15:16 | 18.05.21 | Հոդվածներ | exclusive 27437

AR Trails հավելվածը լրացված իրականությամբ համեմված քայլարշավային փորձառություն կնվիրի

Հայաստանում ստեղծված AR Trails մոբայլ հավելվածը միտված է հեղափոխել քայլարշավային փորձառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Հավելվածը այցելուին տրամադրում է տվյալ արահետի հետ առնչվող բնության, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ եւ այլ տեսակի տեղեկատվություն աուդիո, վիդեո, ֆոտո, 3D, անիմացիա եւ այլ ձեւաչափերով` օգտագործելով լրացված իրականությունը (AR):

AR Trails-ի համահիմնադիր Արսեն Գասպարյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ քայլարշավորդը կարող է բեռնել հավելվածը, ընտրել արահետի իր նախընտրելի փաթեթը եւ սկսել քայլարշավը: Երբ նա մոտենա տվյալ կետում տեղադրված մեդիա բովանդակությանը, ապա նրա հեռախոսը GPS համակարգի միջոցով տեղորոշելով գտնվելու վայրը, կտեղեկացնի նրան՝ ուղարկելով ծանուցում: Այնուհետեւ այցելուն կարող է դիտել եւ լսել բովանդակությունը:

Հավելվածի առաջին տարբերակը գործարկվել է շուրջ կես տարի առաջ: Այն հասանելի է Google Play Store-ում եւ App Store-ում:


Արսենի խոսքով, հավելվածի միջոցով կարելի է բացահայտել Ստեփանավանի դենդրոպարկը, որտեղ էլ ստեղծվել է լրացված իրականությամբ առաջին արահետը:  

«Հաշվի առնելով, որ մայիս-հունիս ամիսներին հազարավոր համաքաղաքացիներ այցելում են դենդրոպարկ, բոլորին խորհուրդ եմ տալիս բեռնել հավելվածը եւ ճանաչել դենդրոպարկի կենսաբազմազանությունն ու պատմությունը մեր հետ միասին: Ներկայումս, մեր թիմն աշխատում է նոր արահետների վրա:

Շուտով, Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ հավելվածում հասանելի կլինեն Դիլիջան ազգային պարկի «Պարզ լիճ – Գոշ լիճ» եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Վահագնի եւ Աստղիկ ջրվեժներ տանող արահետների փաթեթները: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, այցելուները շուրջ մեկ ամիս անց հնարավորություն կունենան բացահայտել Սյունիքի բնության եւ պատմամշակութային գանձերը՝ «Լեգենդների արահետ»-ի Սատանի կամուրջ բնության հուշարձանից Տաթեւ տանող հատվածում»:

AR Trails-ը հիմնադրվել է 2020թ.՝ 4 համահիմնադիրների կողմից:

«Մեր թիմը, կարծում եմ, մեր ուժեղ կողմերից է, քանի որ այս գաղափարի շուրջ հավաքվել են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ: Արման Աթոյանը AR/VR տեխնոլոգիաների ոլորտի առաջամարտիկներից է: Սարգիս Աղայանը կենսաբան է, ով ներգրավված է բազմաթիվ հասարակական եւ բիզնես նախագծերում: Աշոտ Դավթյանը քայլարշավային ոլորտի փորձագետ է: Ունի հարուստ փորձառություն քայլարշավային արահետների նախագծման եւ սպասարկման ոլորտում»,- նշում է Արսենը՝ հավելելով, որ ինքն էլ բնապահպանության եւ էկոտուրիզմի ոլորտից է:

AR Trails-ի հիմնական պատվիրատուներն են պահպանվող տարածքները՝ ամբողջ աշխարհում, քայլարշավային եւ արկածային տուրիզմով զբաղվող կազմակերպությունները, էկոտուրիզմի ոլորտի հասարակական եւ միջազգային կազմակերպությունները, որոնք կպատվիրեն լրացված իրականությամբ արահետ իրենց տարածքներում։ Հիմնական օգտագործողներն են քայլարշավորդները եւ զբոսաշրջիկները:

Արսենի խոսքով, առաջնային փուլում իրենց հիմնական շուկան Հայաստանն է, սակայն կարճ ժամանակահատվածում ծրագրում են ապահովել հավելվածի եւ ծառայությունների առաջխաղացումն ամբողջ աշխարհում:

«Արդեն սկսել ենք քննարկել համագործակցության տարբերակներ Կենտրոնական Ասիայի ու Արեւելյան Եվրոպայի երկրների գործընկերների հետ: Ներկայումս մասնակցում ենք ՝ «M1TQ» եւ «Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա» եռամսյա ինկուբացիոն ծրագրերին: Նախատեսում ենք նաեւ զարգացնել մոբայլ հավելվածը եւ իրականացնել նորարարական լուծումներով նախագծեր», - հավելել է նա: