15:48 | 14.05.21 | IT պատանիներ | exclusive 31945

IT պատանիներ. Արգամի ստեղծած գիտական ասիստենտը եւ ապագան հայրենիքում

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

15-ամյա Արգամ Ամիրաղյանն իր հայրենի քաղաք Նոյեմբերյանում ընկերների հետ ստարտափ է հիմնել՝ տեխնոինժեներական լաբորատորիա։ Itel.am-ը պատանու հետ զրուցել է նրա այս եւ այլ նախագծերի մասին։

Protolab-ը Նոյեմբերյանում

Դեռ 2-3 տարի առաջ ընկերներով սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք մեր սեփական գումարը վաստակել՝ դրան զուգահեռ ինչ-որ լավ բան անելով։ Այդ ժամանակ արդեն 4 տարի է հաճախում էինք Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիա։ Դրա համար էլ որոշեցինք հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնել մեր ստարտափը՝ Protolab-ը, որը մեզ կապահովի եկամտով եւ քաղաքում կստեղծի նոր աշխատատեղեր։  

Protolab-ն իրենից ներկայացնում է 3D տպիչներով, լազերային հաստոցներով, հզոր համակարգիչներով հագեցած լաբորատորիա, որը սկզբնական շրջանում զբաղվելու է երկու հիմնական ուղղություններով՝ 3D տպիչների հաստոցների միջոցով դեկորատիվ իրերի արտադրություն եւ freelance գործունեություն։ Վերջինիս միջոցով կապեր ենք հաստատելու արտասահմանյան ընկերությունների, պատվիրատուների հետ, առաջարկելու 3D մոդելավորման, 2D դիզայնի եւ ծրագրավորման ծառայություններ՝ այդ կերպ դրսից եկամուտ բերելով դեպի Հայաստան։

Գաղափարը կյանքի կոչելու համար ես եւ ստարտափի համահիմնադիր ընկերներս՝ Հայկ Բուդաղյանն ու Հրանտ Ղազինյանը, սկսել ենք դրամահավաք GoFundMe հարթակում։ Անհրաժեշտ 15 000 ԱՄՆ դոլարից 10 000-ն արդեն հավաքվել է։

Համայնքապետարանն էլ մեզ սենյակ է հատկացրել՝ սեղաններով եւ աթոռներով։
Ամբողջ գումարը հավաքվելուց հետո կպատվիրենք անհրաժեշտ սարքերը եւ միանգամից ամբողջ թափով կսկսենք մեր գործունեությունը՝ կյանքի կոչելով այն բոլոր տեխնոլոգիական նախագծերը, որոնք ստեղծում ենք «Արմաթ»-ում եւ տարբեր IT մրցույթների շրջանակում։

photo © Մեդիամաքս


Պատանի մասնագետներ

Այժմ մեր թիմով շարունակում ենք զարգացնել մեր հմտությունները՝ գաղափարների իրագործման համար։ Հրանտն ավելի հմտացած է 3D մոդելավորման ուղղությամբ, Հայկը՝ դիզայնի, ես էլ ծրագրավորման, սակայն զուգահեռաբար խորացնում ենք մեր գիտելիքներն ինժեներության ոլորտում, որպեսզի չունենանք միայն մեկ մասնագիտացում, այլ լինենք մոդելավորող-ինժեներ, դիզայներ-ինժեներ, ծրագրավորող-ինժեներ։

Արդեն իսկ տիրապետում եմ Python ծրագրավորման լեզվին, որն օգտագործվում է արհեստական բանականության ոլորտում։ Աշխատել եմ նաեւ 3D տպիչներով եւ լազերային հաստոցներով։

Գիտական ասիստենտ՝ ռազմական նշանակության

Digicode 2021-ի «Սարքերի ինտեգրում» անվանակարգում ներկայացրի իմ ստեղծած գիտական ասիստենտը, որն անվանակոչել եմ Iosifyan Assistant՝ ի պատիվ հայ մեծանուն գիտնական Անդրանիկ Իոսիֆյանի։

Իմ ստեղծած գիտական ասիստենտը կարող է օգտագործվել եւ՛ ռազմարդյունաբերության, եւ՛ գիտական ոլորտում, որպեսզի գիտնականին օգնի ավելի հեշտ կատարել հաշվարկները։ Ռազմական ոլորտում կիրառման համար այն ունի երկու հիմնական գործառույթ, որոնք դեռ նախատիպ են։ Առաջինը հրանոթի արկի հետագծի որոշումն է կոնկրետ հեռավորության վրա։ Երկրորդն էլ այն է, որ աքսելերոմետրի եւ գիրոսկոպի սենսորից ստացած տվյալներով կարելի է որոշել կառավարվող հրթիռի կամ դրոնի թեքվածության աստիճանը X Y առանցքների նկատմամբ:

Այս տեխնոլոգիան կարող ենք օգտագործել գերճշգրիտ հրթիռներ ստեղծելու մեջ, որպեսզի արձակված մեկ հրթիռը բավական լինի թիրախը ոչնչացնելու համար։ Համակարգից ստացած տեղեկության շնորհիվ կարող ենք կատարել հրթիռի, դրոնի ճիշտ կառավարում։

Մրցույթի ժյուրին որոշակի նկատառումներ ուներ՝ կապված հաշվարկների առավել ճշգրիտ լինելու հետ։ Ոգեւորիչ էր ժյուրիի անդամների, հատկապես Արման Պողոսյանի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը։ Բոլոր խորհուրդներն ու նկատառումներն ընդունելով՝ փորձելու ենք ստեղծել ռազմական նշանակության ճշգրիտ համակարգ, որում հաշվի առնված կլինեն բոլոր արտաքին գործոնները։

photo © Մեդիամաքս


Հավակնոտ գաղափարներ

«Արմաթ» հաճախելու 6 տարիների ընթացքում շատ տարբեր նախագծեր եմ ստեղծել, թիմով տարբեր ռոբոտներ ենք հավաքել։ Բացի այդ, մեր դպրոցի համար «խելացի» զանգ ենք ստեղծել, որով էլ հիմա հնչում է դպրոցի զանգը։ Դրան կա կցված էկրան, որին պատրաստվում ենք ավելացնել դասաժամերի քանակը, առարկաների անունները եւ ժամատախտակը։

Նոր նախագծեր ստեղծելու գաղափարները շատ են։ Մտածում ենք օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները, օրինակ՝ արեւային էներգիան օգտագործել power bank-երում եւ ստեղծել գեներատորներ, որոնք մարդկանց կապահովեն էլեկտրաէներգիայով՝ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ։ Պլանավորում ենք նաեւ սկսել դրոնների փորձարկում եւ արտադրություն։

Ներկա պահին ունենք բազային գիտելիքներ՝ այս գաղափարներն իրագործելու եւ գումար աշխատելու համար, սակայն մշտապես շարունակում ենք կատարելագործվել, զբաղվել ինքնուսուցմամբ։ Անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաների այս դարում շատ կարեւոր է անընդհատ զարգացնել հմտությունները եւ տեղում չդոփել։

Նկատել եմ, որ «Արմաթ» հաճախելով միտքս դարձել է ինժեներական, ամեն ինչին ավելի կոնստրուկտիվ եմ նայում։ Ինժեներական մտածելակերպն ինձ օգնում է նաեւ բիզնեսի հարցում, երբ մտքումս նախագծում ու հաշվարկում եմ քայլերս։

Ապագան Նոյեմբերյանում

Ես միանշանակ կարող եմ ասել, որ ապագաս ամբողջովին կապված է լինելու Նոյեմբերյանի հետ։ Քաղաքիցս կբացակայեմ միայն ուսումնառության նպատակով, որն ավարտելուց անմիջապես հետո կվերադառնամ ու կշարունակեմ իմ գործունեությունը։

Ուզում ենք նոր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի «Արմաթ»-ի սաները կարողանան իրենց գիտելիքներով գումար վաստակել, նոր հնարավորություններ ունենան՝ չնայելով իրենց դիրքին, գտնվելու վայրին, ոչ էլ կարմիր կամ այլ գույնի դիպլոմին։

Գլխավոր երազանքս կապված է իմ հայրենիքի հետ։ Ես ցանկանում եմ ապրել բոլորիս երազած երկրում, որտեղ գիտությունն ու մշակույթը կլինեն առաջնայինը։

Հենց սրանց զարգացումով կարող ենք ունենալ բոլորիս երազած հզոր հայրենիքը ու չհպարտանալ միայն փառահեղ անցյալով, այլեւ ներկայով ու ապագայով։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի