր էր խուսափել կանխիկ գումարի հետ շփումից, բայցեւ կարողանալ ժամանակին իրականացնել անհրաժեշտ վճարումներն ու փոխանցումները: Իսկ պատերազմական օրերին մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցեցին համահայկական դրամահավաքին` փոխանցումներ կատարելով Telcell Wallet-ով, ինչն ընկերությունը մեծապես խրախուսում էր` իր «500+500 դրամ ԱՄԵՆ ՕՐ» արշավով։

Ընդլայնվող թիմ, շատ աշխատանք

Ընկերության HR բաժնի ղեկավար Մարիետա Սաֆարյանը Telcell-ի այս տարվա կարեւոր ձեքբերումներից է համարում թիմի համալրումը նոր մասնագետներով։ Աշխատանքը եւս շատացել է՝ թե՛ ծավալի, թե՛ բովանդակության առումով։

«Սա կարեւոր է՝ հաշվի առնելով այն, թե տարվա ընթացքում որքան կրճատումներ եղան Հայաստանում, եւ որքան բիզնեսներ փակվեցին»,- նշում է նա։

Մյուս ձեռքբերումը նոր գրասենյակի ստեղծումն է. այսուհետ թիմն աշխատելու է ավելի հարմարավետ ու հաճելի միջավայրում, ինչը կնպաստի նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը՝ հօգուտ Telcell-ի հաճախորդների առավել հարմարավետության:

Նարինե Դանեղյան