17:16 | 28.02.20 | Հարցազրույցներ | exclusive 150218

Նարեկ Աղեկյան. Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտը մեծ հեռանկարներ ունի

Հայաստանում խաղաստեղծների համայնքը 2020թ. բավական ակտիվ սկսեց, ինչին նպաստեցին հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին կայացած երկու միջոցառումները՝ խաղերի ստեղծմանը նվիրված GCON կոնֆերանսը եւ Global Game Jam Armenia հաքաթոնը:

Itel.am-ը Noor Games-ի հիմնադիր, GCON-ի եւ Global Game Jam-ի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանի հետ ամփոփել է կայացած միջոցառումները եւ խոսել ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

- Որքանո՞վ արդարացան սպասելիքները GCON կոնֆերանսից եւ Global Game Jam Armenia հաքաթոնից:

- GCON 2020 համաժողովը խաղերի ստեղծմանը նվիրված առաջին կոնֆերանսն էր Հայաստանում: Հունվարի 25-ին կոնֆերանսը մեկ հարկի տակ հավաքեց խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին: Կազմակերպիչներն էին Noor Games-ը եւ ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC):

GCON-ի ընթացքում կայացան ելույթներ եւ պանելային քննարկումներ: Ունեցանք ավելի քան 500 մասնակից, 9 բանախոս եւ պանելային քննարկում՝ 5 պանելիստներով: Ինչ վերաբերում է թեմաներին, ապա դրանք թե՛ տեխնիկական էին, թե՛ խաղերի նկարչությանը եւ նախագծմանը վերաբերող:

Կոնֆերանսի գլխավորը մեսիջը հետեւյալն էր. «Նույնիսկ հանճարները համագործակցում են»։ Նպատակը՝ խաղաստեղծների հայաստանյան համայնքում համագործակցության մակարդակը բարձրացնելն էր։

Մասնակիցների շրջանում հարցում ենք անցկացրել, որի արձագանքները շատ դրական են, հետեւաբար՝ պլանավորում ենք կոնֆերանսը դարձնել ամենամյա ավանդույթ՝ կազմակերպելով Global Game Jam Armenia-ից մեկ շաբաթ առաջ։

Անդրադառնամ նաեւ Global Game Jam Armenia հաքաթոնին, որն արդեն 4-րդ անգամ էր կազմակերպվում Հայաստանում։ 115 մասնակից ունեցանք, իսկ ներկայացված խաղերի քանակը 25-ն էր։

48 ժամ տեւողությամբ հաքաթոնի համակազմակերպիչներն էին Noor Games-ը, ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) եւ Rockbite Games-ը:

- Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին հաքաթոնի ընթացքում:

- Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ներկայացված խաղերը մի փոքր ավելի քիչ էին, բայց դրանց որակն ավելի բարձր էր։ Հատկանշական է, որ ամեն տարի նկատվում է խաղերի որակի բարձրացում։ Այս տարի 7 մենթոր ունեինք, որոնք օգնում էին թիմերին:

Նշեմ իմ վարկածով մի քանի հիշարժան խաղեր, որոնք ներկայացվել են հաքաթոնի ընթացքում: Նորարարական խաղային մեխանիկայով ներկայացված լավագույն խաղերն էին՝ UnCrack, Repair The Room:

Ամենազվարճալի խաղերից կառանձնացնեմ Doctor I've got a problem-ը, Repair The Jammer-ը, իսկ լավագույն Art խաղերից՝ Revival-ը, The Last of Vikings-ը:

Նշեմ, որ 2019թ. մասնակից թիմերից մեկը, որի ստեղծած The heaviest matter of the universe խաղը  Rockbite Games-ի կողմից լավագույնն էր ճանաչվել Best Game անվանակարգում, ներկա էր այս տարվա հաքաթոնին եւ տեղեկացրեց, որ շուրջ 9 ամիս շարունակ աշխատել է խաղի վրա եւ շուտով շուկա կհանի board game տարբերակը։

- Ի՞նչ մարտահրավերներ կան խաղերի ստեղծման ոլորտում այսօր եւ ինչպե՞ս է պետք պայքարել դրանց դեմ:

- Հիմնական մարտահրավերն այն է, որ Հայաստանում խաղերի ստեղծման մասնագիտությունը լուրջ չի ընկալվում եւ ոլորտ նոր մտնողները նախընտրում են այլ մասնագիտություններ, որոնք իրենց ավելի հասկանալի են: Գուցե խաղերի ստեղծում անունն է ոչ այնքան լուրջ թվում:

Պետք է հասկանալ, որ սա շատ լուրջ մասնագիտություն է, որտեղ սովորելու շատ բան կա: Իսկ անլուրջ վերաբերմունքը բերում է նրան, որ ոլորտում չափից ավելի շատ խաղեր են ստեղծվում, որոնք որոշ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ են եւ ձախողում են:

Այս շատ լուրջ մասնագիտությունը Հայաստանում դեռ այնքան էլ հայտնի եւ ճանաչելի չէ: Ցանկանում ենք տարբեր միջոցառումների միջոցով իրազեկել աշակերտներին, ուսանողներին՝ ոլորտի հեռանկարների մասին:

- Որքանո՞վ են ոլորտում գործող ընկերությունները համագործակցում՝ ի շահ ոլորտի զարգացման:

- Գործող ընկերությունները բավական լավ են տրամադրված, բայց համագործակցության մակարդակի մասով աճելու տեղ ունենք:

Երբ առաջին Global Game Jam Armenia հաքաթոնն էինք կազմակերպում, համագործակցության մակարդակը շատ ավելի ցածր էր: Այսօր շփման շատ ավելի լավ առիթներ են ստեղծված, հետեւաբար՝ ճիշտ ճանապարհի վրա ենք:

Երկու հիմնական միջոցառումներից բացի, տարվա ընթացքում ունենում ենք բազմաթիվ պանելային քննարկումներ, հանդիպումներ՝ Armenian Game Developers ասոցիացիայի շրջանակում: Օրինակ, 2019թ. 6 նման հանդիպում ենք կազմակերպել: Այս տարի նույն տեմպով շարունակելու ենք՝ ստեղծելով պարբերաբար հանդիպելու, քննարկելու եւ փորձով կիսվելու առիթներ:

Նարեկ Աղեկյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը